Հայաստանի համար բոլոր կողմերից եկող մարտահրավերներին դիմագրավող ինստիտուտ չկա. Պուտինից «դաբրո» ստացած Էրդողանը սկսել է վերջնագրերի լեզվով խոսել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը հաջողությամբ կանխելուց հետո առաջին անգամ Ռուսաստան այցելած եւ Վլադիմիր Պուտինի մոտ կրկին «թանկագին ընկերոջ» կարգավիճակ ձեռք բերած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փաստորեն, որոշել է Արեւմուտքի հետ հարաբերություններում «վա բանկ» գնալ:

Նախօրեին Սանկտ-Պետերբուրգում ստանալով Պուտինից բոլոր անհրաժեշտ «դաբրոները»՝ թե՛ զբոսաշրջության, թե՛ ապրանքաշրջանառության, թե՛ «Ակկույու» ատոմակայանի կառուցման եւ «թուրքական հոսքի» գործարկման հարցում՝ Էրդողանն իրեն առավել վստահ է զգում եւ այլեւս պատրաաստ է իր բռնապետությանը սպառնացող ցանկացած վտանգ կասեցնել, անգամ եթե դրա համար անհրաժեշտ լինի խզել հարաբերություններն իր ռազմավարական դաշնակցի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ:

Համենայն դեպս, երեկ Էրդողանի արած հայտարարությունն այդ մասին է խոսում: Նա, մասնավորապես, անդրադառնալով ԱՄՆ-ում հանգրվանած Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը՝ նախագահական նստավայրի առջեւ հավաքված ցուցարարներին ասել է. «Վաղ թե ուշ Ամերիկան ընտրություն կկատարի Թուրքիայի եւ «ՖԵՏՕ»-ի («Ֆեթուլլահականների կազմակերպություն») միջեւ: Կամ հեղաշրջումներ կազմակերպող «ՖԵՏՕ»-ն, կամ ժողովրդավարական Թուրքիան: Նա պետք է ընտրություն կատարի»,- նշել է Էրդողանը:

Այսպիսով՝ այլեւս ԱՄՆ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսող Էրդողանը բավականին զգայուն սահմանագիծ է հատել, եւ եթե սրանից հետո ԱՄՆ-ն արտահանձնի Գյուլենին, ապա դա կնշանակի, որ Թուրքիայի նման երկիրը կարող է ԱՄՆ-ի նման գերտերությանը պարտադրել իր կամքը: Մյուս կողմից էլ, եթե ԱՄՆ-ն, այնուհանդերձ, չգնա Գյուլենի արտահանձնմանը, դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, ընդհուպ մինչեւ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալուն:

Թե ինչպես կընթանան զարգացումները, պարզ կդառնա արդեն կարճ առաջիկայում, սակայն մեր՝ հայերիս համար Թուրքիայի հետ կապված ցանկացած փոփոխություն հղի է նոր վտանգներով: Մասնավորապես, եթե նախկինում Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հանդիսացել է այն զսպիչ գործոնը, որը, այնուհանդերձ, թույլ չի տվել, որ վերջինս առավել ծավալվի Ադրբեջանին ցուցաբերվող իր աջակցության մեջ, ապա հիմա Թուրքիայի ձեռքերը վերջնականապես ազատվում են, եւ դժվար թե այս փուլում նրա հետ նոր սիրախաղ սկսած Ռուսաստանը կապանք դնի Թուրքիայի ձեռքերի վրա: Առավել եւս, որ խոսքը նոր՝ մեծ եվրասիական տիրույթի ձեւավորման մասին է, որում կարեւոր դերակատարություն է վերապահված Թուրքիային:

Միով բանիվ, որ կողմ նայում ենք, վտանգներ են եւ մարտահրավերներ, որոնց, սակայն, դիմագրավող որեւէ ինստիտուտ Հայաստանում չի գործում: Նախօրեին լուծարված ազգային անվտանգության խորհուրդը դրա ցցուն օրինակն է:




Լրահոս