2016թ. հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել <<Դեպի Մարաքեշ` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 22-րդ նստաշրջանի նախաշեմին>> համաժողովը, որը կազմակերպել էր <<Խազեր>> էկոլոգամշակութային հասարակական կազմակերպությունը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Քլեր Մեդինան, ՀՀ Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Մաթիաս Լիխտենբերգերը, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Ս.Մովսիսյանը:
<<Կլիմայի փոփոխության խնդիրը մոլորակի գլոբալ մարտահրավերներից է և դրան դիմակայելու գործընթացում անհրաժեշտ են կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված շարունակական և անընդհատելի միջոցառումներ: Հաշվի առնելով 2015թ. դեկտեմբերին Փարիզում ընդունված որոշումների հիման վրա հաստատված <<Փարիզյան համաձայնագրի>> դրույթները՝ այսօրվա համաժողովում մենք պետք է կարևորենք Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած հանձնառությունների կատարումը, որի համար անհրաժեշտ պայման է միջազգային կազմակերպությունների, համայնքների, մասնավոր և քաղաքացիական հանրության միջև լայն համագործակցության ծավալումը>> – իր խոսքում նշել է Ա.Պեպանյանը:
Զեկույցով հանդես են եկել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող /ՄԱԶԾ Հայաստան/ Դ. Հարությունյանը:
<<ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որոշեց, որ այս տարվա ապրիլի 22-ին Նյու Յորքում հանդիսավոր կերպով պետք է բոլոր երկրները վավերացնեին համաձայնագիրը, բայց քանի որ դա ապրիլի 24-ի նախաշեմն էր, Հայաստանը չէր կարող նախագահի մակարդակով ներկայանալ: Մարաքեշում կայանալիք՝ կոնվենցիայի կողմերի նստաշրջանում Հայաստանը կմասնակցի դիտորդի կարգավիճակով, իսկ վավերացման գործընթացն արդեն սկսված է>>- նշել է ծրագրի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:
Ըստ համաձայնագրի՝ զարգացող երկրների կողմից, որոնց թվին է պատկանում Հայաստանը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման գործողությունները պետք է մեկնարկեն 2020 թվականից: Բոլոր երկրների փոխհամաձայնությամբ որոշվել է զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850 թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր մակարդակում՝ միաժամանակ ձգտելով չգերազանցել 1,5 աստիճանը:
Համաժողովի նպատակն էր Կոնվենցիայով ու Փարիզյան համաձայնագրով սահմանված դրույթների ու Հայաստանի կողմից դրանց իրականացման դիրքորոշմանն ու բնակչության մասնակցության հնարավոր ձևերի քննարկումը: