ԴԱՆԱԿԸ «ՀԱՍԱՎ» ԵՐԿՈՒ ԼԵՎՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հարձակում է տեղի ունեցել ՀԱԿ վարչության գրասենյակի վրա: Ժամը 12:10-ի սահմաններում մոտ 50 տարեկան անձը մտել է ՀԱԿ գրասենյակ եւ հարցրել Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Լեւոն Զուրաբյանին: Տեղեկանալով, որ նրանք գրասենյակում չեն, նա դուրս է եկել, քիչ անց նորից վերադարձել ու նույն հարցը տվել: Իսկ արդեն երրորդ անգամ մտնելով շենք՝ նա հանել է երկու դաշույն, ուղղել սենյակում գտնվող ՀԱԿ վարչության անդամների վրա, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել ՀԱԿ ղեկավարության հասցեին: Նա ներկայացել է «սպիտակցի Մաթոս», եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ ասել, որ եթե Լ. Զուրաբյանն այսուհետ շարունակի ԱԺ-ում ելույթ ունենալ, ինքը կսպանի նրան: ՀԱԿ վարչության անդամները փորձել են հանգստացնել այդ մարդուն, որից հետո նա դիմել է փախուստի: Ի դեպ, տարածքը, որտեղով նա փախուստի է դիմել, տեսագրվում է մի քանի տեսախցիկներով: Թե ով է կանգնած կատարվածի թիկունքում, դժվար է ասել: Սակայն փաստենք, որ վերջին շրջանում Լ. Զուրաբյանն ակտիվ քննադատել է Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Միհրան Պողոսյանին, բանավեճ է եղել նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: ՀԱԿ-ում չեն բացառում, որ միջադեպը պարզապես սադրանք էր` հասարակության ուշադրությունը Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածից ու այնտեղ հնչեցված կարեւոր հարցերից շեղելու համար:




Լրահոս