Գյումրիում եւ Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է մեկ ամիս: Արդեն հայտնի է, թե որ ուժերը եւ ում առաջնորդությամբ են մասնակցելու հոկտեմբերի 2-ին ՀՀ երկրորդ եւ երրորդ քաղաքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով կայանալիք ՏԻՄ ընտրություններին: «Ժողովուրդ»-ը զրուցել է Վանաձորում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանի հետ:
-Պարո՛ն Ասլանյան, շուրջ մեկ ամիս է մնացել Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Դուք ինչպե՞ս եք գնահատում հաղթելու Ձեր շանսերը եւ, առհասարակ, չլինելով քաղաքական գործիչ` քաղաքական պայքարում ինչպե՞ս եք Ձեզ դրսեւորում:
-Նորմալ նախընտրական ընթացք է, մի քիչ եռուզեռ, մի քիչ աշխատանք: Այս պահին որեւէ լարվածություն չեմ տեսնում: Մեր թիմը շատ ավելի աչալուրջ, շատ ավելի վստահ է իր ուժերին, մենք այս պահին ոչ թե քաղաքական ինչ-որ ինտրիգների դաշտում ենք աշխատում, այլ ծրագրերի վրա: Բնականաբար ես վստահ եմ իմ ուժերին եւ ես դա համարում եմ շատ նորմալ, առողջ մրցակցություն: Այդ առողջ մրցակցության ֆոնի վրա էլ մեր շանսերը գնահատում եմ շատ բարձր, որովհետեւ նախապայմաններն ու նախադրյալները կան:
-Նշում եք, որ առողջ մրցակցություն է ընթանում, սակայն երեկ ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Վանաձորում մարդկանց վրա ճնշումներ են գործադրվում, անգամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության էջին ֆեյսբուքում «լայք» դնելու համար Վանաձորում մարդ են ազատում աշխատանքից:
-Դրանք բոլորը մեծ մասամբ շինծու, նախընտրական տեխնոլոգիաների մեջ մտնող երեւույթներ են: Իրենց վրա որեւէ ճնշում, գոնե մեզ համար, տեսանելի, շոշափելի չկա, նմանատիպ որեւէ փաստ Վանաձոր քաղաքում գոնե արձանագրված չէ: Ես չգիտեմ, միգուցե ուրիշ տարածքներում եղել են, ես անկեղծ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց հավաստիացնում եւ վստահեցնում եմ, որ Վանաձոր քաղաքում նմանատիպ երեւույթներ` կապված իրենց կողմից հնչեցված մանկապարտեզներ երեխաներ ընդունելու հետ, չգիտեմ, տարածքներն իրենց տրամադրել-չտրամադրելու եւ այլնի հետ, բացարձակ ստահոդ տեղեկատվություն է, պաշտոնապես հայտարարում եմ: Վանաձորն այն քաղաքը չի, որտեղ ճնշումներով քաղաքապետ ընտրեն, Վանաձորը ընտրելու է քաղաքին տեր եւ ծառա: Քաղաքական աճպարարությունները, կարծում եմ, որ այստեղ այդքան էլ էական չեն:
-Պարո՛ն Ասլանյան, Երեւանի ՀՀԿ կառույցից ովքե՞ր են Ձեզ օգնում՝ ընտրություններին ցանկալի արդյունք ունենալու համար:
-Մենք մեր քաղաքում ենք ապրում, մեզ ով պետք է օգնի: Մեր քաղաքացիները, մեր ընկերները, վանաձորցիներն են օգնում: Մենք որեւիցե օգնության խնդրանքով որեւէ մեկին չենք դիմել, որ մեզ օգնեն՝ այստեղ մեր հարցերը լուծելու: Ընդհակառակը, մենք նույնիսկ հակված ենք նրան, որ Երեւանից եկած որեւէ պաշտոնյա, կլինի դա ընկեր, բարեկամ թե ծանոթ, վանաձորյան ընտրություններին չմասնակցի, մեզ համար այդ ոճը խորթ է: Մեր քաղաքական օպոնենտները, իհարկե, իրենց երեւանյան գործընկերներին ողջ հրետանիով ուզում են ներգրավել, բայց մենք հակված ենք, որ սա մեր ընտրություններն են, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքի կառավարիչի ընտրություններն են, հետեւաբար այստեղ մասնակցություն պետք է ունենա մեր հասարակությունն ու մեր քաղաքը: Չնայած Երեւանը մեր մայրաքաղաքն է, մեր աչքի լույսն է, բայց մեզ համար մեր օգնական ուժերը գտնվում են մեր կողքին` ամենօրյա ռեժիմով, հավատով, վստահությամբ լցված մեր նկատմամբ:
-Ապրիլին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր իրազեկում հանրությանը նախընտրական քարոզարշավի մանրամասների մասին: Այժմ ո՞վ է ՀՀԿ-ից Վանաձորի ընտրությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու:
-Վանաձորը իր բովանդակությամբ, էությամբ, իր աուրայով շատ ավելի ուրիշ քաղաք է, վանաձորցին սիրում է վանաձորյան արմատ եւ ծագում ունեցող եւ տեղեկատվական մասնագետների եւ լրագրողների, եւ մենք չենք ուզում որեւէ մեկին ներառել մեր ընտրարշավային որեւէ պրոցեսի մեջ: Չեմ կարծում՝ ինչ-որ որոշումներ կան, որ որեւէ մեկը պետք է մեզ աջակցի: Մեզ ո՛չ Երեւանից, ո՛չ Գյումրիից, ո՛չ մի տեղից որեւէ մեկը չի ուղեկցում կամ ուղղորդում, մենք մեր աշխատանքն ենք անում, լուռ նստած մեր ծրագրերի վրա ենք աշխատում, որ կարողանանք ընտրարշավի ժամանակ մեր քաղաքացիներին իրազեկել, թե մենք կոնկրետ ինչ գործունեություն ենք ծավալելու, ինչ արդյունքներ ենք արձանագրելու քաղաքի կառավարումը ստանձնելուց հետո:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ, ԽՈՍՏԱՑԱՆ, ԲԱՅՑ ՉԱՌԱՋԱԴՐՎԵՑԻՆ
Վանաձորի ավագանու՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու են 8 կուսակցություններ՝ 326 թեկնածուներով: Տարածքային ընտրական հանձնաժողովում գրանցվել են ՀՀԿ-ն՝ Մամիկոն Ասլանյանի գլխավորած ցուցակով, ԲՀԿ-ն՝ Այծեմնիկ Օհանյանի, «Լուսավոր Հայաստան»ը՝ Քրիստ Մարուքյանի, «Հայկական վերածնունդը»՝ Արկադի Փելեշյանի, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Արամ Խաչատրյանի, ՀՅԴ-ն՝ Նելսոն Մամուլյանի, «Համախմբումը»՝ Վահան Ղույումչյանի եւ ՀԱԿ-ը՝ Ռուդիկ Ոսկանյանի գլխավորած ցուցակներով:
ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցելու «Ժառանգություն», «Հայաստանի կոմունիստական» եւ «Ալյանս» կուսակցությունները: Ի դեպ, վերջին երկուսը դեռ ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել էին ոչ միայն մասնակցության մասին, այլեւ անգամ հայտնել էին ցուցակը գլխավորողների անունները: Ներկայումս, սակայն, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» ՏԻՄ ընտրություններում իր չառաջադրվելը բացատրում է ֆինանսական խնդիրներով: Կուսակցութան՝ Վանաձորի կառույցի ղեկավար Անդրանիկ Ղուկասյանի խոսքով՝ իրենք պարզապես չեն կարողացել ընտրագրավը վճարել:
Ավագանու ամենամեծ ցուցակն ունի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, այն գլխավորում է Արկադի Փելեշյանը, ով Վանաձորի գործող ավագանու անդամ է: Ի դեպ, նա Վանաձորի ոստիկանապետի սանիկն է, զբաղվում է բիզնեսով, նաեւ երթուղային գծի սեփականատեր է: ՀՀԿ-ն եւս մեծ ցուցակ է ներկայացրել՝ 68 թեկնածու, որոնց մեջ տեղ են գտել տարբեր ոլորտի ներկայացուցիչներ՝ փոխմարզպետ, մարզպետի օգնական, քանդակագործ, մանկավարժ, սպորտսմեն, մանկապարտեզի ու մշակույթի տան տնօրեններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: ՀՀԿ ցուցակի 16 անդամներ անկուսակցական են:
Ավագանու ամենասակավաթիվ ցուցակը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 21 հոգի: Ինչ վերաբերում է գրասենյակներին, ապա այս առումով Վանաձորում ամենաակտիվը «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է, որը թվով ամենաշատ գրասենյակներն է բացել: Վերջին երկու համապետական ընտրություններում իշխանությանը ոչ ասած Վանաձորում ներկայումս նախընտրական որեւէ գործընթաց տեսանելի չէ, չհաշված բակային հանդիպումները: Նախընտրական քարոզչությունը Վանաձորում կմեկնարկի սեպտեմբերի 9-ից:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգով գնել է էլեկտրական ապրանք: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել գնման այս գործընթացին: Ըստ գնումների աջակցման կենտրոնի՝ «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գնահատման կարգով սահմանված համանման համարվող տնտեսական գործունեության տեսակը չի համապատասխանել ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված պահանջներին: Այն է՝ շինարարական ծրագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում է, որ եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով:
ԱԶԱՏՎԵԼՈՎ ՀՆԻՑ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի` օգոստոսի 22-ի հրամանով վաճառքի է հանվել «Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված օտարման ենթակա գույքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ աճուրդի հանված գույքը հիմնականում ռուսական հին արտադրության 34 ավտոմեքենաներ են: Վաճառվում են 13 հատ 1990 թվականի արտադրության «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա, 1983 թվականի արտադրության «Մոսկվիչ-2140», 1999 թվականի արտադրության «Գազ 3110» եւ այսպես շարունակ:
ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատներին այս օրերին ՀՔԾ քննիչները հրավիրում են հարցաքննության եւ փորձում ինչ-որ տվյալներ ստանալ: Խմբավորման կալանավորված անդամների հարազատներին, որոնք տարբեր ընկերություններում կամ ձեռնարկություններում են աշխատում, իրենց ղեկավարները հասկացնում են, որ լավ կլինի, եթե նրանք դիմում գրեն եւ ազատվեն: Մեր տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Վարդանյանի որդին` Պարույր Վարդանյանը, որը աշխատել է «Սարգիս Կարոլինա» ընկերությունում, օրերս ազատվել է աշխատանքից: Ըստ էության, մասնավոր ընկերությունները վախենում են, որ «Սասնա ծռերի» հարազատին իրենց ընկերությունում աշխատանք տալով՝ կարող են խնդիրներ ունենալ ՀՀ իշխանությունների եւ հատկապես իրավապահների հետ: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Սարգիս Կարոլինան» կապվում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանի անվան հետ: