Ո՞Վ Է, Ի ՎԵՐՋՈ, ԴԻՄԵԼ ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարվանից Հայաստանում նշվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը: Հոկտեմբերի 20-ին էլ Մոսկվայում կայացավ շքեղ հոբելյանական համերգ: Սակայն մինչ այդ կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց, որ Վրաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի աջակցությամբ այդ իրադարձությունն ընդգրկվել է Հռչակավոր մարդկանց եւ հայտնի իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013թթ. օրացույցում։
Պարզաբանումների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին եւ ստացավ հետեւյալ պատասխանը. «Դեռեւս 2011թ. ՀՀ մշակույթի նախարարության առաջարկությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2012-2013թթ. օրացույցում ընդգրկման նպատակով ներկայացրել է Սայաթ-Նովայի 300-ամյակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից առաջարկն ընդունվել է, եւ հոբելյանն ընդգրկվել է նշված օրացույցում: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձեւաչափի, եթե ներկայացված իրադարձությունները կամ անձինք որեւէ առնչություն ունեն այլ պետությունների հետ, ապա ներկայացնող պետությունը հայտի հետ մեկտեղ պետք է ներկայացնի նաեւ առնչվող պետության աջակցությունը հավաստող նամակ»:
Եվ ՀՀ-ն 2011թ. համապատասխան նամակով տեղեկացրել է Վրաստանի Հանրապետությանը, որ պատրաստվում է նման հայտ ներկայացնել, ինչին ի պատասխան՝ վրացական կողմը ողջունել է նախաձեռնությունը եւ հայտնել իր պատրաստակամությունը հոբելյանական միջոցառումներին աջակցելու եւ միանալու հարցում: Այսինքն՝ «Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը Հռչակավոր մարդկանց եւ հայտնի իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013թթ. օրացույցում ներառելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունը»:
Ապա նշված է, որ ստեղծված կառավարական հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են 2012թ.: Հանրապետությունում եւ արտերկրում կազմակերպվել են թեմատիկ ցուցահանդեսներ, երաժշտական փառատոներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, հոբելյանական ներկայացումներ, գիտական նստաշրջաններ, հրատարակվել է «Սայաթ-Նովա. խաղեր» գիրքը, Պ. Սեւակի «Սայաթ-Նովա» աշխատությունը, ինչպես նաեւ նկարահանվել է մեծանուն երգահանին նվիրված անիմացիոն ֆիլմ: «Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջազգային փառատոնի կազմակերպման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրամից հատկացվել է 6.154.800 դրամ»,-հայտնում են մշակույթի նախարարությունից: Իսկ թե ինչպես է աշխատել հանձնաժողովը, կներկայացնենք առաջիկայում։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս