Ի՞նչ շանսեր ունի Աշտարակի քաղաքապետի երիտասարդ թեկնածուն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների, քաղաքի խնդիրների եւ դրանց լուծման մեխանիզմների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է համայնքի ղեկավարի թեկնածու, «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանի հետ:

 -Պարո՛ն Շահվերդյան, ո՞րն է Ձեր ինքնառաջադրման նպատակը, ի՞նչ ծրագրեր ունեք Ձեր քաղաքի համար:

-Քաղաքապետ դառնալն ինձ համար սկզբունք չէ, այլ իմ համայնքում շոշափելի փոփոխություններ կատարելն է: Լինելով ավագանու անդամ՝ գիտակցել եմ, որ կարող եմ իմ քաղաքում դրական փոփոխություններ բերել եւ ունեմ հնարավորություն փոքր նախաձեռնություններով մեծ արդյունքներ գրանցել:

Կարծում եմ, որ համայնքի ղեկավարման գործընթացում կարող եմ նոր ձեռագրով հանդես գալ: Եվ, վերջապես, քաղաքի կենտրոնում տարիներ առաջ դրված կարգախոսը՝ Աշտարակը դարձնենք օրինակելի քաղաք, նպատակ ունեմ դարձնել իրականանալի:

-Ձեր համաքաղաքացիները Ձեզ ճանաչում են որպես «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, ինչպես նաեւ ճանաչում են բոլորի կողմից հարգանք վայելող Ձեր ընտանիքին. ինչպե՞ս եք գնահատում համայնքի ղեկավար ընտրվելու Ձեր շանսերը:

-Իմ շանսը գնահատողն իմ ընտրողն է: Լինելով օրինակելի ընտանիքի զավակ եւ Աշտարակի կենսագրության մեջ դրական հետքեր թողած ազգի հետնորդ՝ կարծում եմ, որ նույն գործի շարունակությամբ եւ իմ ընտրողի վստահության քվեով կունենամ ընտրվելու հնարավորություն: Երիտասարդ տարիքում ունենալով աշխատանքային լուրջ հաջողություններ եւ գնահատելով ներկան՝ մտնում եմ հանրային կյանք՝ ապացուցելու, որ մարդն ունակ է նորը ստեղծելու եւ արարելու»:

-Չե՞ք կարծում, որ նման պատասխանատու պաշտոնի համար շատ երիտասարդ եք:

-Բոլոր փոփոխություններն արվում են երիտասարդների նախաձեռնությամբ, նրանց ուժերով եւ փորձառու ու գիտակ ավագ ընկերների հետ համագործակցաբար: Նման պատասխանատու պաշտոնին հավակնելուց առաջ գնահատել եմ նաեւ իմ թիմի հնարավորությունները եւ մասնագիտական որակները: Միաժամանակ ավելացնեմ, որ դա չի նշանակում, որ ընտրվելուց հետո կադրային կոշտ փոփոխություններ կլինեն: Կաշխատեմ միայն աշխատողների, իրենց աշխատանքին իսկապես նվիրված կադրերի, ոչ թե ժամանակ վատնողների հետ:

-Թեկնածուներից ո՞ւմ եք համարում Ձեզ մրցակից:

-Բոլորն էլ ինձ մրցակից են: Կցանկանայի այս ընտրություններում ժողովրդի կողմից ընտրվի այն թեկնածուն, որը մոտ ապագայում իսկապես շենացնելու ու զարգացնելու է Աշտարակը: Պետք չէ դիմացինին սեւացնելով ավելորդ դիվիդենտներ հավաքել, պետք չէ ընտրել միայն այն բանի համար, որ քեզ խոստանում են աշխատանք, հողամաս եւ այլն: Դրանով մեր համայնքը չի զարգանա, մենք ավելի հետ կգնանք ու կդառնանք «անկանոն տոնավաճառ բաց երկնքի տակ»: Թող չստեղծվի այն տպավորությունը, թե համայնքն ունի մեծ ֆինանսական միջոցներ, բայց գործեր չեն արվում: Եթե մրցակիցներս որոշել են համայնքի բյուջեով կատարել իրենց խոստումները, ապա դա ժամանակի հեքիաթ է: Իմ ընտրվելու դեպքում այդ ամենն իրականություն կդառնա այլ ծրագրերի ներդրման, նոր մարտավարության եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

-Եվ վերջում….

-Եվ վերջում ավելացնեմ, որ անձնական եւ ընտանեկան պատասխանատվությամբ իմ կենսագրության նոր էջը ուզում եմ սկսել՝ Աշտարակում շոշափելի արդյունքներ գրանցելով:

Լուսանկարը՝ Թովմաս Շահվերդյանի ֆեյսբուքյան էջից:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ




Լրահոս