Քաղբանտարկյալների համար պայքարը ավարտվեց նրանց թվի ավելացմամբ. ո՞վ է անկարգության պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու եւ 15 օր անց իրավապահներին հանձնելու հետեւանքները դեռ շարունակում են մտահոգությունների տեղիք տալ: Բանն այն է, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների ու դրանց հետեւած գործընթացների արդյունքում այսօր ունենք ավելի քան 92 բանտարկյալներ:

«Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցելու համար հավաքված քաղաքացիներին առաջին օրերին փորձում էին ուղղորդել «Հիմնադիր խորհրդարանի» հետ առնչվող գործիչները: Հուլիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Խորենացու փողոցում ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում: Զարմանալին այն է, որ գնդի գրավումից 5 օր անց միայն իրավապահները կարողացան պարզել, որ Եղնուկյանը աջակցել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին:

Ինչեւէ: Հուլիսի 27-ին կալանավորվեց նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ըստ ԱԱԾ-ի՝ նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը

Երբ վերը նշված մարդիկ կալանավորվեցին, «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սատարող մի շարք գործիչներ ստեղծել էին հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ, որի կազմում էին գտնվում «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, ներկա խոսնակ Ալբերտ Խուրշուդյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Հուլիսի 29-ին խորհրդի անդամները Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել եւ երթով շարժվեցին դեպի էրեբունի վարչական շրջանի Խորենացու փողոց: Սակայն հասնելով վարչական շրջան՝ պլանները փոխվեցին եւ գնացին Սարի թաղի Գլինկա փողոց:

Ոստիկանությունը զգուշացրեց, որ ցուցարարներին տանեն կազմակերպիչները, սակայն հորդորները տեղ չհասան, ինչից հետո Սարի թաղում հայտնվեցին առանց պետհամարանիշի ավտոմեքենաներ, քաղաքացիական հագուստով տղաներ, որոնք քարեր նետեցին ցուցարարների վրա, ու սկսվեց ծեծուջարդը: Թիրախավորվեցին նաեւ լրագրողները:

Ով է անկարգության պատասխանատուն

Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ հակաճգնաժամային խորհրդի անդամներին ձերբակալալ են եւ նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով` զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով, եւ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

Օգոստոսի 1-ին, ուշ երեկոյան որոշում կայացվեց վերջիններիս նկատմամբ խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը: Մինչդեռ ցուցարարները խաղաղ կանգնած էին, չունեին մահակներ, քարեր… նրանք ոչինչ չէին անում, բայց ծեծի ենթարկվեցին: Այսինքն` զանգվածային անկարգություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել:

Ավանդույթի ուժով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո հարյուրավոր քաղաքական գործիչներին հետապնդելու համար զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանքով լցրեց բանտերը, հիմա նույն ձեռագրով շարունակում է: Թեեւ զանգվածային անկարգություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, բոլորին «փակեցին» այդ մեղադրանքով:

Ինչ ունենք այսօր

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ինքնակամ վայր դրեցին զենքերը եւ հանձնվեցին իրավապահներին: Ըստ ազգային անվտանգության պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 եւ 235 հոդվածներով: Այս գործն արդեն գտնվում է ՀՔԾ վարույթում:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ քննչական կոմիտեից եւս պաշտոնապես պարզել, թե այս տարվա հուլիսի 17-ից մինչ 31-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված հայտնի իրադարձությունների առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում ինչ քրեական գործեր են քննվում, ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածների հատկանիշներով են հարուցվել: Այդ քրեական գործերի շրջանակներում քանի՞ անձի է մեղադրանք առաջադրվել եւ ՀՀ ՔՕ-ի, որ հոդվածների հատկանիշներով են մեղադրյալ ներգրավվել:

Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են. «Հուլիսի 20-ին տեղի ունեցած անկարգությունների փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:13 անձի առաջադրվել է մեղադրանք, եւ վերջիններիս խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հուլիսի 29-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում զանգվածային անկարգությունների մասերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: 8 անձի առաջադրվել է մեղադրանք, որից 3-ը մեղադրվում են կազմակերպելու, 5՝ մասնակցելու մեջ:

Հուլիսի 19-ին Սարի թաղում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով 5 անձի առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել, վերջիններիս խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ասել է, թե ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 26 քաղաքացի կալանավորվել է:

Քաղբանտարկյալների թիվը

Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ այսօրվա դրությամբ կան 73 կալանավորված: Իսկ մինչ այդ` 2013 նոյեմբերի 25-ին Հայաստանում քաղաքական ակտիվության համար կալանավորվել էին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը եւ եւս 5 անձ, խաղալիք ատրճանակի համար 9 տարվա ազատազրկման դատապարտվեց Հայկ Կյուրեղյանը, Ազատության հրապարակում տոնածառ դնելու համար արդեն 8 ամիս կալանքի տակ է գտնվում ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով քննությունը դեռեւս շարունակվում է: Անհեթեթ կաշառքի մեղադրանքով ազատազրկվեց նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

2016 թվականի հունիսի 22-ին կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Նա մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, եւ այս գործով կալանքի տակ են գտնվում 9 անձ: Նշենք, որ այս գործի մասով ձերբակալվեց նաեւ Պավել Մանուկյանի եղբայրը Թաթուլ Մանուկյանը, սակայն ավելի ուշ նրա մասով գործը առանձնացվեց, եւ նրան մեղադրանք առաջադրվեց զենք-զինամթերք պահելու համար, եւ խափանման միջոց կիրառվեց կալանավորումը:

Եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրել, որ «Սասնա ծռեր» խմբավորման շուրջ ծավալված գործողությունների արդյունքում կալանավորված անձանց թիվը ավելի քան 92 է: Այսինքն` նաեւ քաղբանտարկյալների ազատության համար մղված պայքարը ավարտվեց նոր քաղբանտարկյալներով:

Քնար Մանուկյան




Լրահոս