Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) ներդրումային միջավայրիստորաբաժանման Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ագրոբիզնեսի ծրագրի ղեկավար Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին:
2011 թվականից ՀԲԽ անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների խորհրդատվական ծրագիր է իրականացնում:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի գործունեությունը՝ նշելով, որ տարիներ ի վեր կորպորացիայի իրականացրած աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ Հայաստանում ներդրումային միջավայրիբարելավման , սննդի անվտանգության եւ տեսչական ստուգումների ուղղությամբ մեծ աշխատանքներ է իրականացվել:
Պարոն Շտրուբենհոֆը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել է, որ IFC-ն գյուղատնտեսությունը համարում է գերակա ուղղություն:
Հանդիպման ժամանակ նախարարը կարեւորել է վերամշակող արդյունաբերության ոլորտում HACCP համակարգի ներդրումը, որն ավելի մրցունակ կդարձնի արտադրողներին միջազգային շուկայում եւ ակնկալում է, այս հարցում IFC-ի աջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ համագործակցության նոր եզրեր, ինչպես նաեւ հստակեցրել են 2014-2017 թվականների նոր ծրագրերի իրականացման ուղղությունները: