ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գրավված գնդի շուրջ իրադարձությունները վերջին օրերին այնքան արագ են փոփոխվում, որ հանրությունը չի հասցնում պարզել, թե ով է հերոսը, ով` հակահերոսը: Մյուս կողմից այս խմորումներն ու վայրիվերումները բազմաթիվ հարցերի պատասխաններ միանգամից տալիս են, որոնք ընդամենը երեք օր, մեկ օր կամ մեկ ժամ առաջ օդում կախված էին:
Հուլիսի 20-ի երեկոյան Խորենացի փողոցում կրքերը բորբոքվեցին, եւ ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախում սկսվեց: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեծ դժվարությամբ հաջողվեց կրքերը հանդարտեցնել` կանխելով բախումների հետագա շարունակությունը: Հաջորդ օրը պարզվեց, որ բախումները հրահրողների մի մասի գործողությունները «արտոնել էին» «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից եւ վերջիններս էին Նիկոլ Փաշինյանից պահանջել հավաքի կառավարումը հանձնել նրանց: Հուլիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց գործընթացին չմիջամտելու իր որոշման մասին` ուժերի ներածին չափով փորձելով կանխել հետագա արյունահեղությունը:
Հուլիսի 21-ի երեկոյան Խորենացի փողոցում ընթացող բողոքի ակցիան վերածվեց անհասկանալի մի գործընթացի, եւ ամեն կողմից սկսեցին լսվել կոչեր, որոնք հասցեագրված էին Նիկոլ Փաշինյանին, եւ հեղինակները նրան խնդրում էին վերադառնալ Խորենացի փողոցի հարթակ: Հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանն առաջին անգամ անդրադարձավ Երեւանում ստեղծված իրավիճակին: Նա փաստացի ազդարարեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, բայց եւ խնդրի լուծում չունի: Այնուհետեւ խոսեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս «Սասնա ծռեր»-ի տղաներին կոչ արեց վայր դնել զենքերը: Իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն եւս հայտարարությամբ հանդես եկավ՝ կրկին զինյալներին կոչ անելով զենքերը վայր դնել: Հատկանշական է, որ վերը նշված երեք իրադարձությունները լրահոսում հայտնվեցին մեկը մյուսի ետեւից՝ րոպեների տարբերությամբ:
Հուլիսի 22-ի երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 20.00-ին կլինի Խորենացի փողոցում եւ ելույթ կունենա: Այդ օրը երեկոյան Խորենացի փողոցն անհամեմատ մարդաշատ էր: Փաշինյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի պահանջով քաղաքական գործընթաց սկսելու եւ ցույցերի համակարգման օղակներ ստեղծելու մասին: Մի խոսքով, գործընթացին հստակ քաղաքական իմաստ հաղորդվեց, որի ընթացքում ամենակարեւոր առանցքն այն էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին պետք է հասնեին բացառապես խաղաղ ճանապարհով, առանց բռնության՝ բաց ձեռքերով:
Հուլիսի 23-ի օրվա սկզբից համացանցը սկսեցին ողողել Նիկոլ Փաշինյանին մեղադրող ինչ-որ գրառումներ: Ակնհայտ էր, որ ինչ-որ մարդկանց կամ ուժերի նյարդայնացնում էր բռնությունները բացառելով քաղաքական գործընթաց շարունակելու գաղափարը: «Սասնա ծռերը» եւս հռչակված մարտավարությանը դեմ արտահայտվեցին: Տպավորություն էր, թե իշխանափոխությունն արդեն եղել է, եւ դափնիները «կվայելեր» Նիկոլ Փաշինյանը: Թերեւս դրա համար էլ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ Խորենացու հարթակը տվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին եւ մի կողմ քաշվեց: Այլ կերպ ասած՝ հարթակը սկսեցին տնօրինել այն մարդիկ, որոնք առանց բռնության քաղաքական գործընթաց հարուցելու գաղափարի հետ ինչ-որ անհաշտություններ ունեն: Նրանք հաճախ այնպիսի ելույթներ են ունենում, որոնք հիմնված են բացառապես չճշտված տեղեկությունների վրա:
«Սասնա ծռերի» եւ ՀՀ իշխանությունների միջեւ միջնորդի պարտականություն ստանձնած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հուլիսի 24-ին լրագրողներին տեղեկացրեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը համաձայնի իր հետ հանդիպել եւ բանակցել, ապա ինքը նրա հետ զրույցում հրաժարականի հարցը չի բարձրացնի: Այս հայտարարությունից հետո այս անգամ էլ Վիտալի Բալասանյանի դեմ քարոզչական գրոհ սկսվեց: Արցախի հերոսի գլխին լուտանքների մի տարափ թափվեց: Այնինչ երեկ պարզվեց, որ Վիտալի Բալասանյանը ճիշտ էր ներկայացրել Սէֆիլյանի ասածները, պարզապես որպես զինվորական, ավելի ուղիղ էր ներկայացրել, քան դա կանեին քաղաքական գործիչները:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Խորենացի փողոցում ընթացող գործընթացն այդպես էլ չի վերածվում քաղաքական պրոցեսի: Տպավորություն է, որ հարթակում գտնվողները փաստացի միայն մեկ գործառույթ են ստանձնել` նրանք փորձում են լուծել «Սասնա ծռեր» խմբին հացով, ջրով էլէներգիայով ապահովելու խնդիրը միայն: Նրանք կարծես թե մոռացել են քաղաքական պահանջները, որոնց համար «Սասնա ծռերը» զենք են վերցրել եւ իրենց կյանքը վտանգելով՝ պայքարի այդ ճանապարհով են փորձում անցնել:
Նկատենք, որ շուրջ 8 օր հրապարակային խնդրանք-հորդորները որեւէ կերպ տեղ չեն հասնում, եւ Խորենացի փողոցում ցանկալի հոծ բազմություն այդպես էլ չի հավաքվում: Ու եթե վաղը կամ մյուս օրը ՀՀ իշխանությունները որոշեն զենքի ուժով խնդիրը լուծել, ապա դրանում ոչ մի անսպասելի բան չի լինի: Իշխանությունն իր ձեռագիրը չի փոխել, բարեփոխումների մասին էլ միայն գեղեցիկ խոսում են: Իրականում նրանք կացնային քաղաքականությունն են առաջ տանում՝ ձերբակալություններով եւ բերման ենթարկելով՝ դրա համար որպես իրավական հիմնավորում ներկայացնելով զանգվածային անկարգություն հրահրելը:
Այսպիսով՝ հերթական անգամ մենք ականատես ենք լինում մի երեւույթի, երբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ինչ-որ անձինք իրենց խրոխտ եւ ագրեսիվ տոնայնությամբ ամեն ինչ անում են՝ քաղաքական գործընթացները տապալելու եւ ներկա իշխանությունների գոյությունը այդպիսով եկարաձգելու համար, չնայած որ նրանց խոսքն ամբողջությամբ իշխանությունների դեմ է, բայց գործողությունները՝ անհասկանալի ու չծրագրված: Դրա համար էլ 8 օր է՝ մենք չունենք հանգուցալուծում երկկողմանի. ո՛չ իշխանությունը գիտի՝ ինչ անել, ո՛չ ընդդիմությունը: ՓԱԿՈՒՂԻ Է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՇՇԱՅԻՆ ՄԱԳՆԱՏԸ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի դրամական միջոցները նախորդ տարեվերջին կազմել են 401.5 մլն դրամ: Նրա փոխառությունների գումարները նախորդ տարվերջին կազմել են 422.9 մլն դրամ եւ 579 մլն 518 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ պատգամավորը հայտարարագրել է իր աշխատավարձը, որ ամսական կազմել է 577 հազար դրամ: Պատգամավորի տիկնոջ՝ Պալինա Աբրահամյանի դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձ՝ ամսական մոտ 195 հազար դրամի չափով: Նկատենք, որ հանրությանը որպես Շշի Մելո հայտնի Մելիք Մանուկյանը Հայաստանում ապակյա տարաների ամենախոշոր արտադրողն է:
ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով բողոքի ալիք է հասունանում: Գրել էինք, որ Հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն: Սակայն հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները խանգարել են գործընթացին, ինչի արդյունքում ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, եւ գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը երկարաձգվել է եւս երկու ամսով: Եվ, ահա, երեկ մեզ տեղեկություններ հասան, որ փաստաբանները ձեռնունայն չեն նստել եւ բողոքարկելու են իրենց պաշտպանյալների կալանքի հարցը: Ասել է, թե այս օրերին մի խումբ փաստաբաններ դիմելու են ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿԸ ԽԻՍՏ ՀՍԿՈՒՄ ԵՆ
Ինչպես գիտենք՝ հունիսի 22-ին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորել են մի խումբ անձանց հետ զինված խմբավորումներ կազմավորելու միջոցով, զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրություն ունենալու մեջ: Մինչեւ Սէֆիլյանի ձերբակալությունը իրավապահները Երեւանի հեռուստաաշտարակի նկատմամբ խիստ հսկողություն էին սահմանել: Սակայն Սէֆիլյանի եւ մոտ մեկ տասնյակ այլ անձանց ձերբակալությունից հետո հեռուստաաշտարակի հսկողությունը վերադարձել էր սովորական ռեժիմին: Սակայն հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո իրավապահները կրկին Երեւանի հեռուստաաշտարակի տարածքում խիստ հսկողություն են սահմանել:
ԱՀԱԲԵԿԻՉ ՉԵՆ
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում, մեջբերելով քրեական օրենսգրքի հոդվածները, ասել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ահաբեկիչներ չեն՝ ավելացնելով, որ քրեական օրենսգրքի 217 հոդվածը սահմանում է, թե ինչ է ահաբեկչությունը: «Ահաբեկչությունն այն է, որ եթե, օրինակ, շենք են պայթեցնում, մարդիկ են սպանում՝ ի նշան ահաբեկչական ակտի, եւ պարտավորեցնում պետական մարմիններին որոշակի գործողություններ կատարել: Իսկ եթե այդ նպատակով մարդ չեն սպանել, եւ այդ պատճառական կապը չկա, այստեղ ահաբեկչություն չկա, քանի որ հանցակազմ գոյություն չունի: Իսկ գործի փաստից երեւում է, որ իրար մեջ կրակել են, որի արդյունքում մարդը մահացել է, ոչ թե այդ մարդուն հատուկ սպանել են, որ իշխանությանը ստիպեն որոշակի գործողություն իրականացնել»: Բաղդասարյանը նաեւ նշել է, որ շենք-շինություն գրավելը, ինչ-որ պահանջներ ներկայացնելը 219 հոդվածն է, իսկ պատանդ վերցնելը՝ 218 հոդվածը, որոնք միասին նախատեսում են մինչեւ 25 տարի ազատազրկում:
ՈՒՄՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սերժ Սարգսյանը երեկ պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Իր շնորհավորական խոսքում Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի եւ աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաեւ անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը եւ խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետե նա առաջին շարքերում է»:
ՐԱՖՖԻՆ ԿԽՈՍԻ
ՀԺ հարցին, թե ՀՀ-ում է արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով մասնակցում է Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքներին, դրական պատասխան է տվել: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չի գալիս հանրահավաքի, Մարտիրոսյանը պատասխանել է. «Իրեն կտեսնեք, էդ հարցը կտաք, կպատասխանի»: Դիտարկմանը՝ չէ՞ որ կուսակցության փոխնախագահն եք, լիազորված չե՞ք իր անունից խոսել, Մարտիրոսյանը համաձայնել է, սակայն հավելել. «Մոտ ժամանակներում ինքը կխոսի, կպատասխանի հարցերին»: