ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՅՑԵԼԻ, ՀԱՆԳՍՏԱՑԵ՛Ք
Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանն «Ազատությանը» հայտնել է, որ դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Աբրահամյանի փոխանցմամբ՝ Երեւանում դեկտեմբերի 1-4-ը անցկացվելու է հայ-ռուսական գործարար համաժողով: Նախատեսված է, որ ՌԴ նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում լինելու է շուրջ 500 մարդ, այդ թվում նաեւ՝ ռուսաստանցի գործարարներ:

ՁԵՌԱԳԻՐԸ` ԱՆՓՈՓՈԽ
Ինչպես տեղեկացրել ենք, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ «Ա1+»-ի հաղորդմամբ` երեկ դրան  ավելացել է նաեւ սուտ մատնության հոդվածը՝ իբր նա սուտ տեղեկություններ է տարածել, թե ոստիկանները հարվածել են իրեն Կոմիտասի 5-ի պայքարի ժամանակ։ Այս 2 հոդվածները միասին մինչեւ 10 տարվա ազատազրկում են ենթադրում։ Ինչպես փոխանցում է Ա. Կիվիրյանը, ըստ մեղադրական եզրակացության, երբ իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ինքն է խփել ոստիկանության մեքենայի դռանը եւ վնասել իրեն, ինչը, բնականաբար, նա անհեթեթություն է համարում: Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին սուտ մատնության հատկանիշներով քրգործեր էին հարուցվել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի նկատմամբ:

ՇԵՐԻՖԻ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
Անցած մայիսի 19-ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի  կողմից  արվեստի  բացառիկ գործը Հայաստանից  դուրս հանելու աղմկահարույց պատմության հետքերով 168.am-ը դիմել է Շերիֆի փաստաբանին` Վարդուհի Էլբակյանին, ով տեղեկացրել է, որ ՊԵԿ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Կարեն Բաբայանի կողմից մաքսանենգություն կատարելու փաստի առթիվ: Գործի շրջանակներում Բաբայանը հարցաքննվել է որպես վկա: Հարցաքննվել են նաեւ Կ. Բաբայանի  աշխատակիցները: Սակայն գործը հարուցվելուց վեց ամիս հետո՝ նոյեմբերի 6-ին, Կ. Բաբայանը հրավիրվել է ՊԵԿ քննչական ծառայություն, որտեղ նրան է ներկայացվել քննիչի որոշումը` հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին: Փաստաբանը նաեւ նշել է, որ արվեստի «բացառիկ արժեքավոր գործը» փորձագետների կողմից գնահատվել է 80,000 դրամ: Առգրավված նկարը ստացականով հետ է վերադարձվել Կ. Բաբայանին:

ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Երեկվա ՀՀԿ ԳՄ նիստում, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, չի քննարկվել  Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների երթի ընթացքում տեղի ունեցածը: Շարմազանովի խոսքով` գործադիր մարմնի նիստում քննարկվել են կիրակի օրը Արարատ քաղաքում տեղի ունենալիք ընտրությունների հետ կապված հարցեր:




Լրահոս