Հայաստանում բավականին բուռն քննարկումների առիթ դարձած հողեր հանձնելու թեման շարունակում է մնալ ակտուալ:
Մինչ Սերժ Սարգսյանն իր ելույթներում նշում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, նշելով որ դա բացառվում է. «Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը», այնուամենայնիվ նույն Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասում է, որ «հայկական կողմը պատրաստ է կատարել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները», իսկ թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, մնում է գաղտնի:
Այս ընթացքում Հայաստանում մի շարք մտահոգ անձանց կողմից կազմվում է Շուշիի հռչակագիր, որն իրենից ենթադրում է պահանջ իշխանություններին որևէ տարածքային զիջման չգնալ` համարելով դա պետական դավաճանություն:
Այս ֆոնին նաև հետաքրքիր է դառնում երեկ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի տված հարցազրույցը Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին, որտեղ անդրադառնալով տարածքների զիջմանը նա նշում է, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղի դեպքում, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։ Եվ ահա այս հարցազրույցի թարգմանությունից հետո էլ Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծում է. «Ոչ ոք չի ասել՝ զիջումներ, երբևիցե որևէ մեկը չի օգտագործել «զիջում» բառը, դա կա՛մ վատ թարգմանություն է, կա՛մ միտումնավոր վատ թարգմանություն ու ուղղված է ինչ-որ մանր, կեղտոտ խաղերի համար»:
Իսկ միգուցե արդեն ժամանակն է ժողովդրի առաջ բացել խաղաքարտերն ու տեղեկացնել նաև նրանց, թե սեղանին ինչ փոխզիջումներ են դրված և որոշում կայացնելուց առաջ էլ գուցե արժե գոնե մեկ անգամ սեփական ժողովրդի ձայնը լսել. չէ որ նման գործելաոճով ավելի է խորացվում ատելությունը և թերևս այս ամենից հետո զարմանալի չի լինի, որ այդ երեսուն ձերբակալվածներից զատ, էլի մարդիկ որոշեն «Ծուռ դառնալ» ու հետևանքները հաստատ կլինեն արյունալի…
Լիլիթ Շաբոյան