ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԱԽՈՂԵԼ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մեկ շաբաթ է մնացել ընտրացուցակների կազմման եւ մատնահետքերի բազայի ստեղծման համակարգի ներդրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետին, սակայն դեռեւս հայտնի չէ՝ արդյոք ԸՕ այս կարեւոր փոփոխությունները կյանքի կկոչվեն:

Տպավորություն է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է ձախողել նոր համակարգի ներդրումը, քանի որ մի կողմից՝ այն նոր գլխացավանք է առաջացնելու իշխանությունների համար ինչպես սուբյեկտիվ՝ վերարտադրության պրոցեսի բարդացման, այնպես էլ օբյեկտիվ՝ զուտ տեխնիկական խնդիրների կարգավորման տեսանկյունից: Մյուս կողմից էլ՝ արդեն իսկ կա Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական եզրակացությունն ու բարձր գնահատականը՝ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնության շուրջ, հետեւաբար իշխող ՀՀԿ-ին էլ պետք չէ նոր ջանքեր գործադրել՝ ընդառաջ գնալու ընդդիմության պահանջներին:
Բացի այդ, չմոռանանք, որ կա այդ համակարգերի ներդրման ֆինանսական կողմը՝ անհրաժեշտ 16 միլիոն եվրոյի հարցը, եւ մինչեւ հիմա պաշտոնապես չի հստակեցվում՝ արդյոք լուծվել է այդ խնդիրը, թե ոչ:
Ի վերջո, նոր համակարգի ներդրման համար ներկայումս ինչպիսի աշխատանքներ են տարվում սահմանված վերջնաժամկետից մեկ շաբաթ առաջ: Այս եւ ԸՕ փոփոխությունների հետ կապված այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, սեպտեմբերի 1-ին պետք է ընտրացուցակների կազմման եւ մատնահետքերի բազայի ստեղծման համակարգի ներդրման հարցը վերջնականապես լուծվի, սակայն մինչեւ այժմ որեւէ հստակություն չկա: Դուք կարո՞ղ եք պաշտոնապես հաստատել, որ ընտրացուցակների կազմման եւ մատնահետքերի բազայի ստեղծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է:
-Գումարի առկայության վերաբերյալ որեւէ պաշտոնական փաստաթուղթ չկա: Կան միայն բանավոր հավաստիացումներ:
-Հաշվի առնելով, որ ընդամենը մեկ շաբաթ է մնացել վերջնաժամկետին, կարո՞ղ եք նկարագրել, թե այդ աշխատանքները ներկայումս ինչ փուլում են գտնվում:
-Վերոնշյալի հիման վրա բանակցություններ են սկսվել մասնագիտացած կազմակերպության հետ, որը նշել է, որ տարեվերջից շուտ հնարավոր չի լինի ապահովել տասը մատնահետքերի ներդրման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները: Այդուհետ, բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով եւս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ, ինչը, մեր կարծիքով, անիրատեսական է՝ մեխանիզմները պատշաճ ներդնելու համար: Այդ իսկ պատճառով ներկայում իշխանությունը քննարկում է վերահսկողական լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, այս խնդիրը բուռն քննարկումների տեղիք է տվել եւ շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Լրագրողներիս մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՀՀ իշխանությունները, ի դեմս Ձեզ եւ Դավիթ Հարությունյանի, ամեն կերպ փորձում են խուսափել եւ ձախողել նոր համակարգի ներդրումը: Կարո՞ղ եք փաստարկված ներկայացնել, որ Դուք Ձեզանից կախված ամեն ինչ անում եք՝ նոր համակարգի ներդրումն իրականություն դարձնելու համար:
-Ստեղծված տպավորությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն. դա է փաստում վերոնշյալը:

 

 

 

 
ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ընթացիկ տարում ՀՀ պետական բյուջեից Հայաստանի հանրակրթական դպրոցներին հատկացվել է 26 միլիարդ 982 միլիոն 127 հազար դրամ, որից արդեն իսկ ծախսվել է 16 միլիարդ 71 միլիոն 874 հազար դրամը:

Նշված գումարից 3 միլիարդ 68 միլիոն 305 հազար դրամը հատկացվել է Արարատի մարզպետարանին, որից ծախսվել է 1 միլիարդ 904 միլիոն 397 հազար դրամ: Գրեթե նույն պատկերն է նաեւ Արմավիրի մարզում. այստեղ մարզպետարանին է հատկացվել 3 միլիարդ 81 միլիոն 572 հազար դրամ, որից ընթացիկ տարում ծախսվել է 1 միլիարդ 810 միլիոն 295 հազար դրամ: 3 միլիարդ 154 միլիոն 826 հազար դրամ էլ պետական բյուջեից հատկացվել է Լոռու մարզպետարանին, որից եւս գրեթե նույն չափաբաժնով գումար է ծախսվել` 1 միլիարդ 822 միլիոն 258 հազար դրամ: Գեղարքունիքում եւս հատկացված 3 միլիարդ 76 միլիոն 747 հազար դրամից ծախսվել է կեսից ավելին՝ 1 միլիարդ 779 միլիոն 169 հազար դրամ:
Իսկ, ահա, մյուս մարզերին ավելի քիչ գումար է հատկացվել: Մասնավորապես՝ նկատելիորեն պակաս գումար է տրամադրվել Վայոց ձորի մարզպետարանին` 749 միլիոն 16 հազար դրամ, որից ծախսվել է 435 միլիոն 428 հազար դրամը: Կամ այստեղ հանրակրթական դպրոցներում վիճակն այնքան բարվոք է, որ ավել գումար հատկացնելու կարիք չկար, կամ արտագաղթի պատճառով համեմատաբար փոքր այս մարզում աշակերտների թիվը շեշտակի նվազել է, համապատասխանաբար արվելիք ծախսերը՝ նույնպես:
Պետական բյուջեից Կոտայքի մարզպետարանին է հատկացվել 2 միլիարդ 883 միլիոն 757 հազար դրամ, որից ծախսվել է 1 միլիարդ 678 միլիոն 321 հազար դրամ, իսկ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 2 միլիարդ 892 միլիոն 676 հազար դրամ, որից ծախսվել է` 1 միլիարդ 763 միլիոն 254 հազար դրամ:
2 միլիարդ 181 միլիոն 778 հազար դրամ էլ հանրակրթական դպրոցների կարիքները հոգալու համար հատկացվել է Արագածոտնի մարզպետարանին, որի կեսից ավելին՝ 1 միլիարդ 317 միլիոն 748 դրամն արդեն ծախսվել է:
Համեմատած քիչ գումար է հատկացվել Սյունիքի մարզպետարանին` 1 միլիարդ 919 միլիոն 428 հազար դրամ, որի հիմնական մասը՝ 1 միլիարդ 230 միլիոն 719 հազար դրամը, արդեն իսկ ծախսված է: Նույն պատկերն է Տավուշի մարզպետարանին արված հատկացումների դեպքում` 1 միլիարդ 897 միլիոն 885 հազար դրամից ծախսվել է 1 միլիարդ 158 միլիոն 237 հազար դրամը:
Նշենք, որ պետական բյուջեից Երեւանի հանրակրթական դպրոցների կարիքները հոգալու համար 2 միլիարդ 16 միլիոն 132 հազար դրամ է հատկացվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որից 1 միլիարդ, 172 միլիոն, 44 հազար դրամն արդեն ծախսված է:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ նաեւ մշակութային ծառայությունների համար արված ֆինանսական հատկացումներին: Եւ այսպես, մշակութային ծառայությունների համար հատկացվել է 15 միլիարդ 44 միլիոն 990 հազար դրամ, որից այս պահի դրությամբ ծախսվել է 8 միլիարդ 571 միլիոն 668 հազար դրամը:
Նշված գումարից գրադարանների համար հատկացվել է 1 միլիարդ 753 միլիոն 595 հազար դրամ, որից արդեն իսկ ծախսվել է 1 միլիարդը: Թանգարանների պահպանման համար հատկացվել է 2 միլիարդ 433 միլիոն 347 հազար դրամ, որից ծախսվել է շուրջ 1 միլիարդը: Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման համար հատկացվել է 457 միլիոն 407 հազար դրամ, որից ծախսվել է 241 միլիոնը: Իսկ մնացած գումարները հատկացվել են մշակութային տների, կենտրոնների, արվեստի, կինոմատոգրաֆիայի եւ այլ մշակութային կազմակերպությունների համար:
Անշուշտ, իր մշակույթով հպարտացող եւ գիտելիքահեն տնտեսության տեսլական ունեցող երկրի համար նման հատկացումները չափազանց քիչ են: Սակայն մյուս կողմից էլ, եթե այդ միջոցները նպատակային տնօրինվեն, անկասկած հնարավոր է առավել լավ արդյունքների հասնել:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԵՆԻՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը օգոստոսի 19-ին որոշել է կարգապահական տույժի ենթարկել իրենց մարզի Ղազանչիի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարտուն Խաչատրյանին: Բանն այն է, որ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության կողմից ուսումնասիրություն է անցկացվել վերոնշյալ դպրոցում: Ինչի արդյունքում մարզպետ Սիմոնյանը որոշում է կայացրել աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նկատողություն հայտարարել Մ. Խաչատրյանին: Ավելին՝ դպրոցի տնօրենը պետք է մեկամսյա ժամկետում վերացնի ուսումնասիրության արդյունքում արձանագրված խախտումներն ու թերությունները: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Մ. Խաչատրյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց:

 

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԲ
Ընթացիկ ամսվա առաջին քսան օրերի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ 23 միլիարդ 15 միլիոն 300 հազար դրամի պետական պարտատոմսեր է աճուրդի հանել: Ասել կուզի՝ Հայաստանի պետական պարտքը միայն այդ գործարքների արդյունքում արդեն իսկ 23 միլիարդով, կամ նույնն է, թե 48 միլիոն դոլարով արդեն իսկ ավելացել է: Սակայն ամիսը դեռ չի ավարտվել, եւ ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր պարտատոմսեր եւս կհասցնի աճուրդի հանել: Մի խոսքով, ՀՀ կառավարությունը շարունակում է պետական ծախսերը պարտքով հոգալ, իսկ պետբյուջեի եկամուտները գնալով պակասում են: Մինչեւ երբ կարող է այսպես շարունակվել, դժվար է ասել: Բայց սովորաբար, ոչ մի երկիր չի կարողացել պարտքերով հավերժ հոգալ պետության կարիքները:

 

 

ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ
Մեկ ամիս առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երեւանի փրկարարական վարչության պետ նշանակված, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, պետք է արձանագրենք, որ Երեւանի նախկին ոստիկանապետը ոչ մի գույք չունի, ավտոմեքենա եւս չունի, մինչեւ նոր աշխատանք ունենալը որեւէ եկամուտ չի ունեցել: Նրա միակ ունեցվածքը 30 հազար դոլար եւ 10 միլիոն դրամ դրամական միջոցներն են: Հիշեցնենք, որ Նազարյանի՝ որպես Երեւանի ոստիկանապետ պաշտոնավարելու տարիներին, նրա ընտանիքը հսկայական կարողության տեր էր դարձել, նրա ընտանիքի անդամների ծախսերի վերաբերյալ Հայաստանում լեգենդներ էին շրջում: Սակայն ոստիկանապետի պաշտոնը 2014-ին կորցնելուց հետո Նազարյանների կարողությունը շատ արագ «անհետացավ», եւ նրանց պատկանող ընկերությունները մեկը մյուսի հետեւից սկսեցին սնանկանալ:




Լրահոս