ՊԵԿ նորանշանակ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ներկայացնելով համակարգի հետագա գործունեության հիմնական առաջնահերթությունները: Նորանշանակ ղեկավարը կարևորել է օրինապահ տնտեսվարողների, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի համար գործունեության փափուկ դաշտ ապահովելը. «Օրենքի դաշտում գործողները չպետք է զգան հարկային ծառայության ներկայությունը։ Հսկողության լայն գործիքակազմը սպառելուց հետո միայն կարելի է թիրախավորված ստուգում անցկացնել ՓՄՁ-ներում, այն էլ՝ հստակ չափորոշիչներով ռիսկայնությունը հիմնավորելով»։

Կոմիտեի նախագահն ընդգծել է հարկ վճարող-հարկային ծառայող փոխհարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Նա հորդորել է կոմիտեի աշխատակիցներին հարկ վճարողներին վերաբերվել որպես երկրի համար տնտեսական բարիք ստեղծողների՝ ի շահ պետության և բյուջեի եկամուտների ապահովման. «Պետք է բացառել կանխավճարների կուտակումը, որը լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար: Փոխարենը պետք է բացահայտել, հիմնավորել և պետբյուջե վերականգնել առկա, բայց թաքցված հարկային պոտենցիալը»։ Գործընթացի հիմքում առաջնահերթ դրվելու են իրազեկման, բացատրական և նախազգուշացման աշխատանքները։ Բոլոր միջոցները սպառելուց հետո է միայն հարկային ծառայությունը դիմելու համարժեք քայլերի։
Կոմիտեի ջանքերն ուղղվելու են ստվերային շրջանառությունը սպիտակ դաշտ բերելուն։ Վարդան Հարությունյանը հանձնարարել է հարկային տեսչությունների ղեկավարներին ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել և գնահատել իրենց տարածքում գործող ձեռնարկությունների շրջանում առկա ստվերը. «Պետք է վերհանել և բացառել հովանավորչությունը։ Անկախ բարեկամական կապերից, զբաղեցրած դիրքից՝ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար դաշտում»։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս