Ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը մտադիր է շուտով ընդգրկվել խաղացանկային թատրոններից մեկում եւ աշխատել իր մասնագիտությամբ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է ասպարեզում կատարվող փոփոխությունների հետ կապված իր հույսերի մասին, նշել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ` հայ թատրոնը «երիտասարդացնելու» համար:
-Սուրե՛ն, որքան տեղյակ ենք` Էմմա Պետրոսյանը նոր պիես է գրել, որի բեմադրիչը կրկին Դուք եք (ավելի վաղ ռեժիսորը բեմադրել էր Է. Պետրոսյանի «Սեւ, դառը շոկոլադ» պիեսը, հեղ.): Կպատմե՞ք այդ մասին: Պիեսում էլի կին-տղամարդ հարաբերություննե՞րն են արծարծվում:
-Փակագծեր դեռ չեմ բացի, բայց ասեմ, որ պիեսը ստեղծման փուլում է, դրա վրա տարվում են աշխատանքներ: Դրա միջոցով անդրադարձ կկատարվի ոչ միայն կին-տղամարդ հարաբերություններին, այլեւ մի շարք այլ համամարդկային թեմաների, որոնք մեծ մասամբ կապված են մարդու խղճի հետ: Խոսքն այնպիսի ստեղծագործության մասին է, որը մտորելու եւ սեփական կյանքը վերանայելու տեղիք կտա հանդիսատեսին:
-Իսկ նոր ներկայացման մեջ, ինչպես «Սեւ, դառը շոկոլադ»-ում, Արամոյին կտեսնե՞նք:
-Դեռ չենք որոշել՝ Արամոն կխաղա, թե ոչ, բայց եթե մեզ հետ լավ հարաբերությունների մեջ լինի, մաղարիչ անի եւ կարողանա իրեն արդարացնել, կարծում եմ` կխաղա (ծիծաղում է): Առհասարակ, մենք դեռ չենք որոշել` ովքեր են լինելու դերակատարները:
-Ամիսներ առաջ Ռումինիայի «Tony Bulandra» թատրոնում բեմադրեցիք Շեքսպիրի «Օթելլոն», մասնակցեցիք «Babel Fast 2016» միջազգային փառատոնին եւ արժանացաք «Լավագույն ռեժիսոր» մրցանակի: Ձեր առջեւ ի՞նչ նոր դռներ բացեց այս հաջողությունը: Փաստորեն, դրսում նման ձեռքբերումներ ունեք, իսկ ներսո՞ւմ:
-Ասեմ, որ վերջին շրջանում բուռն ստեղծագործական կյանքով եմ ապրում: Մոտ ապագայում «Օթելլոն» կներկայացնենք նաեւ Ալժիրում: Հուսով եմ` հաջորդ տարի հնարավորություն կլինի այն ցուցադրել նաեւ Հայաստանում: Ինչ վերաբերում է ներսում ծավալելիք գործունեությանս, ասեմ, որ շուտով կսկսեմ որպես ռեժիսոր աշխատել որեւէ թատրոնում: Բոլորը գիտեն, թե ես ինչ հարաբերություններ ունեի մշակույթի նախկին նախարարի հետ, իսկ հիմա, կարծես, շատ բան է փոխվել. ոլորտում դրական տեղաշարժեր են նկատվում:
-Ո՞ր թատրոնում եք Ձեզ տեսնում:
-Որեւէ խաղացանկային թատրոնում: Տեւական ժամանակ է` ոչ մի թատրոնում որպես ռեժիսոր չեմ աշխատել:
-Կա՞ ներկայացում, որ ցանկանում եք բեմադրել:
-Այո, կան դասական հեղինակներ, որոնց կուզենայի անդրադառնալ, բայց դեռ չեմ ուզում փակագծեր բացել: Մոտ ապագայում այդ մասին անպայման կիմանաք:
-Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փորձում է Ձեր դաշտում բարեփոխումներ իրականացնել: Որպես երիտասարդ կադր` ի՞նչ եք կարծում` որտեղից է հարկավոր սկսել:
-Հարկավոր է թատրոնները «երիտասարդացնել», իսկ դրա համար պետք է ի հայտ գան պրոդյուսերներ: Նրանք պետք է փոխարինեն խորհրդայի տարիներից մնացած տնօրեններին, որոնք 50 տարի է` նույն գործին են եւ իրենց պաշտոնը ստանձնել են թատրոնի շենքը վարձակալության հանձնելու կամ մի մեխ ավել դուրս գրելու եւ այդ միջոցով գումար աշխատելու համար: Ցավն այն է, որ այդ տնօրենները, որոնք թատրոնից ոչինչ չեն հասկանում, որոշում են, թե ով ինչ պետք է խաղա. դա աբսուրդ է, համաշխարհային պրակտիկայում նման բան չկա: Բացի այդ` մենք ճաշակի ձեւավորման խնդիր ունենք, թարմ մտածելակերպով կադրերի պակաս կա: Եվ հետո, թատրոնը արվեստ է, որը շքեղություն է պահանջում, ուստի այն պետք է լուրջ ֆինանսավորում ստանա պետությունից, որպեսզի այդ կառույցի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը չմարի:
Աննա Բաբաջանյան