Վերջին օրերին Հայաստանում կատարված փոփոխությունների՝ վարչապետի հրաժարականի, նոր վարչապետի նշանակման և հետագա ակնկալիքների մասին ArmLur.am-ը զրուցեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ:
-Պարո՛ն Եղիազարյան, ըստ Ձեզ, այս փոփոխությունները, ինչ-որ դրական ազդեցություն կունենա՞ն մեր երկրի համար, թե՞ չարժե լուրջ ակնկալիքներ ունենալ:
-Կտան, երբ լուրջ փոփոխություններ կատարվեն: Եթե նույն ձևով շարունակվի, պահպանվի հին սկզբունքը, ինչպես պահպանեցին վարչապետ Աբրահամյանի ժամանակ, ես դրական փոփոխություններ չեմ ակնկալում:
Ինչո՞ւ, որովհետև նախարարներին Հովիկ Աբրահամյանը չհավաքեց, նրանք նվեր տվեցին այդ նախարարներին: Չնայած այդ ամեն ինչին` նա իր լուրջ չարչարանքների շնորհիվ ինչ-որ արդյունքի հասավ:
-Կասեք՝ ի՞նչ դրական արդյունքի մասին է խոսքը:
-Հովիկ Աբրահամյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, երբ Հայաստանը գտնվում էր դեֆոլտի շեմին: Իր նախորդը հասցրել էր պայթեցնել տնտեսությունը: Իսկ աղքատության ցուցանիշը հասնում էր 36.6 %-ի: Հովիկ Աբրահամյանը լուրջ հաջողություններ կգրանցեր, եթե առաջին՝ իր թիմով գար և երկրորդ՝ իրեն չխանգարեին:
-Պարո՛ն Եղիազարյան, իսկ ովքե՞ր էին խանգարում:
-Հովիկ Աբրահամյանին խանգարում էին հենց իշխանական լծակներից: Եթե նույն բանը կատարվի նաև նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հետ, ես չեմ կարող ասել, թե ինչով կավարտվի և ինչու այդ պարագայում այս մարդուն հրավիրեցին:
-Ի՞նչ կասեք Կարեն Կարապետյանի մասին, քաղաքապետի պաշտոնում նա երկար չդիմացավ, հիմա կկարողանա՞ կառավարել:
-Կարեն Կարապետյանը բավականին լուրջ, պատվով անձնավորութուն է, և իմ կարծիքով նա ուղղակի զզվեց և գնաց: Զզվանքից բացի ուրիշ բան չտեսավ. իշխանությունը նրան ոգևորեց, նրան խանգարեց:
Հիմա Աստված տա այդ սխալը նորից չկրկնեն: Հայաստանն իրոք լավ վիճակի մեջ չէ: Մենք այսօր նույնիսկ պետականության խնդիր ունենք, որը ցույց տվեց և՛ ապրիլի 2-ի պատերազմը, և՛ հետագա գործընթացները, և, ի վերջո, «Սասնա ծռեր»-ի գործողությունները, ովքեր լավ կյանքից չէ, որ գնացին և ՊՊԾ գունդը գրավեցին:
-Իսկ ինչպե՞ս կգնահատեք այն, ինչ կատարվում է այսօր խմբավորման աջակիցների կողմից:
-Կարող եմ ասել, որ այսօր ինչ կատարվում է Ազատության հրապարակում, եթե «Սասնա ծռեր»-ը իմանան մինչև վերջ կատարվածի մասին, ապա ես չգիտեմ, թե այդ մարդիկ ինչ վիճակում կհայտնվեն:
-Շատերը վարչապետի հրաժարականը կապում են հենց «Սասնա ծռերի» գործողությունների հետ: Դուք այստեղ որևէ կապ տեսնո՞ւմ եք.
-Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը դրա համար է հրաժարական տվել, քանի որ խնդիրները շատ ավելի բարդ ոլորտում են, չէ՞ որ այդ նույն իշխանությունը այսպես, թե այնպես բարիացակամ չէր Հովիկ Աբրահամյանի նկատմամբ: Եվ բավական է հիշենք Գառնու դեպքերը:
Այդ ժամանակ առաջին անգամ ճանապարհ փակվելը հեռարձակվեց պետականամետ հեռուստաալիքով: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ ճանապարհները փակվել են ընտրությունից ընտրություն և ոչ մի մեկնաբանություն չի եղել մինչ օրս:
Այդ նույն ուժերը, իմ կարծիքով, կփորձեն խանգարել նաև Կարեն Կարապետյանին, բայց հուսանք, որ դա նրանց մոտ չի ստացվի:
զրուցեց Լիլիթ Շաբոյանը