Օգոստոսի 29-30-ը «Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի փոխնախագահ Վլադիմիր Բոժկոյի հետ:
Ողջունելով հայ գործընկերոջը եւ շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու համար՝ Վլադիմիր Բոժկոն ներկայացրել է նորընտիր Մաժիլիսի կառուցվածքը, օրենսդրական գործունեության հիմնական ուղղությունները, միջխորհրդարանական համագործակցության առաջնահերթությունները: Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի փոխնախագահը նաեւ հատուկ անդրադարձ է կատարել հայ-ղազախական միջպետական հարաբերություններին, գոհունակությամբ ընդգծել դրանց բարեկամական, դաշնակցային բնույթն ու հույս հայտնել, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ունեցած դժվարություններին` երկկողմ տնտեսական կապերն ընդարձակվելու մեծ ներուժ ունեն:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ընթացքը, ընդգծել հայ-ղազախական հարաբերությունների խորհրդարանական բաղադրիչը զարգացնելու, մասնավորապես երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջեւ կապերն աշխուժացնելու եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության հուշագիր ստորագրելու կարեւորությունը: Արտակ Զաքարյանը եւ Վլադիմիր Բոժկոն նաեւ հանդես են եկել երկու երկրների խորհրդարաններում ստեղծված բարեկամության խմբերի փոխայցելություն կազմակերպելու առաջարկով:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի միջազգային կապերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի քարտուղար Իրինա Արոնովան, հայ-ղազախական բարեկամության խմբի նախագահ Բեյբըթ Մամրաեւը, Մաժիլիսի պատգամավոր Նարինե Միքայելյանը, ինչպես նաեւ Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը: