Մաքսային նոր ձևակերպումները կստիպեն մեզ ավելի թափանցիկ աշխատել. Վարդան Բոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի նոր տարբերակի հարցում:

Փաստաթղթի համաձայն՝ արտաքին սահմաններին մաքսային ձևակերպումները կմիասնականացվեն, իսկ ապրանքների տեղափոխման պայմանները նկատելիորեն կպարզեցվեն:

Ինչպես նաև նիստի ընթացքում հավանության են արժանացել փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են ԵԱՏՄ անդամ երկրներում դեղորայքի միասնական շուկա ձևավորելու համար:

ArmLur.am-այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց հետևյալը. «Գոյություն ունեցող իրավիճակի կտրվածքով ես մտածում եմ, որ սա ըստ էության` «կոլեգիալ» կառավարման տիրույթ է ստեղծվում: Ե՛վ   բացահայտ, և´ ոչ բացահայտ հակակշիռների պարագայում: Այն սուբյեկտիվ մոտեցումները, որոնք կան այդ երկրներից յուրաքանչյուրում ուղղակի մենք կօտարենք: Այս երկրներից յուրաքանչյուրը դեղերի շուկայում, ըստ էության, անում է ամենաահավոր քայլերը, իսկ եթե միասնական դաշտում գտնվեն, մասամբ դրանք կնահանջեն: Եվ դրա համար ԵԱՏՄ անդամ երկրներում դեղորայքի միասնական շուկա ձևավորելու ծրագիրը միանշանակ ողջունում եմ»:

Մեր զրուցակցի գնատմամբ՝ արտաքին սահմանների մաքսային ձևակերպումների հետ միասնականացումը կստիպի, որ մանր-մունր կամ մեծ գողերը, որոնք ոչ թափանցիկ գործունեությամբ վտանգում են մեր երկրի շահերը,  ստիպված  կսկսեն ավելի թափանցիկ աշխատել:

«Եթե միասնականացվում է այս երևույթը, ապա դա նշանակում է, որ պետք է համպատասխան միջոցներ սահմանվեն ընդհանուր մոտեցումները խախտելու համար: Հիմա մաքսային սահմանների միասնականցումը նշանակում է, որ այս ճանապարհով ևս կվերացվեն բոլոր սուբյեկտիվ շահերը: Սա զսպաշապիկ է հանդիսանալու մեզ համար»,- եզրափակեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս