ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում երեկ շարունակվեցին 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հաջորդ տարի 6 տոկոսով կավելանան նախագահական նստավայրին պետական բյուջեի հատկացումները: Ինչպես երեկ հայտարարեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, դա պայմանավորված է էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների փոփոխությամբ, ինչպես նաեւ` աշխատավարձերի նոր համակարգի ներդրմամբ: Ըստ այդմ, նախագահականին կհատկացվի 236 մլն դրամ:
Փաստորեն, գազի ու լույսի սակագների բարձրացման հետեւանքները զգացվում են նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմում: Եվ քանի որ երեկ խոսք եղավ աշխատավարձերի բարձրացման մասին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչու պետք է բարձրանա պաշտոնյաների աշխատավարձը. «Ի՞նչ պետք է անեք, որ կտրուկ բարձրացող աշխատավարձը համապատասխանի ձեր գործառույթներին»: Ահա այստեղ էլ Վ. Սարգսյանը մի սրտառուչ ճառ ասաց. նախ՝ հայտարարեց, թե իր աշխատավարձը բարձրացնողը ոչ թե ինքն է, այլ խորհրդարանը: «Ինչ վերաբերում է իմ աշխատավարձին, ապա ես չգիտեմ` աշխատավարձի ինչպիսի բարձրացում կարող է ապահովել առավել արդյունավետ աշխատանք, բացի աշխատանքային նկարագրով նախատեսված պարտավորություններից՝ պետք է լինի լիարժեք նվիրում աշխատանքին: Պետք է շատ սիրել գործդ, եւ ես չգիտեմ` որ աշխատավարձն է կոմպենսացնում ընտանիքիդ օրերով, ժամերով չտեսնելու եւ քո աշխատանքը պետությանը նվիրելու հանգամանքը: Սա շատ փիլիսոփայական հարց է»,-ասաց նա:
Ի դեպ, երեկ՝ բյուջեի նախագծի ներկայացումից հետո, լրագրողները փորձեցին ստանալ Վ. Սարգսյանի մեկնաբանությունները Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ այդ առիթով ռուսական հանրային հեռուստաընկերության մեկնաբանությունների վերաբերյալ: Սակայն Վ. Սարգսյանը, լսելով հարցերը, պարզապես հեռացավ` հոդորելով դիմել իրենց լրատվական ծառայություն:
Երեկ՝ կառավարության աշխատակազմին հատկացվող բյուջետային միջոցների քննարկման ժամանակ էլ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքիր բացահայտում արեց: Նա հարցրեց, թե կառավարության համար ինչ տեսանկարահանման սարքերի ձեռքբերման մասին է խոսվում փաստաթղթերում. «Էդ ի՞նչ է, գաղտնալսման սարքե՞ր են: Գաղտնալսելո՞ւ եք կառավարությանը»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը շտապեց պարզաբանել, որ խոսքը ոչ թե գաղտնալսման, այլ տեսանկարահանման մասին է. «Ի տարբերություն Ազգային ժողովի շենքի կամ նախագահական նստավայրի՝ կառավարության շենքն անմիջական հասանելիություն ունի, այստեղ պետք է տեղադրված լինեն տեսահսկման համակարգեր: Մենք չենք ձայնագրում, բայց եթե դուք դրա կարիքը զգում եք, մենք կարող ենք դա քննարկել»: Ա. Մինասյանն էլ հակադարձեց, թե այդ ամենի հետ ոչ թե կառավարության աշխատակազմը պետք է առնչվի, այլ ԱԱԾ-ն. «Ի՞նչ է, կառավարությունում վարչության պե՞տն է նստելու ու հետեւելու, թե ինչ է կատարվում կառավարության շենքի մոտ կամ միջանցքներում»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս