«ՉԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների` զենքերը վայր դնելուց եւ իշխանություններին հանձնվելուց հետո մեր քաղաքացիների շրջանում հակասական տրամադրություններ էին տիրում: Հանրության մի ստվար զանգված անորոշության մեջ էր, մյուս մասը հիասթափություն էր զգում, մեկ այլ հատված էլ խրախուսում էր խմբավորման անդամների արարքը: «Ժողովուրդ»-ը զրուցեց դերասանուհի, ռեժիսոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Թամար Հովհաննիսյանի հետ, ով ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիաների առաջնորդներից մեկն է:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, «Սասնա ծռեր»-ի գործողություններին հաջորդած իրավիճակից ի՞նչ ենթադրություններ կարելի է անել, մի՞թե նույնիսկ զենքի ուժով մեր երկրում հնարավոր չէ հասնել փոփոխությունների:
-Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ժողովուրդն անհամբերի, իր գործը մինչեւ վերջ չտանողի, ժամանակից շուտ արդյունքներ ակնկալողի նկարագիր ունի: Մարդիկ շատ շուտ են հուսահատվում եւ սկսում եզրակացություններ անել: Չէ՞ որ ժողովուրդը կազմված է անհատներից, եւ ամեն մարդ նախ պետք է վերանայի սեփական տեսակետը, այլ ոչ թե կանխագուշակություններով կամ վերլուծություններով զբաղվի: Պետք է դուրս գալ, քայլել այն վայրը, որտեղ տեղի է ունենում պայքար` ի պաշտպանություն քո երկրի պետականության: Օրինակ` Ազատության հրապարակում ամեն ուրբաթ հավաքներ են լինում, դատարաններում «Սասնա ծռեր»-ի անդամների դատերն են ընթանում, բողոքի ակցիաներ են կազմակերպվում եւ այլն: Իսկ մարդիկ փոխարենը մասնակցեն դրանց, վաճառողուհուց մինչեւ տաքսու վարորդ հարցնում են` ոնց եղավ, ինչ եղավ: Այսինքն` հերիք չի մարդիկ մասնակից չեն գործողություններին, դեռ մենք էլ պետք է հաշվետու լինենք իրենց: Բանից դուրս է գալիս, որ ժողովուրդն ակտիվ է հետաքրքրվելու, որակումներ տալու դեպքում: Փոխանակ պայքարելու, նման արտահայտություններ են անում. «Սաղ սուտ ա», «Ամեն ինչ փողով ա էս կյանքում», «Ա՛յ մարդ, էս իշխանությունների դեմ խաղ չկա» եւ այլն: Այնինչ, երբ մարդ չի պայքարում որեւէ բանի համար, նա չի կարող լիարժեք լինել: Ի վերջո, մենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ ենք, իսկ այն, կարծում եմ, ուսմունք է, որը դրդում է մարդուն ձգտել դեպի կատարյալը: Քրիստոսն ինքը մարդ էր, որը ձգտում էր կատարյալին եւ դրա համար աստվածացավ:
-Քաղաքական կյանքում ակտիվություն ցուցաբերելուց հետո իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ուղղակի կամ անուղղակի ճնշումներ եղե՞լ են :
-Չէ, բայց արդեն վախով եմ դա ասում, հանկարծ ինքս ինձ աչքով չտամ (ծիծաղում է): Մտածում եմ` կա՛մ ինձ լուրջ բանի տեղ չեն դնում, կա՛մ Մհերի (Թամար Հովհաննիսյանը նշանավոր արտիստ Մհեր Մկրտչյանի այրին է -հեղ.) անունից են խույս տալիս, կա՛մ կին եմ, դրա համար չեն ճնշում, կա՛մ էլ պատրաստվում են «մեծամասշտաբ գրոհի» (ծիծաղում է). խոսքը վրաս բիծ փնտրելու, ժողովրդի մոտ խայտառակ անելու, ինձ զզվեցնելու ու այդ կերպ երկրից հեռացնելու մասին է: Բայց ես նման փորձառություն արդեն ունեմ. երբ արտերկրում էի ապրում, իմ մասին ինչ աբսուրդ բան ասես խոսել են…
-Դուք ի՞նչ կարծիք ունեք այն արվեստագետների մասին, որոնք թեական վերաբերմունք ունեն բողոքի ակցիաների միջոցով ինչ-որ բան դեպի լավը փոխելու տեսլականի նկատմամբ:
-Դա իրենց գործն է, որը ինձ չի վերաբերում: Եթե այդ մարդիկ այնքան խելացի են, որ պայքարի ալտերնատիվ տարբերակներ ունեն, թող դիմեն դրանց, թող այդ «գաղտնի» ճանապարհներով պայքարեն: Գիտեք` շատ հայտնի, ինձնից էլ տարիքով մեծ մի արվեստագետ (անունը չեմ տա), ասաց. «Է՜, խելքի արի, միտինգ անելով չի»: Ես լռեցի, որովհետեւ ոչինչ չունեի ասելու: Նա այդպես է կարծում, որովհետեւ իրեն հարմար է այդպես կարծել: Իսկ մենք այնպիսի վիճակում ենք, որ անպատեհ դատողություններ ու վերլուծություններ անելու իրավունք չունենք: Պետք է վայր դնենք գրիչը, փակենք մեր բերանը, դուռը բացենք եւ, ինչպես նշեցի, գնանք դեպի գործողության վայր: Յուրաքանչյուրը, հանուն երկրի պետականության եւ հանուն վաղվա օրվա, պետք է պատասխանատվություն կրի անցյալի, ներկայի ու ապագայի, եւ, ի վերջո, իր մարդկային բնույթի առջեւ:

 

 

 
ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ Է ԾԱԽՍՎԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղված հարցման միջոցով փորձեց պարզել` 2015 թ. հուլիսից մինչեւ 2016 թ. հուլիսը նախարարությունը պետական բյուջեից որքան գումար է ծախսել սեմինարների, համաժողովների եւ աշխատանքային այլ հավաքույթների կազմակերպման համար: Մենք խնդրեցինք փոխանցել նաեւ տվյալ ժամանակահատվածում վերոնշյալ հավաքույթների քանակը եւ ամեն հավաքույթին հատկացված գումարի չափը:

Այսպիսով` մեզ պատասխանեցին, որ նշյալ ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեով նախարարությանը տրամադրված միջոցներից համաժողովների կազմակերպման համար հատկացվել է 70 միլիոն 718 հազար դրամ: Մասնավորապես` 2015 թվականի հուլիսի 9-11-ը կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի հոբելյանական 30-րդ նիստը (19 միլիոն 243 հազար դրամ) եւ 2015 թ. հուլիսի 11-14-ը` «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ-2015 օրակարգ» կայուն զարգացման օրակարգում» խորագրով միջազգային 3-րդ նախարարական համաժողովը (25 միլիոն 372 հազար դրամ): Արդեն 2016 թ. հունիսի 14-19-ը կազմակերպվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIM) 60-րդ հոբելյանական վեհաժողովը` Հայաստանում (26 միլիոն 111 հազար դրամ):
Համեմատության համար նշենք, որ եթե ուսումնասիրելու լինենք ՀՀ մշակույթի նախարարության 2016 թվականի պետական բյուջեով հաստատված բյուջետային հատկացումների բաշխումը ըստ ֆինանսավորվող ծրագրերի, կտեսնենք, որ օրինակ` երաժշտական եւ արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով տրամադրվել է ընդամենը 20 միլիոն դրամ: Նույնքան գումար է հատկացվել ի աջակցություն օտարերկրյա պետություններում հայալեզու թատերական ներկայացումների, իսկ, օրինակ, փաստավավերագրական կինոծրագրերի իրականացման համար նախարարությունը նախատեսել է 46 միլիոն դրամ, կամ ի աջակցություն հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրմանը տրամադրվել է 60 միլիոն դրամ:
Ի դեպ, նախարարությունը սեմինարների առնչվող մեր հարցմանը չի պատասխանել: Պարզ չէ` այդ բնույթի միջոցառումներ չեն կազմակերպվե՞լ, թե՞ կառույցը խուսափել է պատասխանից:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅԿԱԿԱՆԸ` ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 22¬ին Չինաստանում տեղի կունենա «Ջրաներկի երիտասարդ վարպետների հրավերով» միջազգային ցուցադրությունը: «Արմենպրես»ի փոխանցմամբ` ցուցահանդեսին մասնակցելու է նաեւ հայ գեղանկարիչ Պետո Պողոսյանը:
Չինաստանում անցկացվող միջոցառման նպատակն է մեկտեղել ջրաներկի «արեւելյան» եւ «արեւմտյան» ավանդույթները: Աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Իսպանիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Մալայզիայից, Թայլանդից, Ռուսաստանից, ընտրվել է տասը, իսկ Չինաստանից՝ քսան նկարիչ: Ցուցադրությանը ներկայացվելու են նաեւ 19¬20¬րդ դարերի անգլիական ջրաներկ գլուխգործոցներ, չին դասական ակվարելիստների ստեղծագործություններ: Պետո Պողոսյանը ներկայացնելու է վերջին երկու տարում նկարած հինգ նկար, որոնք, նրա խոսքով, համապատասխան սոցիալական շեշտադրումներ ունեն:

 

 

ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ ՏՊԱՎՈՐԵԼ Է
Ինչպես հայտնի է՝ օրերս Լոնդոնի «Ալբերտ Հոլ» համերգասրահում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում Օլսթերի նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Ռաֆայել Փեյերի ղեկավարությամբ, ներկայացրել է անգլիացի կոմպոզիտոր Փիրս Հելավելի նոր աշխատանքն ու Հայդնի թավջութակի առաջին կոնցերտը: Հեղինակավոր The Guardian-ը, անդրադառնալով համերգին, գրել է, որ դրա ամենաուշագրավ հատվածը եղել է հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթը, որի ժամանակ նա կատարել է Հայդնի թավջութակի առաջին կոնցերտը: Պարբերականը նկատել է, որ Հախնազարյանը հանդես է եկել տեխնիկապես անթերի եւ էմոցիոնալ կատարմամբ, որը բավական տպավորել է հանդիսատեսին եւ դարձել միջոցառման ամենահիշվող մասը:

 

 

ԲԵՅՈՆՍԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Երաժշտական տեսահոլովակների ստեղծման բնագավառում նվաճումների համար դափնեկիրների հայտարարմամբ եւ պարգեւատրմամբ զբաղվող MTV Video Music Awards-ի ժամանակ ամերիկացի երգչուհի Բեյոնսեի «Formation» կոմպոզիցիայի երաժշտական տեսագրությունը ճանաչվել է «Տարվա լավագույն տեսահոլովակը»: Նշենք, որ արարողությունն անցկացվել է օգոստոսի 28-ին, Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդեն» հռչակավոր մարզահամալիրում, արդեն 33-րդ անգամ: Բեյոնսեի տեսահոլովակն առաջ է անցել փոփ աստղ Ջասթին Բիբերի («Sorry»), ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթի («Famous»), կանադացի Դրեյքի («Hotline Bling») եւ բրիտանացի երգչուհի Ադելի («Hello») գործերից:




Լրահոս