Հայաստանի 6 մարզերում այսօր տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը:
Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի 375 համայնքներում՝ չհաշված Գյումրիում և Վանաձորում ավագանիների ընտրությունները:
Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն նոր կարգով: Քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջև, և հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կստանձնի համայնքի ղեկավարման պատասխանատվությունը:
Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 կուսակցություն և մեկ դաշինք: Այսպիսով, Գյումրիում ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:
Վանաձորում ևս քաղաքական ուժերն ակտիվ մասնակցություն կունենան ընտրություններին: Համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: Վանաձորում առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: