«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես կանխավ հրապարակել էինք՝ Վիգեն Սարգսյանը երեկ նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Նա 41 տարեկան է, մասնագիտությամբ` դիվանագետ, աշխատանքային կարիերան սկսել է ազգային ժողովում: 1995-ից 1998 թվականներին եղել է ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի օգնականը: 2001 թվականից մինչեւ 2003 թվականին, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, Վիգեն Սարգսյանը նշանակվել է նրա ռեֆերենտի պաշտոնում, 2003-ին` նախագահի օգնական: 2003-ից մինչեւ 2008 թվականը նախագահականում փաստացի եղել է Սերժ Սարգսյանի մարդը Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատում: 2009-ին նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, իսկ 2011-ից դարձել է նրա աշխատակազմի ղեկավարը:
Ու եթե Հայաստանի կառավարման համակարգում փորձենք Սերժ Սարգսյանի համար ամենավստահելի անձանց աղյուսակ կազմել, ապա այդ ցանկում Վիգեն Սարգսյանը հաստատ առաջին տեղը կզբաղեցնի: Ինքը՝ Վիգեն Սարգսյանը եւս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է Սերժ Սարգսյանին: Եւ նա իր յուրօրինակ մտածողությամբ, իհարկե, ՊՆ-ում կփորձի ռեֆորմներ իրականացնել: Սակայն մի փոքր «սպրավչկա»-ի անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա. բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը հայոց բանակում չի ծառայել: Նա չգիտի զինվորի հոգեբանությունը: Սարգսյանը իր ծառայությունն անցել է նախարարի ռեֆերենտի պաշտոնը զբաղեցնելով:
Իսկ Սեյրան Օհանյանը, որ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է եղել, փաստացի մնաց անգործ` մերժելով բոլոր առաջարկները: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերի 14-ին գրել էր, որ Ս. Օհանյանը չի վերանշանակվի պաշտպանության նախարար:
Հ.Գ. Ի դեպ, երեկվանից սկսած նոր ձեւավորված կառավարությունը պետք է քսանօրյա ժամկետում խորհրդարանին ներկայացնի իր ծրագիրը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: