ԹՎԵՐՈՎ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի հեճուկս Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումներին՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այն շարունակում է աճ արձանագրել: Իհարկե, կարող է հարց ծագել, թե նման պայմաններում ինչպե՞ս կարող է տնտեսական աճ լինել, միանգամից պատասխանենք՝ չգիտենք: Սակայն փաստ է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով 4,8 տոկոս տնտեսական աճ է արձանագրել:

ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած, 2016 թվականի առաջին կիսամյակի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ նախնական մակրոտնտեսական տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է 4,8 տոկոսով: Նշված տեղեկագրի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են 8,9 տոկոսով: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրավիճակը կարգավորվել է, որովհետեւ արդյունաբերությունն աճ է արձանագրել: Իրականում, սակայն, արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են պղնձի խտանյութի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացման հաշվին: Ավելին՝ չնայած պաշտոնական վիճակագրությունը դեռեւս չի հրապարակել ըստ արդյունաբերության ճյուղերի տվյալները, սակայն մեր տեղեկություններով՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն այս տարի աճել են մոտ 30 տոկոսով: Այսինքն՝ Հայաստանի արդյունաբերության 20-ից 25 տոկոսը կազմող խոշորագույն ոլորտում արձանագրված 30 տոկոս աճը, ընդհանուրի մեջ ընդամենը մոտ 9 տոկոսի աճ է ապահովել: Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկումներ ունենք, որոնք հանքարդյունաբերության շնորհիվ թվային տեսքով դեռեւս տեսանելի չեն:
Ի դեպ, հանքարդյունաբերության արտադրանքի աճն էլ պայմանավորված է պղնձի միջազգային գների անկմամբ, ինչը սկսվել էր դեռեւս անցած տարվա սկզբից եւ շարունակվել է նաեւ այս տարի: Արդյունքում պղնձի մեկ տոնայի միջազգային գինը մեկուկես տարում 7 հազար դոլարից նվազել է մինչեւ 4000-ից 4500 դոլար: Հուլիսի սկզբից պղնձի միջազգային գինը մի փոքր բարձրացել է եւ հասել 5 հազար դոլարի:
Այն, որ Հայաստանի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է գտնվում, վկայում է նաեւ շինարարության ծավալների անկումը: Վեց ամիսների կտրվածքով շինարարության ծավալները նվազել են 7,8 տոկոսով: Եվ սա, մեղմ ասած, տարօրինակ է. եթե տնտեսությունն աճում է, ապա ինչպես են նվազում շինարարության ծավալները:
Մյուս կողմից առեւտրի շրջանառության ծավալները եւս շարունակում են նվազել: Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի առեւտրի շրջանառությունը նվազել է 0,3 տոկոսով: Թվային արտահայտությամբ այս անկումն այդքան մեծ չէ, բայց ողջ խնդիրն այն է, որ անցած 2015 թվականին արդեն իսկ առեւտրի ծավալները կտրուկ նվազել էին: Նման պայմաններում թեկուզ չնչին անկումն արդեն փաստում է տնտեսության ողբերգական վիճակը, քանի որ սպառողները ամեն դեպքում շարունակում են աղքատանալ:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ էլէներգիայի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում նվազել են 4,9 տոկոսով: Հայտնի է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ փոփոխությունից հետո էլէներգիայի կորուստները մոտ 2 տոկոսով նվազել են, ըստ այդմ, վերը նշված անկման մի մասը կարող է այդ փաստով պայմանավորված լինել: Սակայն մնացած մոտ 3 տոկոսի անկումը, այնուամենայնիվ, մնում է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում այս տարի քիչ էլէներգիա է սպառվել: Էլէներգիայի պահանջարկի անկումը ենթադրում է տնտեսության անկում, քանի որ իրական տնտեսական աճի պայմաններում, երբ արդյունաբերությունը զարգանում է, սպառողների գնողունակությունն ավելանում է, եւ էլէներգիայի պահանջարկը մեխանիկորեն աճում է:
Ի դեպ, կիսամյակի արդյունքներով արտահանման ծավալները շարունակում են աճել եւ կազմել են 16,7 տոկոս: Այս երեւույթը հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ անցած տարի դեպի Ռուսաստան ապրանք չարտահանելու արդյունքում ցուցանիշները կտրուկ նվազել էին: Իսկ այս տարի դեպի ՌԴ արտահանումը կրկին վերականգնվեց, ինչի արդյունքում ընդհանուր թվերը սկսեցին աճել:
Մի խոսքով թվերով տնտեսությունն աճում է, իսկ սպառողները շարունակում են աղքատանալ, էլէներգիայի սպառումն էլ շարունակում է նվազել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼ
«Ժողովուրդ»-ին դիմել են Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի սկզբնամասի` 13 տնային տնտեսությունների բնակիչներ, որոնք փաստում են, որ նշված փողոցի՝ իրենց հատվածը ձեւավորվել է մոտ քսան տարի առաջ: Արդեն մի քանի տարի է՝ բնակիչները Երեւանի քաղաքապետարանին խնդրում են ասֆալտապատել 5-րդ փողոցի իրենց հատվածը, որը հողից է եւ երբեւէ չի բարեկարգվել: Ըստ բնակիչների՝ երկու տարի առաջ իրենք դիմել են Երեւանի քաղաքապետարանին, արժանացել են Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի ընդունելությանը, որը խոստացել է հանձնարարել, որպեսզի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի նշված հատվածը` մոտ 200 մետր, չափագրվի եւ ընդգրկվի թաղամասում ապագայում իրականացվելիք ասֆալտապատման աշխատանքների մեջ: Խոստացել են այդ աշխատանքներն իրականացնել: Ներկայումս Սիլիկյան թաղամասի նշված հատվածի հարեւանությամբ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, եւ նշված 200 մետր հատվածը կրկին շրջանցել են: «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ինչով է պայմանավորված Սիլիկյան թաղամասի այդ հատվածի նկատմամբ նման խտրական վերաբերմունքը: Նշված տարածքի 13 տնային տնտեսություններից 6-ն ազգությամբ եզդիներ են: Երեւանի քաղաքապետարանից մոտ տասը օր սպասեցնելուց հետո, ի վերջո, պատասխանեցին մեր հարցմանը, որում մասնավորապես ասվում էր. «Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի վերջնամասի գրունտային ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն քաղաքապետարանի 2016թ. ծրագրերի շրջանակում»: Մի խոսքով, խոստանում են մինչեւ տարեվերջ ասֆալտապատել:

 

 

ՇՆՈՐՀԱԿԱԼ ՊԱՏԱՍԽԱՆ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք իրատեսական է համարում, որ հուլիսի 17-ից Երեւանում ծավալվող իրադարձությունները կհանգուցալուծվեն Սերժ Սարգսյանի հրաժարականով: «Անշնորհակալ գործ է այդ հարցի պատասխան տալը: Կարծում եմ՝ խնդիրը դրա մեջ չի: Մենք կոնկրետ էպիզոդ, դրվագ ունենք, որը պետք է լուծվի: Կարծում եմ՝ այստեղ իշխանությունը պետք է հանդես գա, պետության առաջին դեմքերը հանդես գան, ասեն, որ տեսնում ենք լուծումը, այսպես կլինի»,- ասաց նա:

 

 

ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Արդեն մի քանի անգամ է՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի գույքը աճուրդի է հանվում, սակայն գնորդներ չեն գտնվում: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ հուլիսի 13-ին նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Հաջորդ կրկնաճուրդը կկայանա օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Նշենք, որ ընկերությունը աճուրդի է հանել 2564 անուն ապրանք: Մեկնարկային գինը 1 մլրդ 138 մլն դրամ է:

 

 
ՀՈՐԴՈՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ
Մի խումբ մտավորականներ դիմել են Ժիրայր ՍԷֆիլյանին՝ խնդրելով հորդորել զինված խմբի անդամներին վայր դնել զենքերը. «Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման եւ պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ: Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին»,- ասված է նամակում, որը ստորագրել են ներքոնշյալ մտավորականները.
Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր
Էդուարդ Թոփչյան, դիրիժոր
Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր
Պերճ Զեյթունցյան, գրող
Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ
Ռուբեն Մաթեւոսյան, երգիչ
Սասուն Պասկեւիչյան, երգահան
Լեւոն Մալխասյան, ջազ-երաժիշտ
Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր
Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր
Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր
Սոնա Հովհաննիսյան, խմբավար
Շուշան Պետրոսյան, երգչուհի
Նարեկ Հախնազարյան, երաժիշտ
Նունե Եսայան, երգչուհի
Ժիրայր Դադասյան, ռեժիսոր
Ռոբերտ Մլքեյան, խմբավար
Վահան Բադալյան, ռեժիսոր
Արեւ Պետրոսյան, նկարիչ-դիզայներ
Նարեկ Դուրյան, դերասան
Սերգեյ Սմբատյան, խմբավար
Ռոլանդ Շառոյան, գրող
Ալլա Լեւոնյան, երգչուհի
Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր
Գեւորգ Հակոբյան, երգիչ
Ռուբեն Հովսեփյան, գրող։

 

 

ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Առաջիկայում Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը կմեկնի Բաքու, որտեղ կմասնակցի Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր վրացի գործընկեր Գեորգի Կվարիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ երկու վարչապետները քննարկել են նաեւ ԼՂ հակամարտության սրացումը։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ էլ Ադրբեջանում հնարավոր է հանդիպեն նաեւ Պուտինն ու Էրդողանը։ Վկայակոչելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը՝ լրատվամիջոցը գրում է, որ հանդիպումը նախատեսված է օգոստոսի սկզբին, սակայն մանրամասները դեռ ճշտվում են։ Նշենք, որ Պեսկովը հերքել է տեղեկությունը, թե հանդիպումը կանցկացվի Բաքվում: «Ո՛չ, դա ճիշտ չէ: Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը»,- ասել է նա:

 

 

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԵՎ ԶՈՒՍՊ
Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ Երեւանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրավիճակին «արձագանքել արհեստավարժ կերպով եւ զսպվածությամբ»՝ երեկ լրագրողների հետ ճեպազրուցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: «Ազատության» հարցին՝ հուլիսի 17-ից ի վեր, երբ զինված խումբը գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, ԱՄՆ դեսպանը քննարկումներ ունեցե՞լ է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկե՞լ է ստեղծված իրավիճակը եւ առաջարկե՞լ է արդյոք որեւէ օգնություն, Ռիչարդ Միլզը պատասխանել է. «Ճգնաժամի սկսվելուց հետո Հայաստանի իշխանությունների հետ ուղղակի կապի մեջ չեմ եղել»:




Լրահոս