ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում մահացել է հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված 58-ամյա Քաջիկ Գրիգորյանը:
Առողջապահության նախարարությունից ArmLur.am-ը փորձեց մահվան հանգամանքների մանրամասներն իմանալ: Մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ բոցով այրվածքի հետևանքով քաղաքացին ստացել էր տարբեր աստիճանի տարաբնույթ այրվածքներ, ինչը հանգեցրել է ինտոկսիկացիայի և արդյունքում մահվան:
Անդրադառնալով մեր այն տեղեկություններին, որ հիվանդը տառապում էր նաև լրացուցիչ այլ հիվանդություններով` նախարարությունից պատասխանեցին. «Կարող ենք ասել, որ իր մոտ առկա էին հարակից այլ հիվանդություններ»:
Նախարարությունից հավելեցին, որ լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի ավելի ուշ: