Եթե չհաշվենք Արարատի քաղաքապետի ընտրությունները, որտեղ խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, սեփական թեկնածու է առաջադրել, ապա մյուս բոլոր առումներով այս կուսակցությունը կարծես թե անցել է ընդհատակ: Համենայնդեպս, վերջին շրջանում տեղի ունեցած կարեւորագույն խնդիրների վերաբերյալ ԲՀԿ-ն գերազանցապես գերադասում է լռել է` զգուշանալով որեւէ կարծիք հայտնել:
Այս կուսակցությունից լավագույն դեպքում խոսում են հատուկենտ մարդիկ, այն էլ` նրանց թիվը գնալով նվազում է: Օրինակ՝ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, որ նախկինում լուրջ, քննադատական ելույթներ էր ունենում խորհրդարանի ամբիոնից, վերլուծություններ կամ հայտարարություններ անում «Ֆեյսբուք» սոցցանցում, այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն կարճեց նրա դեմ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործը, լռում է: ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում Օսկանյանն ԱԺ քվեարկություններին մասնակցելուց հետո անմիջապես անհետանում է ԱԺ շենքից: Այնինչ, արտաքին քաղաքական վերջին, ընդ որում վտանգավոր զարգացումները պետք է ԱԳ նախկին նախարարին «ստիպեին» իր տեսակետը հնչեցնել: Իսկ 36-հոգանոց ԱԺ ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորների համար լրագրողների հարցերին պատասխանելը վերածվում է դաժան փորձությունների:
Շատ ավելի ցցուն է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լռությունը. չնայած նա ԱԺ-ում իր մեծությամբ երկրորդ կուսակցության ղեկավարն է, սակայն դժվար է հիշել, թե վերջին շրջանում երբ է ներքաղաքական կամ արտաքին քաղաքական որեւէ խնդրի վերաբերյալ անձամբ Ծառուկյանը որեւէ տեսակետ հայտնել: Բացառություն, թերեւս, կարելի է համարել օգոստոսի 27-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ նրա այցը, որի ժամանակ նա ելույթ է ունեցել ու հայտարարել, թե սոցիալ-տնտեսական նման վիճակում անթույլատրելի է ուսման վարձերի բարձրացումը: Իսկ սեպտեմբերի 2-ին էլ կրկին այդ նույն ինստիտուտում ելույթ ունենալիս նա խոսել էր հայ-ռուսական հարաբերությունների մասին` ասելով, որ ՌԴ-ն ՀՀ բարեկամ երկիրն ու կարեւորագույն տնտեսական գործընկերն է, մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն ռազմավարական գործընկերն է, եւ դժվար թե որեւէ մեկը կամենա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Իսկ մնացած բոլոր դեպքերում Ծառուկյանը պարզապես խուսափում է լրագրողների հետ հանդիպումներից ու հարցուպատասխանից: Նա նույնիսկ ԱԺ նիստերին չի մասնակցում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, հայտարարեց. «Գագիկ Ծառուկյանն առանցքն է, որի շուրջ տեղի են ունենում մեր գործողությունները: Գագիկ Ծառուկյանն անընդմեջ ռեժիմով ղեկավարում, համակարգում եւ կանոնակարգում է պատգամավորական ֆրակցիայի գործունեությունը, կուսակցական կառույցների գործունեությունը: Առանց Գագիկ Ծառուկյանի ո՞նց կարող է լինել: Առանց առաջնորդի ո՞նց եք պատկերացնում»: Իսկ թե ինչու է առաջնորդը կարեւորագույն հարցերի վերաբերյալ լռում, իսկ եթե չի լռում, ապա որն է քաղաքական վերջին հայտարարությունը, Ուրիխանյանը պատասխանեց. «ԲՀԿ յուրաքանչյուր ներկայացուցչի հայտարարություն, նախեւառաջ համաձայնեցվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Յուրաքանչյուր պաշտոնական դիրքորոշում ամեն օր, ամեն օր խորհրդակցությունների արդյունքում մշակվում է մեր թիմում: Չի կարող որեւէ բան լինել` առանց Ծառուկյանի հսկողության եւ ղեկավարման»:
Ուրիխանյանը չհամաձայնեց նաեւ «Ժողովուրդ»-ի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կարեւորագույն հարցերի վերաբերյալ լռում է: «Ցանկացած հարցի վերաբերյալ ԲՀԿ-ն միշտ հայտնում է դիրքորոշում: ԲՀԿ-ն պետական կառավարման համակարգի մեջ այսօր բացառապես խորհրդարանական հարթակում է գործում, եւ բնական է, որ գործունեություն պետք է ակնկալել պատգամավորական խմբակցություններից, որտեղ ակտիվ աշխատում ենք: Ամեն օր մասնագիտական հանձնաժողովներում նիստեր, աշխատանքներ, օրենքներ, նախագծեր: Էլ չեմ ասում կուսակցական ակցիաները, ԲՀԿ երիտասարդական միությունը պատրաստվում է Մարզահամերգային համալիրում 10 հազարանոց միջոցառման` ուսանողության միջազգային օրվան նվիրված: Առանձին ծրագրեր են իրականացնում տեղական կառույցները, կուսակցական կենտրոնները: Այնպես որ, ԲՀԿ-ն բավական ակտիվ է»,-ասաց նա:
Ի՞ՆՉ Է ՄՆԱՑԵԼ «ՀԶՈՐ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ