ԻՆՔՆԱԹԻՌԸ ԿԼՑՎԻ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Եվ, ինչպես միշտ, վարչապետի ղեկավարած պատվիրակության կազմը հագեցած է. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյան, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան, էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյան, էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյան, էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայան, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայան եւ պաշտոնատար այլ անձինք:
ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
«Հայաստանում միջին կենսաթոշակը կարելի է հասցնել մինչեւ 60-65 հազար դրամ, եթե տնտեսության մեջ օլիգարխների տիրապետություն չլինի»,-այս մասին երեկ հերթական անգամ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Օրինակ` վերջերս ինձ էր դիմել մի խոշոր գործարար եւ հարցնում էր, թե ձեռնտու է արդյոք այստեղ բջջային հեռախոսների վաճառքի ցանց բացել: Ես պատասխանեցի, որ չգիտեմ՝ ձեզ իշխանությունը թույլ կտա՞»,-Հայաստանի անազատ շուկային անդրադարձավ նախկին վարչապետը: Նշենք, որ 2014թ. Հայաստանում միջին աշխատանքային կենսաթոշակը նախատեսված է մինչեւ 36 հազար դրամ:
ՎԱՀԱՆԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ Է
168.am-ը փորձել է Վահան Հովհաննիսյանից պարզել, թե ինչու է ուշանում իր` Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու գործընթացը: «Իսկ ո՞վ ասաց, որ ուշանում է, ինչի՞ նրանք պետք է ձեզ պատասխանեն: Դուք որոշել եք, որ ուշանում է ու պահանջում եք պատասխան… Ո՞վ ասաց, որ ուշանում է»,-նյարդային արձագանքել է Հովհաննիսյանը` այդպես էլ անպատասխան թողնելով հարցը, թե արդյոք թուրքական լոբբինգն այնքան ուժեղ է, որ Գերմանիայում դեմ են նրա նշանակմանը:
ԿԴԻՏԱՐԿԵՆ
Նոյեմբերի 21-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) եւ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
ՎԱՏ ՑՈՒՑԱՆԻ՞Շ ՉԷ
Հարավային Կովկասի հարցերով Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին երեկ հայտարարել է, թե 2013-ին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 3-4 տոկոս: «Դա այնքան էլ վատ ցուցանիշ չէ՝ հաշվի առնելով ԱՄՀ-ի 2.9-տոկոսանոց կանխատեսումը»,-ընդգծել է Քերալին` համեմատության համար նշելով, որ Ռուսաստանի համար ԱՄՀ-ն կանխատեսում է 2.5-տոկոսանոց աճ՝ «չնայած բնական ռեսուրսների հսկայական բազային»: ՀԲ-ն առայժմ չի ավարտել հաջորդ տարվա համար կանխատեսումները, սակայն հուսով է, որ այդ ցուցանիշը կկազմի 4-5 տոկոս, ինչը երկու անգամ գերազանցում է ՎԶԵԲ-ի կանխատեսումը: