ՀԱՐՑ. Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ քայլ կարող է առաջարկել խաղամոլ մարդուն օգնելու համար: Ինչպե՞ս կարելի է այդ խնդրին լուծում տալ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Խաղամոլներին հատուկ են պատահականությունն ու ռիսկը, որով տարվելը հակառակ է բարոյական բոլոր նորմերին: Հեշտությամբ հարստանալու ցանկությունը հակառակ է Աստվածաշնչին: Խաղամոլ մարդը գերի է իր ցանկություններին, իսկ իմաստությունն ասում է, որ կրկնակի հաղթում է նա, ով կառավարում է իր անձը: Խաղամոլը հավատում է ոչ թե Աստծուն, այլ պատահականությանը, որի արդյունքում աստիճանաբար քայքայվում է բարոյականությունը, ու պատրաստ է ամեն քայլի, պակասում է հետաքրքրությունը շրջապատի, աշխատանքի նկատմամբ, եւ փոխարենն աճում են պարտքերը, ու ավելանում է սուտը: Այս ամենն իմանալով ու հասկանալով՝ խաղամոլի մտերիմները չպետք է լքեն եւ անտարբեր լինեն նրա նկատմամբ, նա կարիք ունի օգնության, աղոթքի: Անկեղծ սերը կարող է օգնել, իսկ չարանալով, մերժելով ավելի կկորցնենք այդ մարդուն, ում համար կարեւոր է գիտակցումը, որ զանազան խնդիրներով լեցուն այս աշխարհում դեռ կա սեր եւ ներողամտություն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, այս իրավիճակում գտնվող յուրաքանչյուր անձ ինքն իր ուժերով պետք է փորձի ետ կանգնել խաղամոլության կործանարար անդունդից: Եվ, իհարկե, խաղատներն ու նմանատիպ ժամանցի վայրերն էլ իրենց հերթին օրենքով սահմանված կարգով պետք է համապատասխան հսկողություն սահմանեն` հասարակության որոշ խավերի եւ տարիքի անձանց արգելելով հաճախել նմանատիպ վայրեր: