ԳՅՈՒՄՐԻԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրությունները փաստացի ցույց տվեցին այն տխուր վիճակը, որում գտնվում է Հայաստանի քաղաքական դաշտը, հատկապես ընդդիմադիր հատվածը:

Ինչպես հայտնի է` Գյումրիում ավագանու անդամ ունենալու համար անհրաժեշտ նվազագույն վեց տոկոս շեմը հաղթահարել են չորս քաղաքական ուժեր` իշխող ՀՀԿ-ն, որը Գյումրիում հանդես էր գալիս «Բալասանյան դաշինք» անվան տակ` ստանալով 15 մանդատ, ԲՀԿ-ն` 9 մանդատ, ՕԵԿ-ը, որը ներկայացված էր «Հայկական վերածնունդ կուսակցություն» անվան ներքո` 5 եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը` 4 մանդատ:
Սակայն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի 165 հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Եթե մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին»: Տվյալ դեպքում 33 մանդատի 40 տոկոսը կազմում 13,2 մանդատ: Այսինքն` ստացվում է, որ ՀՀԿ-ն հաղթահարել է օրենքով անհրաժեշտ 40 տոկոսի արգելքը եւ բացարձակ մեծամասնություն ունենալու համար այն պետք է բոնուս ստանա: Ըստ այդմ, մանդատների բաշխվածությունը հետեւյալ տեսքն է ստանում. ՀՀԿ` 17 մանդատ, ԲՀԿ` 8, «Հայկական վերածնունդ»` (ՕԵԿ) 4 եւ ԳԱԼԱ 4: Գյումրիի ավագանու ըմտրությունները պաշտոնապես ամփոփելուց եւ գործող ավագանու լիազորությունների ավարտից հետո՝ 10 օրից, նորընտիր ավագանին առաջին նիստը կգումարի, որի ընթացքում էլ ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:
Վանաձորում ավագանու անդամ ունենալու նվազագույն 6 տոկոս շեմը հաղթահարել են հինգ կուսակցություններ` ՀՀԿ-ն` 13 մանդատով, «Լուսավոր Հայաստան»-ը` 10 մանդատով, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ)` 5, ՀՅԴ-ն` 2 եւ ԲՀԿ-ն` 3 մանդատներով:
Վանաձորի դեպքում ՀՀ ԸՕ 165 հոդվածով նախատեսված բոնուսը չի գործում, քանի որ 33 մանդատների 40 տոկոսն, ինչպես արդեն նշեցինք, ստացվում է 13,2: Հետեւաբար, որպեսզի ՀՀԿ-ն բոնուս ունենար, նրան անհրաժեշտ էր նախնական հաշվարկով 14 մանդատ ստանալ: Այլ կերպ ասած, Վանաձորում քաղաքապետի պաշտոնի համար պայքարը դեռ ավարտված չէ: Հանրապետական քաղաքապետ ունենալու համար ՀՀԿ-ին անհրաժեշտ է լինելու 4 ավագանու աջակցություն: Տվյալ դեպքում, ակնհայտ է, որ ՀՅԴ-ն, որպես կոալիցիոն գործընկեր, ՀՀԿ-ի թեկնածուին կպաշտպանի: Բայց ՀՅԴ-ն ունի 2 մանդատ, ու ստացվում է, որ եւս 2 մանդատի պակաս դեռ ՀՀԿ-ն զգալու է:
Իսկ ինչպե՞ս կվարվեն ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Իհարկե, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մեծ փորձ ունեն: Սակայն խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ նրանք դժվար թե համարձակվեն նման ռիսկի դիմել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ խնդրի լուծումը գտնվել է: ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն իշխանությունների հասցեին խիստ քննադատություններ հնչեցնելով հանդերձ՝ կհրաժարվեն ՀՀԿ-ի հետ Վանաձորի ավագանում կոալիցիա կազմելուց: Բայց միեւնույն ժամանակ, ըստ ամենայնի, նրանք կմերժեն «Լուսավոր Հայաստանին» եւ կոալիցիա չեն ձեւավորի: Կամ էլ կհայտարարեն, որ խղճի մտոք են քվեարկելու իրենց ավագանիները, եւ ՀՀԿ-ի առաջին համարը հեշտությամբ ավագանու ընտրությամբ կդառնա Վանաձորի քաղաքապետ:
Իսկ եթե ԲՀԿ-ն եւ անվանափոխված ՕԵԿ-ը համաձայնեն «Լուսավոր Հայաստանի» հետ կոալիցիա կազմել, ապա քաղաքապետի պաշտոնը տնօրինողը կդառնան նրանք երեքով: Այսինքն` իրականում կհակադրվեն ՀՀԿ-ին: Հիմա նրանք իրականում պետք է ցույց տան, թե որքանով են պատրաստ ռեալ, միասնական պայքար մղել ՀՀԿ-ի դեմ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Գյումրին եւ Վանաձորը մինչ այս Հայաստանի ամենաընդդիմադիր համայնքների համարումն ունեին, ուստի անցած ընտրությունները կարեւոր էին հասկանալու համար, թե 6 ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունենալու հարցում իշխանությունների հնարավորություններն ինչպիսինն են: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը անցած ՏԻՄ ընտրություններից հետեւություններ չանեն, ապա Գյումրիում եւ Վանաձորում կիրառված մեխանիզմով, որի էությունը կայանում էր իշխանական ուժերի կողմից մարդկանց ուղղորդված տեղամասեր ուղարկելը, ՀՀԿ-ն իր մի քանի արբանյակների հետ կարող է առանց խոչընդոտի 2017 թվականին խորհրդարանում մեծամասնություն հավաքել:
Ի դեպ, ընտրողներին ուղղորդված տեղամասեր տանելու գործելաոճը կիրառել են ինչպես իշխող ՀՀԿ-ն, այնպես էլ իրենց իբր ընդդիմություն հռչակած ԲՀԿ, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ-ը) եւ Դաշնակցությունը: Սակայն նրանք զրկված են եղել տեղամասերի ներսում լուրջ ընտրակեղծիքներ թույլ տալու հնարավորությունից: Սա նշանակում է, որ Վանաձորի եւ Գյումրու ընտրողները գնացել եւ իրենց ձեռքով ընտրել են իշխանական ուժերին: Այս դեպքում էական չէ, թե նրանք ինչու են դա արել` ընտրակաշառքի դիմաց, թե աշխատանք կորցնելու սպառնալիքի տակ: Փաստն այն է, որ Գյումրիում եւ Վանաձորում տեղամասերն ամբողջությամբ վերահսկվել են ընդդիմության վստահված անձանց եւ դիտորդների կողմից, եւ քվեներ չեն գողացվել: Եթե ընտրողները դեմ էին իրենց «պարտադրված» ընտրության, ապա նրանք կարող էին այլ կերպ վարվել, քանի որ տեղամասերում քվեարկության գաղտնիությունն ապահովված է եղել գրեթե 100 տոկոսով:
Մի խոսքով, իշխանությունները կարող են արձանագրել, որ ընտրությունների վերահսկման իրենց մշակած համակարգն այս պահին արդյունավետ գործում է: Իսկ ընդդիմությունը պետք է արձանագրի, որ չնայած իրեն հաջողվել է տեղամասերում վերահսկողություն սահմանել, սակայն դրա արդյունքում քվեարկության վերջնաարդյունքը չի փոխվում: Ուստի ընդդիմությունը տեղամասերը վերահսկելուց բացի՝ պետք է կարողանա նաեւ ընտրողներին համոզել, որ իր օգտին քվեարկեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՉԻ՞ ՓՈՐՁՈՒՄ ԱԶԱՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեց պարզել, թե առաջիկայում նախարարի փոփոխությունից հետո աշխատակազմի ինչ կրճատումներ են նախատեսվում: Պարզ դարձավ, որ մոտ օրերս նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանի հրամանով ՀՀ վարչապետի տված հանձնարարականների իրականացման նպատակով կստեղծվեն հանձնաժողովներ` ՀՀ կառավարության նոր ծրագրերի եւ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը փոխանցեց, որ հանձնաժողովներում կընդգրկվի աշխատակիցների զգալի մասը: «Ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի, թե ովքեր են կարողանում անհրաժեշտ մակարդակով եւ արդյունավետ աշխատել: Իսկ մինչ այդ նախարարը որեւէ մեկից ազատվելու խնդիր չի դրել»,- հավելեց մամուլի խոսնակը: Ստացվում է, որ առողջապահության նախարարը մի ամբողջ նախարարության աշխատակիցների աշխատունակությունը ստուգելու նոր մեթոդ է հնարել. պարտականություններից դուրս հանձնաժողովի անդամ է դարձնում: Մինչդեռ հայտնի իրողություն է՝ «հանձնաժողովները ստեղծվում են այն նպատակով, որ պրոբլեմը թաղվի»:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՇՈՒՐՋ
ՀՀ արդարադատության խորհրդին այդպես էլ չհաջողվեց պատժել ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին: Բանն այն է, որ օգոստոսից արդեն երրորդ անգամ է, ինչ խորհուրդը վերոնշյալ դատավորի մասով նիստ է հրավիրում, սակայն նիստերն անընդհատ հետաձգվում են ինչ-ինչ պատճառաբանությամբ: Սակայն 2016 թվականի սեպտեմբերի 30-ին հերթական անգամ կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը` ՀՀ արդարադատության խորհուրդը որոշեց ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:

 

 

ՏԵՔՍՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Ինչպես հայտնի է՝ սպասվում է, որ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված սպասվում է, որ համաներում կհայտարարվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաներման տեքստը պատրաստ է, վերջնականապես հստակեցվել են, թե ՀՀ քրեական օրենսգրքի, որ հոդվածների վրա է համաներումը տարածվելու: Ավելին՝ փաստաթուղթը ուղարկվել է Սերժ Սարգսյանին, որպեսզի նա վերջնականապես հաստատի այն եւ ուղարկի խորհրդարանի հաստատմանը:

 

 
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Երեկ բուլղարական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

 

 

 

ՆՈՐԱՆՇԱՆԱԿՆԵՐՈՎ
Սերժ Սարգսյանը երեկ իր աշխատակազմի ղեկավար կազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գեւորգյանին եւ տեղեկացրել Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակելու մասին: Նա բարձր է գնահատել Վիգեն Սարգսյանի աշխատանքը եւ վստահություն հայտնել, որ պաշտպանության նախարարի պաշտոնում եւս նա կարողանալու է արդարացնել բոլորի վստահությունը: Աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման կապակցությամբ էլ Ս. Սարգսյանը նշել է, որ Արմեն Գեւորգյանը ինչպես նախկին պաշտոնում, նոր աշխատանքում եւս, վստահաբար, կդրսեւորի իր կամային հատկանիշները: «Արմեն Գեւորգյանը կարողանալու է մի աստիճան եւս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի այստեղ հավաքված կոլեկտիվը եւ, ընդհանրապես, մեր պետությունը»,- ասել է Սարգսյանը:
 

ԱԶԱՏՎԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Արտաշես Նազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

 

 

ՆՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
Սերժ Սարգսյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ. Մովսես Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»,-նշված Է Սերժ Սարգսյանի որոշման մեջ:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵՑ
Սերժ Սարգսյանի որոշմամբ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ. Յուրի Խաչատուրովին նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»,-նշված է Սերժ Սարգսյանի որոշման մեջ:

 

 

ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵՑ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:




Լրահոս