ՈՐՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿՈՇՏԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում հայկական կողմերի՝ Երեւանի ու Ստեփանակերտի դիրքորոշումներում շոշափելի փոփոխություն է նկատվում: Մասնավորապես, օգոստոսի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով փոխզիջումների մասին, հայտարարեց. «Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ»: Սա այն դեպքում, երբ դրանից առաջ հայաստանյան պաշտոնյաները խոսում էին փոխզիջումների անհրաժեշտության մասին, նույնիսկ այդ ամենը, մի տեսակ, հասարակության տրամադրությունները զոնդաժի ենթարկելու որոշակի տակտիկա էր հիշեցնում:

Իսկ ընդամենը մի քանի օր առաջ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ղեկավար Լեւոն Մնացականյանը ռուսական «Ռեգնում» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել էր, թե հայկական կողմն ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած դիրքերը հետ բերելու հնարավորություն դեռ կունենա: Հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրար հետեւից արված նման հայտարարություններն ամենեւին պատահականություն կամ սեփական մոտեցումներով պայմանավորված խոսքեր չպետք է դիտարկել: Առավել եւս, եթե հաշվի ենք առնում, թե դրանից առաջ ներքին ու արտաքին քաղաքական ինչ գործընթացներ տեղի ունեցան: Ներքին առումով հուլիսին տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի զինված գործողությունը, որի ժամանակ պահանջ հնչեց նաեւ տարածքների վերադարձման բացառման մասին, եւ հասարակական տրամադրություններն այսօր առավել քան մինչ այդ, նման սցենարի դեմ են: Արտաքին առումով, նախ, օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ապա՝ օգոստոսի 9-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո էլ, ինչպես նշեցինք, օգոստոսի 10-ին իր մոտ ընդունեց Սերժ Սարգսյանին: Այդ հանդիպումների ժամանակ, բնականաբար, չի շրջանցվել արցախա-ադրբեջանական հակամարտության խնդիրը, ինչից հետո թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում տարածքների վերադարձման մասին տեղեկատվություն սկսեց շրջանառվել:
Իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ ինչն է իրական պատճառ հանդիսացել պաշտոնական Երեւանի դիրքորոշման փոփոխության համար: Արդյո՞ք Կրեմլում հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին հասկացրել է, որ չի աջակցելու կամ օժանդակելու Ալիեւին տարածքների հանձնման հարցում: Կամ, հակառակը, արդյո՞ք հայկական կողմերը տեղեկացել են Պուտին-Ալիեւ եւ Էրդողան-Պուտին հանդիպումների ժամանակ տրված նման հավաստիացումների մասին եւ փորձում են այսկերպ գրավել ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրների ուշադրությունը, որպեսզի վերջինները դիմեն պրեւենտիվ քայլերի եւ բացառեն ռուս-թուրք-ադրբեջանական գործակցությունը: Մանավանդ, որ այդ հանդիպումներից հետո սկսեցին լուրեր շրջանառվել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Թուրքիային որպես միջնորդ ներգրավելու մասին:
Մյուս կողմից էլ, իհարկե, չի բացառվում, որ հայկական կողմերը փորձում են Սարի թաղի դեպքերից հետո գնալ ներքին պահանջների բավարարման, որպեսզի այդ ուղղությամբ լարումներ չլինեն: Ամեն դեպքում՝ մի բան ակնհայտ է. Երեւանում ու Ստեփանակերտում խոսում են այլ տրամադրությունների մասին, կտրուկ կոշտացնում սեփական դիրքորոշումները: Փաստացի Շավարշ Քոչարյանը հասկացնում է, որ Հայաստանը չի պատրաստվում այլեւս հանդես գալ միակողմանի զիջողի դերում, իսկ Լեւոն Մնացականյանի հայտարարությունը՝ կորցրած դիրքերը հետ բերելու առիթի մասին, նշանակում է, որ ոչ միայն զիջումներ չեն լինելու, այլեւ պետք է ամեն գնով գնալ ապրիլին կորցրած տարածքների վերադարձմանը: Այսինքն՝ եթե փորձենք քաղաքական տեսանկյունից նայել հարցին, ապա ՀՀ դիվանագետը հայտարարում է չզիջելու, իսկ ԼՂՀ ուժայինը՝ կորցրածը հետ բերելու մասին, ստացվում է՝ հայկական կողմերը փորձում են հստակ ուղերձ հղել գերտերություններին եւ հենց Ադրբեջանին, որ ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական ճակատներով պատրաստվում են ընդունել առկա մարտահրավերը: Թե ինչպիսի հետեւանքներ կունենա այս փոփոխոթյունը, այն արդյոք շարունակական բնույթ կկրի եւ ինչպես կընդունվի գերտերությունների կողմից, պարզ կդառնա առաջիկայում:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
ԼՈՌՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՎԵԼ

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում շուրջ 20 օր է, ինչ անասունների շրջանում տարածված է դաբաղ հիվանդությունը: Հիվանդության առաջին նշաններն ի հայտ են եկել սարերում, որոնք հարակից են Հրազդանին: Գյուղացիները փորձում են սեփական ուժերով կանխել հիվանդության տարածումն ու բուժել հիվանդ անասուններին: Համայնքում այս պահին շուրջ 200 հիվանդ անասուն կա: Մի քանիսը արդեն իսկ սատկել են, մի քանիսն էլ կամ կսատկեն, կամ էլ հարկադիր սպանդի կենթարկվեն. «4 հատ կով ունենք, 4-ն էլ հիվանդ են: Մի շաբաթ ա, դեղ ենք առնում, ուզում ենք բուժել, բայց դե…կաթ չեն տալիս, ցամաքել են, հորթերը հիվանդացել են, մենք էդ կաթը ծախելով էինք ապրում, բայց էսօր փաստի առաջ ենք կանգնել»,-մեզ հետ զրույցում ասաց Մարգահովիտի բնակիչ Ալվարդ Ալչանգյանը:

Անասնատերերն ասում են, որ ֆինանսական մեծ խնդիրների առաջ են կանգնել, քանի որ նախ անասուններին դեղորայքով բուժելը թանկ է, հետո էլ կենդանիները չեն կթվում, նիհարում են ու սատկում:
Նկատենք, որ դեռ գարնանը անասունները պատվաստվել են դաբաղ հիվանդության դեմ, սակայն թե ինչու են հիմա կենդանիները վարակվել, չգիտեն. «Մասնագետներն ասում են, որ պատվաստանյութը մի քանի ենթատեսակի համար է, իսկ մեր կենդանիներն այլ տեսակով են վարակվել»:
Գյուղում հիվանդության հետ կապված նաեւ անկման դեպքեր են գրանցվել: Բնակիչներն ասում են, հիվանդությունը կարող է եւ տարածվել, իսկ մինչ մասնագետները բուժումներ են նշանակում, անասունները ժամանակից շուտ իջեցվում են հանդամասերից, կովերը չեն կթվում, կթած կաթն էլ կամ խոզերին են տալիս, կամ էլ թափում են:
Մարգահովիտի գյուղապետ Սամվել Անանյանն ասում է, որ հիվանդության առաջին դեպքերը նկատվել են 20 օր առաջ. «Սարից տեղեկացրեցին, որ անասունների ոտքերի հետ կապված խնդիր կա, մենք գնացինք հանդամաս մասնագետների հետ, պարզվեց՝ դաբաղ են ընկել անասունները: Ըստ անասնապահների՝ դաբաղը եկել է Հրազդանի արոտներից: Հիմա կարծես թե նահանջել է, բայց անասնատերերը հեռագնա արոտներից անասուններին արդեն իջեցրել են գյուղ: Խնդիրն իսկապես կա, մոտ 200 հիվանդ անասուն կա»: Չնայած համայնքի ղեկավարը հայտարարում է, որ գյուղում դաբաղից անասուններ չեն անկվել, բնակիչները սակայն հակառակն են փաստում՝ մատնանշելով այն անասնատերերին, որոնց կենդանիները կա՛մ սատկել են, կա՛մ էլ հարկադիր սպանդի ենթարկվել.«Դիմում ենք գյուղի անասնաբույժին ու գյուղապետին, ոչ ոք լուրջ ուշադրություն չի դարձնում, 100 հազարի մենակ դեղ եմ առել, հիմա չգիտեմ՝ օգուտ է տալիս թե վնաս, պետք ա լուրջ ուշադրություն ու մոտեցում լինի գյուղացու ու ստեղծված իրավիճակի հետ կապված»,-ասաց Սասուն Պողոսյանը, ում 180 կգ քաշով կովը երեկ է սատկել դաբաղ հիվանդությունից, մյուսը եւս սատկելու է:
Անասնապահությամբ զբաղվող Մարգահովիտում բնակիչները շվարած են: Ապրուստի թերեւս շատերի համար միակ միջոց հանդիսացող անասնապահությունը վտանգված է: Բնակիչները մի բան են խնդրում՝ լուրջ քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում հիվանդությունը կտարածվի նաեւ գյուղի արոտներում ու հարակից գյուղերում:
Նկատենք նաեւ, որ դաբաղի դեպքեր մեկ ամիս առաջ գրանցվել է նաեւ Գուգարք գյուղում: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Գուգարքի ղեկավարը՝ այդպես էլ չկարողանալով նշել, թե քանի կենդանի է վարակվել:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 
ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Վահագն Ամիրյանին, Անդրանիկ Իսախանյանին եւ Արարատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հուլիսի 25-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, Իջեւան քաղաքի ավագ դպրոցի հարակից տարածքում Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ փորձել են վերջինիս կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահագն Ամիրյանը քաշքշել, ապտակել եւ բռնության գործադրման սպառնալիքներ է տվել Խաշթառակի բնակչուհուն, Անդրանիկ Իսախանյանը ոտքով հարվածել եւ բռնության գործադրման սպառնալիքներ է տվել աղջկան, Արարատ Խաչատրյանը քաշքշել, ապտակել եւ բռնության գործադրման սպառնալիքներ է տվել: Չափահասներ Վահագն Ամիրյանի եւ Անդրանիկ Իսախանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու համար ստորագրությունը, իսկ անչափաս Արարատ Խաչատրյանի նկատմամբ՝ հսկողության հանձնելը: Սակայն այդ պահին մոտեցած Ատոմ Հաթամյանի դիտողությունից հետո նրանք դադարեցրել են իրենց գործողությունները, իսկ աղջիկը դիմել է փախուստի: Երեքի հանդեպ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Բռնաբարության փորձը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից): Սույն հոդվածով բնութագրվող գործողությունների համար նախատեսվում է 4-10 տարի ազատազրկում: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

 

ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի ութամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ: Այս տարվա սեպտեմբերի 1-ին Բարեկամավանի միջնակարգ դպրոցը կունենա 21 աշակերտ: Սահմանամերձ գյուղի կրթօջախում նոր ուսումնական տարում չի լինի առաջին դասարան: Այս տարի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղի միջնակարգ դպրոց կհաճախի 122 աշակերտ: 1980-ական թվականներին Մովսեսի միջնակարգ դպրոցն ուներ շուրջ 1200 աշակերտ: Այժմ Մոսկվայի հանրակրթական դպրոցներում դասարաններ կան, որտեղ աշակերտների մեծամասնությունը մովսեսցի է: Արտագաղթի պատճառով խորհրդային տարիների համեմատ աշակերտների թիվը բազմակի նվազել է նաեւ Կոթիի, Ոսկեպարի, Չինարիի, Այգեձորի եւ այլ սահմանամերձ կրթօջախներում: Սա ռազմավարական նշանակության հարց է, որը, սակայն, համարժեք ընկալում չունի հայրենի իշխանությունների կողմից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս