2015թ. դեկտեմբերի 31-ին, Նոր տարվա նախաշեմին Սերժ Սարգսյանն այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղ: Նա սովորույթ ունի Ամանորի նախօրեին այցելել Ադրբեջանին սահմանակից որեւէ բնակավայր: Բերդավանում Ս. Սարգսյանը եղավ սահմանամերձ պաշտպանական դիրքերում, մասնակցեց գյուղի տոնական ճաշկերույթին: Ս. Սարգսյանի երթեւեկի անվտանգությունն ապահովելու համար Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհին՝ ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց, ֆելզիտե մեծ քարաբեկորներ են շարվել: Այդ քարե սալերը այժմ էլ այնտեղ են:
Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհի մի մեծ հատված գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ, ադրբեջանական դիրքերի դիմաց: Այդտեղ ադրբեջանական հենակետերը շատ մոտ են մեր պաշտպանական դիրքերին եւ միջպետական ավտոճանապարհին: Տվյալ հատվածը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից: 2015թ. նոյեմբերի 5-ին նշված տեղում ադրբեջանական գնդակոծությունից վնասվեց ռուսական մեծ բեռնատար: Ներկայումս Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին վերանորոգման աշխատանքներ են կատարվում, այն սեպտեմբերի 14-ից փակ է երթեւեկի համար: Բագրատաշենից դեպի Երեւան ուղեւորվող բեռնատարները մայրաքաղաք են հասնում Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ ճանապարհով: Գործում է նաեւ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհը: Սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհին առկա սողանքի հետեւանքները վերացնելու համար վերջերս պետական բյուջեի ֆինանսավորմամբ աշխատանքներ կատարվեցին: Սակայն սահմանագոտին շրջանցող լեռնային ճանապարհի ոլորանները նեղ են խոշոր բեռնատարների համար:
Բացի այդ, շրջանցիկ ավտոճանապարհի ասֆալտի ծածկը բարակ է, 40 տոննա բեռով մեծ բեռնատարները իրենց ծանրությամբ շարքից հանում են ճանապարհի ծածկը: Շրջանցիկ ճանապարհն ամբողջությամբ չի ապահովում երթեւեկի անվտանգությունը, առանձին հատվածներ ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության գոտում են: Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական հենակետերի կրակից, ազերի զինյալների տեսանելիությունից պաշտպանելու համար հարկավոր է ճանապարհի եզրին քարաբեկորներից պատ շարել կամ հողի, խճի կույտերից թմբեր կառուցել: 1990-ական թթ նշված հատվածում թմբեր էին կառուցված: Սակայն այդ թմբերը քանդեցին, հեռացրին ավտոճանապարհի եզրից:
Պաշտպանիչ պատ կարող է կառուցվել ֆելզիտե մեծ քարաբեկորներից, ինչպես արվեց Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին, Սերժ Սարգսյանի տարեմուտյան այցից առաջ:
Ադրբեջանցիները 2015թ. Ղազախի շրջանի Մազամ գյուղի ավտոճանապարհը պաշտպանող քարե երկար պատ են կառուցել: Իսկ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական զինուժի համար խոցելի է մնում: Ամեն պահ սահմանագոտում իրավիճակը կարող է սրվել, հարկ է միջպետական ավտոճանապարհով երթեւեկի անվտանգությունն ապահովել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ