Ծաղկահովիտի գյուղապետը ցուցմունք է տվել Արարատ Խանդոյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի ծննդավայր Ծաղկահովիտ գյուղում լուրեր են տարածվել, թե օգոստոսի 10-ին համայնքի ղեկավար Երվանդ Խաչատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արարատ Խանդոյանը, ով կալանավորվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, մասնակցել է Խորենացու փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին:

Ըստ գյուղացիների` գյուղապետը ցուցմունք է տվել ոմն Լյովա Հակոբյանի հետ. «Գրել-ստորագրել են տակը, որ սա Արարատն է, ճանաչում են, որ իրենց գյուղացին է ու անկարգություններ է անում: Քննիչն էլ ասել է, որ Արարատը խոստովանել է , որ ինքն է՝ դու էլ գրի, հաստատի»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասացին մի քանի ծաղկահովիտցիներ:

Անգամ խոսակցություններ են շրջանառվում, թե նույն քննիչը համայնքապետին ասել է, թե Արարատ Խանդոյանի հարազատներին համոզի, որպեսզի հրաժարվի իր փաստաբանից:

«Երևի չի հասկացել, թե ինչ է անում»,- ասում են գյուղացիները:

Այս լուրերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Երվանդ Խաչատրյանի հետ: Վերջինս, կարծես, հաստատեց տարածված լուրերը:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց հետևյալը .«Դե՛, ինձ ինչ կադր ցույց են տվել, ես այնտեղ Արարատին եմ տեսել: Հիմա չեմ իմանում` դա իրական կադր էր, թե ինչ էր, բայց ես տեսա, որ այդ կադրի մեջ Արարատն էր երևում: Կադրը երկու անգամ եմ տեսել. սկզբում չէի ճանաչում, հետո կադրը կանգնեցրեցին, երևաց Արարատը»:

Ի դեպ, այսօր Վերաքննիչ քրեական դատարանի առջև հավաքվածներից ակտիվիստ Անի Կաղինյանը հայտարարեց, թե Ծաղկահովիտի բնակիչներն ասում են, որ ՀՀԿ-ական գյուղապետը ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը:




Լրահոս