Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը, ով վերջին շրջանում նկարահանվում էր «Խոպանի տեսություն» սիթքոմում, նոր գեղարվեստական ֆիլմում հանդես գալու առաջարկ է ստացել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ կինոնկարը բաղկացած է երեք պատմություններից, որոնք ներկայացնում են տարբեր ժանրեր` տրագիկոմեդիա, տրագեդիա եւ կոմեդիա. ինքը հանդես է եկել կոմեդիայի ժանրում:
Իվետան համագործակցության առաջարկ ունի նաեւ Գոռ Վարդանյանի կողմից ու թեեւ նոր առաջարկների պակաս եւս չունի, նա, այնուամենայնիվ, մեր երկրում իր գործունեությունը հեռանկարային չի համարում. «Ես Հայաստանում ապագա չեմ տեսնում: Աշխատելով բավական խիտ գրաֆիկով` դերասանը, միեւնույն է, չի ստանում այն չափի հոնորար, որ, օրինակ, լիարժեք վայելի իր հանգստյան օրերը:
Այնինչ՝ հասկանում ես, որ տարիները թռչում են, իսկ դու ուզում ես հասցնել վայելել կյանքը, բացի այդ` արդեն սկսում ես մտածել երեխայիդ ապագայի մասին: Երբ տեսնում ես, թե քո շրջապատում մարդիկ ինչ դժվարությամբ են գումար վաստակում եւ համեմատում ես այստեղի ապրելակերպը ամերիկյանի հետ, հասկանում ես, որ մեր երկրում ոչ ոք ըստ արժանվույն չի գնահատվում եւ ոչ ոք իր տեղում չէ: Ես ճանաչում եմ շատ տաղանդավոր հայաստանցի դերասանների, որոնք պետք է հիմա «վերեւներում» լինեին: Այնինչ, դա այդպես չէ: Տեսեք, թե դրսում ինչ վերաբերմունք ունի հանրությունը շնորհալի արտիստի նկատմամբ, իսկ մեզ մոտ նա, ինչպես հարկն է, գնահատված չէ»,-մեկնաբանեց Իվետան:
Նա, ինչպես հայտնի է, հանդես է գալիս նաեւ որպես երգչուհի, բայց իրեն ավելի շատ համարում է դերասանուհի եւ երբ երկար ժամանակ չի նկարահանվում, կարոտում է այդ գործընթացը: Նաեւ այդ է պատճառը, որ Իվետան համաձայնում է թեկուզ ոչ բարձր հոնորարի դիմաց հանդես գալ տարբեր նախագծերում: Բայց, չնայած որ նա տարիներ առաջ հայրենիք էր վերադարձել կարոտից, ապագայի իր ծրագրերը կապում է ԱՄՆ-ի հետ. «Թերեւս մի քանի տարի անց կմեկնեմ Միացյալ Նահանգներ` մշտական բնակության: Աստված տա, մեր երկրի վիճակն այնքան լավ լինի, որ մտափոխվեմ»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան