Ինչ է իրականում տեղի ունեցել Վանաձորի 30/47 ընտրատեղամասում. մանրամասներ լրագրողի հետ կատարված միջադեպի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղմասում մի կին վնասել է իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի հեռախոսը, ապա մարմնական վնասվածքներ պատճառել նրան:

Ահազանգի հետքերով նշված ընտրատեղամաս այցելած ArmLur.am-ի թղթակցին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, 30/47 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ղաբուզյանը ներկայացրել է տեղի ունեցած միջադեպի մանրամասները:

Այսպես, հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ` լրագրող Շողիկ Գալստյանը, տեսնելով անընդհատ տարածքում հայտնվող առանց տարբերանշանի (բեյջ) կնոջը` Կարինե Ավագյանին, հարցրել է` ինչու է նա պարբերաբար գալիս-գնում և զրույցի ընթացքը փորձել է նկարահանել: Կ. Ավագյանը բարձր տոնով լրագրողին ասել է, որ իրեն չնկարահանի, ինչին բացասական արձագանք է ստացել:

Այս ընթացքում միջամտել են տեղում իրեն ծառայությունն իրականացնող ոստիկանները, ովքեր ևս կնոջը բացատրել են, որ լրագրողն իրավունք ունի տեսանկարահանելու:

Քիչ անց լրագրողին է մոտեցել Կարինե Ավագյանի դուստրը և փորձել նրա ձեռքից խլել հեռախոսը և փախչել, սակայն հեռախոսն ընկել և վնասվել է:

Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ` Կ. Ավագյանն ավելի ուշ կրկին եկել է ընտրատեղամաս և հայտնել, որ ինքը «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ է:

Լիլիթ Ղաբուզյանը հայտնեց նաև, որ լրագրողին մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս