ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հոկտեմբերի երկուսից հետո կգա երեքը, եւ մենք բոլորս կշարունակենք ապրել այս քաղաքում»,- Գյումրիում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ նման հայտարարությամբ էր հանդես եկել ավագանու` ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանը` անդրադառնալով որդու` 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան շուրջ պտտվող լուրերին:

Վարդեւան Գրիգորյանը կոչ էր արել գյումրեցիներին եւ բոլոր ընտրողներին զսպվածություն դրսեւորել եւ որդու հետ տեղի ունեցածը չշահարկել:
Իսկ արդեն հոկտեմբերի երկուսին լրագրողների հետ զրույցում Վ. Գրիգորյանը նշել էր, որ տեղի ունեցածը պետք չէ քաղաքականացնել:
Արշակ Գրիգորյանի առեղծվածային մահից անցել է արդեն ավելի քան տասը օր, սակայն իրարամերժ վարկածներն ու գնահատականները շարունակվում են շրջանառվել:
Մինչ այս պահը հանրությանը չի ներկայացվել` որն է ինքնասպանության մոտիվացիան: Ինչպես հայտնի է` նախաքննական մարմինը դեպքի օրը` սեպտեմբերի 21-ին, պաշտոնապես հայտարարեց` նախնական վարկածով` կատարվածն ինքնասպանություն է: Որոշ կարծիքների համաձայն` Արշակը զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով է մահացել: Իսկ, ահա, գյումրեցիների մեծ մասն էլ մինչ օրս վստահ է, որ Արշակ Գրիգորյանի մահվան դրդապատճառը եղել է մեծ աղմուկ բարձրացրած «զառերով պաստառը», որը տեղադրել էր ընտրություններում հաղթանակած «Գյումրեցու ոգի» կուսակցությունը:
Գրիգորյանները տեղի ունեցածը ինքնասպանություն են որակում, իսկ իրավապահները փորձում են ապացուցել հենց այդ վարկածը:
Եվ մինչ քննություն է ընթանում, հարցերն ավելի են շատանում:
Բանն այն է, որ ՏԻՄ ընտրությունների նախորդ օրը` հոկտեմբերի 1-ին, համացանցով տեսանյութ տարածվեց, որը վերաբերում էր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին: Տեսանյութում, մասնավորապես, ներկայացվում էր, թե պատգամավորը նախկինում ինչ քրեական պատմությունների մեջ է ընկել, գյումրեցիներին դրսից ուղարկված օգնություն կաթի փոշին ինչպես է իրացրել, ապա կալանավորվել:
Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համառ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ այն Հայաստանի հանրապետական կուսակցության ձեռագիրն է: Ըստ այդ լուրերի` ՀՀԿ-ն փորձ է արել այդկերպ վարկաբեկել Գյումրիում առաջադրված մյուս թեկնածուներին, եւ չի բացառվում, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությանն ուղղորդած լինի հենց ՀՀԿ-ն: Հիշեցնենք, որ այդ կուսակցության փաստացի հիմնադիրը հենց Սամվել Բալասանյանի որդին է:
Իսկ թե ինչ է պարզվել քննությամբ այս տասն օրերին ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանից:
Հիշեցնենք` Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին նախորդող օրերին ողջ քաղաքը լարվել էր թեկնածուներից մեկի՝ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան հանգամանքից: Դեռեւս չպարզված հանգամանքներում Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերել էին տան նկուղում, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ իրականում գտել են ավտոտնակում: ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է պնդել, որ դին հայտնաբերվել է նախապես հրապարակված վայրում, իսկ ականատեսները, օրինակ, ԲՀԿ-ական Միքայել Մանուկյանը, վստահեցնում է երկրորդ տարբերակը՝ ավտոտնակը, որը ունի երկու մուտք՝ բակից եւ փողոցից:
Այսպիսով՝ հարցերը գնալով շատանում են, իսկ պատասխաններ դեռեւս չկան:
Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նշենք, որ մեր հարցադրումներով, մասնավորապես, փորձել ենք պարզել ինքնասպանության մոտիվացիան: Կա՞ն արդյոք ձեռք բերված փաստեր, որոնք կապացուցեն ինքնասպանության վարկածը, եւ դիակի արտաքին զննությամբ հնարավո՞ր է միանշանակ քննությունը տանել հենց այդ ուղղությամբ: Մեր հարցադրումներին ի պատասխան` ՇՄ գլխավոր դատախազի պաշտոնակատարը նշեց, որ նախաքննական գաղտնիությունը պահպանելու համար մանրամասն տեղեկություններ տրամադրել չի կարող, սակայն միաժամանակ հայտնեց, որ այս պահին հայտնի չէ` ում է պատկանում հրազենը, որից արձակվել է մահացու կրակոցը (հիշեցնենք, որ հարուցվել է ինչպես ինքնասպանության հասցնելու, այնպես էլ ապօրինի կերպով հրազեն կրելու հատկանիշներով):
Ստորեւ ներկայացնում ենք հարցերը, որոնք ուղղել ենք Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանին:
-Պարո՛ն Գաբրիելյան, փորձաքննությամբ պարզվե՞լ է` որ ձեռքով է արձակվել կրակոցը` ա՞ջ, թե՞ ձախ, եւ ի՞նչ հեռավորությամբ վրա է եղել ձեռքը հրազենային վիրավորում ստացած հատվածից:
-Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ձեր կողմից նշված հարցերի պատասխանները կստանանք եզրակացությունը ստացվելուց հետո:
-Իսկ կարո՞ղ եք ասել` հրազենային վիրավորում ստացած հատվածում եղե՞լ է վառոդի հետքը: Այսկերպ, ինչպես հայտնի է, պարզ կդառնա կրակոցը ինչ հեռավորությունից է արձակվել: Շատ մոտ լինելու դեպքում հետքը, ըստ քրեագետների, պետք է մնա…
-Այս հարցի պատասխանը եւս միայն փորձաքննությունից հետո կիմանանք…
-Հայտնի՞ է, թե ինչ դիրքով են հայտնաբերել մահացածի դիակը:
-Դա նախաքննական գաղտնիք է:
-Իսկ հրազենը մահացածի ձեռքո՞ւմ է եղել:
-Սա եւս նախաքննական գաղտնիք է:
Մեր վերջին հարցերին` հրազենի վրա եղե՞լ է մահացածի մատնահետքը, եւ հայտնի՞ է՝ արդեն մահը վրա հասնելու եւ կրակոցն արձակելու միջեւ ժամանակային տարբերությունը որքան է եղել, Կարեն Գաբրիելյանը պատասխանեց, որ ամեն բան պարզ կդառնա փորձաքննություններից ստացված եզրակացություններից հետո:
Մնում է սպասել քննության ավարտին` հուսալով, որ օբյեկտիվ պատասխանները հանրությանը հայտնի կդառնան:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է
Երեկ Վանաձորում ինքնասպանության փորձ է կատարել 4 անչափահաս երեխաների մայր, 37 ամյա Հ. Ապուջանյանը: Մեր տեղեկություններով՝ կինն ամուսնալուծված է, խնամքին ունի 3 երեխա, մի երեխան էլ գտնվում է հոր մոտ՝ ՌԴ-ում:
Հ. Ապուջանյանը նախ փորձել է հյուրասենյակում պարանով կախվել, այնուհետ պարանն ամրացրել է միջանցքի դռանն ու այդ կերպ կախվել՝ մինչ այդ բացելով բնակարանի գազի փականները:
Կատարվածի մասին տեղեկանալով՝ հարեւաններն անմիջապես շտապել են մոտակա փրկարարական ջոկատ: ԱԻՆ ծառայության փրկարար Գուրգեն Ալավերդյանը պարանի միջոցով մտել է բնակարան, կնոջն իջեցրել ու զանգահարել շտապօգնություն, նաեւ անմիջապես փակել գազի փականները: Կնոջը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ, մեր տեղեկություններով, նրան տարել են հոգեբուժարան՝ առողջական վիճակը պարզելու նպատակով:
Հարեւանները «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ կինը երբեւէ նման վարք չի դրսեւորել, եւ եթե փրկարարները ժամանակին վրա չհասնեին, ապա կկատարվեր ամենասարսափելին՝ նախ կինը կմահանար, ապա՝ գազի արտահոսքից, հնարավոր է, տունն ու ողջ շենքը պայթեր:
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցներն ու քննչական խումբը: Չնայած այն հանգամանքին, որ Հ. Ապուջանյանը գրանցված չի եղել հոգեբուժարանում, նրա մոտ տարօրինակություններ, այդուամենայնիվ, նկատվել են: Այդ մասին նրա մայրը հայտնել է դեպքի վայր ժամանած իրավապահներին: Բարեբախտաբար, երեխաները տանը չեն եղել: Նշենք, որ ինքնասպանության փորձ կատարած կինը որեւէ տեղ չի աշխատում:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում դանակահարություն է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տեղի ունեցածի հետեւանքով տուժել է համայնքի երկու բնակիչ: Մեր տեղեկություններով` տուժածներից մեկը 52-ամյա Սերժիկ Հակոբյանն է, իսկ մյուսը՝ 17-ամյա Հովնան Դաշչյանը: Նորակերտ համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանը «Ժողովուրդ-ին հայտնեց, որ բնակիչները մարմնական վնասվածքները ստացել են Ս. Հակոբյանի տան առջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Միջադեպին մասնակցել է եւս երկու հոգի՝ մեկը Հակոբյանի ազգականն է, մյուսը՝ անչափահաս տուժող Դաշչյանի:
Համայնքապետի փոխանցմամբ՝ տուժողները հարեւաններ են, իսկ թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, դեռեւս հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու հատկանիշներով: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը՝ 29-ամյա Հովհաննես Եսայանը, ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն:

 

 
ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ ՇՈՈ՞ՒՆ
Հոկտեմբերի 3-ին «Ալյանս» կուսակցությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր եւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի պաշտոնից հրաժարական տալու եւ միեւնույն ժամանակ պատգամավորի մանդատը վայր դնելու վերաբերյալ: Տարածված հաղորդագրության մեջ պատգամավորի որոշման պատճառների մասին որեւէ կոնկրետ տեղեկատվություն չկար: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել իրական պատճառները:
Կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանն ասաց. «Տարածված հաղորդագրության մեջ ինչ ասված է, այդքանով սահմանափակվենք, ես ավելացնելու ոչինչ չունեմ»: Հայտարարությունն էլ ոչինչ չասող էր. «Տ. Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնում բոլոր իր կողմնակիցներին ու ընտրողներին՝ վերահաստատելով այսուհետ եւս ազնվության ու պարկեշտության սկզբունքների ներքո ժողովրդի ու երկրի շահը ցանկացած ձեւաչափի մեջ պաշտպանելու պատրաստակամությունը»:
Այս պահվածքը ավելի շատ շոու է հիշեցնում: Ըստ ամենայնի, նա իր վրա ուշադրություն հրավիրելու հերթական փորձն է արել, քանի որ այսպես հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի 15 օր Ուրիխանյանի մանդատի մասին խոսեն: Նշենք, որ համաձայն ԱԺ կանոնակարգի 13-րդ հոդվածի՝ ԱԺ նիստում հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը։ Հետ չվերցնելու դեպքում նոր նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն: Ու մինչ քաղաքական կուլիսներում կքննարկվեն Տիգրան Ուրիխանյանի` ԱԺ-ից հեռանալու «ցավալի» տեղեկության մասին, երեկ Ուրիխանյանն անձամբ հայտարարեց, որ հանգամանքների մասին կխոսի վաղը /այսօր-հեղ./, կառավարության նիստերի դահլիճում:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը armlur.am-ին ասել է, որ իրենք արդեն իսկ ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված որոշակի վերլուծություններ արել են: «Հստակ ընտրատեղամասեր կան, որտեղ բողոքարկելու ենք, քանի որ ներքին համոզմունք ունենք, որ այն ընտրախախտումները, որոնք որ արձանագրվել են ընտրատեղամասերում, էական փոփոխություններ են մտցնելու»:




Լրահոս