Հարկային մուտքերը նվազել են. տարբերակներն իշխանություններին ոչ մի լավ բան չեն խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանի հանրությունը շունչը պահած հետեւում էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գրավված գնդի շուրջ իրադարձությունների զարգացման ընթացքին՝ փորձելով կանխագուշակել, թե այս ամենն ինչպես կավարտվի, ՀՀ կառավարությունում հաշվում էին պետբյուջեի վնասները:

Բանն այն է, որ ՊՊԾ գնդի շուրջ իրադարձությունների ծավալման առաջին իսկ պահից տնտեսագետները կանխատեսում էին, որ առաջիկայում նոր ներդրումների մասին կարելի է մոռանալ: Իհարկե, այնպես չէ, որ մինչ այս օտարերկրյա ներդրողները Հայաստանում գործ սկսելու համար հերթ էին կանգնել: Ինչպես հայտնի է՝ ներդրումների վերաբերյալ այս տարվա առաջին տվյալներն արդեն իսկ աղետ էին կանխատեսում: Առաջին եռամսյակում ընդամենը ներդրումները 1 մլն 700 հազար դոլար էին կազմել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 60 մլն 171 հազար դոլարի դիմաց:

ՀՀ կառավարությունում հույս ունեին, որ իրենց կհաջողվի տարվա երկրորդ կեսին ինչ-ինչ ներդրումներ ներգրավել Հայաստան: Նույնիսկ մոտավոր չափն էր նշվում՝ 800 մլն դոլար: Այս կանխատեսման իրականություն դառնալու դեպքում Հայաստանի տնտեսությունը հնարավոր է՝ սկսեր մի փոքր շնչել: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ ՊՊԾ գնդի շուրջ ծավալված պատմությունից հետո օտարերկրյա ներդրումների մասին կարելի է միառժամանակ մոռանալ: Միակ ներդրումը, եթե այդպիսին կարելի է համարել, կլինի 16 մլն եվրոն, որը միջազգային կառույցները խոստացել են տրամադրել Հայաստանին՝ ընտրական համակարգի բարեփոխումների համար:

Բայց պարզվում է՝ ներկա պայմաններում կանխատեսվող ներդրումները չստանալը չարյաց փոքրագույնն է, որը կարող է պատահել Հայաստանի տնտեսության հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության ֆինանսիստներին վերջին մեկ շաբաթը այլ գլխացավ է պատել: Բանն այն է, որ հուլիսի երկրորդ կեսից հարկային մուտքերը կտրուկ նվազել են: Այս անկումն այնքան կտրուկ է, որ նույնիսկ անգամներով են սկսել չափել: ՀՀ պետական եկամուտների կոմիտեում համոզված են, որ այդ ամենը տնտեսվարողների մի մասին պատած խուճապային տրամադրություններով են պայմանավորված, որոնք Երեւանում ծավալված իրադարձությունների արդյունք են: Սակայն մյուս կողմից էլ ՊԵԿ-ում չեն բացառում, որ հարկերի նվազումն այլ պատճառներով կարող է պայմանավորված լինել: Ուստի ներկայումս ՊԵԿ-ում փորձում են իրավիճակի կոնկրետ պատճառները պարզել:

Ուշագրավն այն է, որ այս դեպքում ՊԵԿ-ի ու նրա ղեկավար Հովհաննես Հովսեփյանի համար առավել ցանկալի է, որպեսզի հարկերի նվազումը ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններով պայմանավորված խուճապի արդյունք լինեն: Հակառակ դեպքում հարկերի նվազման երկու տարբերակ կարող է լինել: Մի դեպքում դա կարող է Հայաստանի տնտեսությունում ստեղծված վիճակով պայմանավորված օբյեկտիվ զարգացումների արդյունք լինել: Մյուս տարբերակն էլ այն է, որ տնտեսվարողները նախընտրական բոյկոտ են հայտարարել:

Այլ կերպ ասած՝ տնտեսվարողները շատ լավ գիտակցելով, որ նախընտրական տարում իշխանությունները ձեռնպահ կմնան իրենց «կաշին քերթելու» մարտավարությունից, որոշել են մի փոքր գումար «խնայել»: Վերջին երկու տարբերակներից եւ ոչ մեկը իշխանություններին ոչ մի լավ բան չի խոստանում: Հենց դա է պատճառը, որ իշխանությունների համար ավելի նախընտրելի է, որ հարկերի նվազումը խուճապի արդյունք լինի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս