Պաշտոնական վիճակագրությունն ինչ-որ «հրաշքով» գործազրկության մակարդակի անկում է արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունն ինչ-որ «հրաշքով» գործազրկության մակարդակի անկում է արձանագրել: Ինչպե՞ս, այսպես:

Նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց զբաղվածության վերաբերյալ վիճակագրական տվյալները, որոնք ամփոփում են այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները: Ըստ այդմ, ԱՎԾ-ն պնդում է, որ գործազրկության մակարդակը կազմել է 18 տոկոս: Սա այն դեպքում, երբ տարվա սկզբին գործազրկության մակարդակը կազմել է 18,5 տոկոս: Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները փորձում են պատրանք ստեղծել, թե իբր Հայաստանում գործազրկության մակարդակի անկում է տեղի ունեցել:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է ԱՎԾ-ն նման «առաջընթաց» արձանագրել, փորձենք ներկայացնել, թե ինչպես է գործազրկության ցուցանիշը հաշվարկվում:

Այսպես՝ աշխատանքային տարիքի ողջ բնակչությունը՝ 14-ից 75 տարեկան, աշխատանքային ռեսուրսն է: Նրանցից դպրոցականները, ուսանողները, թոշակառուները, հաշմանդամները եւ ընդհանրապես անգործունակ ճանաչված անձինք դրանք տնտեսապես ոչ ակտիվ բնակիչներն են: Իսկ մնացած բնակչությունը համարվում է տնտեսապես ակտիվ, որի մեջ մտնում են աշխատանք ունեցողները եւ գործազուրկները:

Անցած տարվա ամփոփ արդյունքներով աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 մլն 106 հազար մարդ, տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը 790 հազար 300 մարդ, տնտեսապես ակտիվ բնակչությունը 1 մլն 316 հազար մարդ, զբաղվածները՝ 1 մլն 72 հազար եւ գործազուրկները՝ 243 հազար 700 մարդ:
Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով աշխատանքային ռեսուրսը կտուկ ավելացել եւ դարձել է 2 մլն 286 հազար հոգի, տնտեսապես ակտիվ բնակչությունը՝ 1 մլն 326 հազար 500 մարդ, տնտեսապես ոչ ակտիվը՝ 959 հազար 500, զբաղվածները՝ 1 մլն 87 հազար 500 եւ գործազուրկները՝ 239 հազար 100 մարդ:

Այսինքն՝ աշխատանքային ռեսուրսը 180 հազարով ավելացել, բայց դա տեղի է ունեցել տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թվի աճի հաշվին, իսկ տնտեսապես ակտիվների, կամ այլ կերպ ասած՝ ակտիվ աշխատանքային տարիքում գտնվողների թիվը ընդամենը 10 հազարով է ավելացել: Կարելի է կարծել, որ այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում շեշտակի ավելացել են թոշակառուները, դպրոցականները եւ ուսանողները: Ակնհայտ է, որ նման բան չէր կարող տեղի ունենալ: Իսկ ինչ վերաբերում է զբաղվածների թվի աճին, ապա դա տեղի է ունեցել գյուղական բնակչության զբաղվածների թվի աճի հաշվին:

Ինչը ենթադրում, որ այս դեպքում ոչ թե իրական աշխատանք ունեցողների թիվն է աճել, այլ ԱՎԾ-ն պարզապես ինքնազբաղվածների թիվը մեխանիկորեն ավելացրել է, քանի որ գյուղական բնակչության գերակշռող մեծամասնութունը հենց ինքնազբաղվածներն են: Այս տարվա սկզբին գյուղական բնակչության զբաղվածների թիվը եղել է 513 հազար 400 մարդ, առաջին եռամսյակի վերջում այդ ցուցանիշը դարձել է 536 հազար 300, թե ինչի հաշվին է ԱՎԾ-ն գյուղական բնակչության շրջանում զբաղվածների թվի 23 հազարով աճ արձանագրել, թերեւս միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի:

Կարելի է կարծել, որ գյուղերում ամեն օր մի հատ խոշոր գործարան է բացվել, բայց դրանց տեսնելու համար հատուկ ակնոցներ են պետք, որից ունեն միայն պաշտոնական վիճակագիրները:

Փոխարենը քաղաքային բնակչության թիվը 559 հազար 300-ից նվազել է 551 հազար 200 մարդ՝ անկումը կազմել է 8 հազար: Այսինքն՝ իրականում զբաղվածների թիվն այս տարվա ընթացքում նվազել է, սակայն պաշտոնական վիճակագիրներն՝ իրենց հատուկ «տաղանդով» կարողացել են թվերն այնպես նկարել, որ գործազրկության մակարդակի անկում արձանագրեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս