Նախօրեին հայտնի դարձավ, որ օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցելելու է ՌԴ: Սա թուրքական հեղաշրջման փորձերից հետո նրա առաջին այցն է լինելու դեպի արտերկիր: Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք լարվել էին ռուսական ինքնաթիռի խոցման պատճառով, վերջին շրջանում աստիճանաբար սկսեում են վերականգնվել եւ նույնիսկ բարելավվել:
Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հարաբերությունների լավացման ուղղությամբ մի քանի անգամ հանդես են եկել տարաբնույթ հայտարարություններով:
Դեռեւս ապրիլին Վլադիմիր Պուտինը ամենամյա «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել էր, որ «Թուրքիան իրենց բարեկամն է, իսկ թուրք ժողովուրդը՝ բարեկամական ժողովուրդ»: Իսկ մի քանի օր առաջ էլ Մոսկվա էր այցելել Թուրքիայի փոխվարչապետ Ահմեդ Չիչեքը, ով այցից հետո բառացիորեն ասել էր հետեւյալը. «ՌԴ հետ հարաբերություններում նոր էջ է բացվում, նրանք կառուցողական են, դրական մտադրություններով եւ աջակցող»: Սա վկայում է, որ Մոսկվան ու Անկարան որոշել են այս փուլում աշխարհաքաղաքական որոշակի գործընթացներ ձեւավորել, որոնք միտված են լինելու Արեւմուտքին հակակշռելուն եւ զսպելուն: Արեւմուտքի եւ Էրդողանի հարաբերությունները վերջին շրջանում լարվել էին՝ կապված սիրիական ճգնաժամի, միգրանտների եւ Էրդողանի ամբարտավան քաղաքականության հետ: Նույն լարվածությունը առկա է նաեւ ԵՄ եւ ՌԴ միջեւ:
Ռուսաստանը ենթարկվում է խիստ պատժամիջոցների, հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, ՆԱՏՕ-ն ավելի է ամրացնում իր դիրքերը նրա հետ սահմանին: Երկու տերությունների շահերն այս փուլում սկսեցին համընկնել, եւ բնական է՝ սկսելու էին փնտրել հակակշիռների ու զսպումների սեփական բեւեռը կամ տարածաշրջանային բլոկը, որը, մի կողմից, լինելու է մրցակցային կամ կոնֆլիկտային Արեւմուտքի հետ, մյուս կողմից էլ կունենա ուժերի բալանսի վրա ազդելու ուժեղ պոտենցիալ:
Ահա եւ Էրդողանն ու Պուտինը որոշեցին օգտագործել պահը եւ հարաբերությունների «նոր էջ բացել»՝ լավ հասկանալով, որ իրենց երկրներն ունեն մեծ ներուժ՝ ներկա փուլում որոշակի կանխարգելիչ նշանակության հարցեր լուծելու համար: Այս պայմաններում, բնականաբար, նրանցից յուրաքանչյուրի կատարած քայլն ունի քաղաքական մեծ ուղերձ: Ըստ այդմ, Էրդողանի որոշումը՝ հեղաշրջման փորձից հետո այցելել Ռուսաստան, ունի ոչ միայն վերջինի հետ հարաբերությունների ջերմացման, այլեւ իր երկրում հեղաշրջման փորձի մեջ արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից «proxy» պատերազմ (միջնորդավորված) տեսնելու ուղերձ:
Ասվածն ավելի է ամբողջացնում, եթե վերհիշենք, թե ում էր հիմնականում մեղադրում Էրդողանը հեղաշրջման մեջ: Նա մեղադրում էր իր ոխերիմ թշնամի Ֆեթուլա Գյուլենին: Այդ մարդը բնակվում է ԱՄՆ-ում, ինչն էլ ենթադրում է, որ Էրդողանն իր մեղադրանքներում հաշվի է առնում նաեւ ԱՄՆ գործոնը եւ անուղղակիորեն նրան «հաղորդակից դարձնում» իր երկրում քաղաքական անկայունության հրահրմանը:
Դա կարող է էլ ավելի սրել Արեւմուտքի ու Անկարայի միջեւ բարդ հարաբերությունները: Մի քանի օր առաջ արդեն իսկ ԵՄ-ից կոշտ հայտարարություն եղավ, մասնավորապես Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել էր, թե Թուրքիայում իրերի դրությունը հիմա այնպիսին է, որ մոտ ժամանակներս երկիրը չի կարող միանալ եվրոպական ընտանիքին: Իսկ Ռուսաստան այցն ու ուղերձներով խոսելը կարող են արդեն կոշտացնել Վաշինգտոնի դիրքորոշումը:
Այս ամենը, սակայն, կնպաստի ռուս-թուրքական հարաբերությունների հարաճուն սերտացմանը եւ կարող է նոր մարտահրավերների առաջ կանգնեցնել Հայաստանին:
Պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական մերձեցումները հակադրվել են հայկական ազգային շահերին: Պետք է շարժվել քաղաքական իրատեսությամբ եւ ոչ թե դավադրությունների տեսություններով: Բնական է՝ Թուրքիան, ունենալով կոնֆլիկտային հարաբերություններ ՀՀ հետ եւ ավելի հեշտ «հասանելիություն» կրեմլյան ղեկավարների մոտ, փորձելու է նրանց միջոցով պրոադրբեջանական լոբբինգ իրականացնել եւ իր շահերի իրացման որոշակի դաշտ բացել: Այդպես՝ նախ կթուլացնի մեզ, ապա ուժեղացնելով եղբայր ժողովրդին՝ կամրապնդի սեփական դիրքերը Հարավային Կովկասում:
Մոսկվան էլ, չցանկանալով կորցնել իր հզոր դաշնակցին, որը տիրապետում է մարդկային, ֆինանսական, ռազմական ու տարածքային հսկայական ռեսուրսների, ունի աշխարհաքաղաքական գերազանց դիրք, իր որոշ շահերը, որոնք կապված են Երեւանի հետ, փորձելու է զիջել Անկարային: Ուրեմն մենք պետք է հասկանանք այս պահը, դուրս գանք դավադրությունների տեսության կաղապարից եւ ճիշտ գիտակցենք մեր անվտանգության հարցերը. որտեղից ինչ սպառնալիք կարող է գալ, եւ այդ հիմքով էլ գտնենք մեր ազգային շահերի իրացման ուղիները:
Արման Սահակյան