Չեխ գործարարները Հայաստանում ներդրում կանե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլին Հայաստանում բացվել է հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատի հայաստանյան մասնաճյուղը: Այն տեղակայված է «Արտ գլաս» չեխական ջահերի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունում: Այս ընթացքում հայ-չեխական առեւտրարդյունաբերական պալատի` Հայաստանի եւ Չեխիայի ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում չեխ գործարարներին Հայաստանում ներդրում անելու հարցում շահագրգռելու ուղղությամբ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հովհաննես Գեւորգյանի հետ:

-Պարո՛ն Գեւորգյան, հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատը Հայաստանում ի՞նչ գործունեություն է ծավալում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ չեխ գործարարաներին Հայաստանում ներդրում անելու հարցում շահագրգռելու գամար:

-Պալատի հիմնական նպատակը հայ եւ չեխ գործարարներին աջակցելն է՝ թե՛ այստեղ, թե՛ Չեխիայում: Նաեւ գործարար կապերի ստեղծումն ու ամրապնդումն է: Բացի այս, արդեն աշխատող ընկերությունները, եթե ինչ-որ խնդիրներ են ունենում, մենք փորձում ենք իրենց աջակցել, դրանք լուծել: Նպատակներ, ծրագրեր շատ կան, որոնք հույս ունենք, որ առաջիկայում կիրականացվեն:

-Ավելի քան 6 ամիս է, ինչ հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատը գործում է: Այս ամսիների ընթացքում գործարարները դիմե՞լ են Ձեզ:

-Իհարկե, մեզ դիմում են ե՛ւ հայաստանցի, ե՛ւ չեխ գործարարներ: Բացի այս, մենք մասնակցել ենք նաեւ գործարարների համար նախատեսված ցուցահանդեսների: Ավելին՝ «Armenian Exspo»-ի շրջանակներում հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատի կողմից ներկայացվել են 10-ից ավելի չեխական ընկերություններ: Դրանք նոր ընկերություններ են, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցով: Նաեւ մտադրություն ունեն իրենց արտադրանքը այստեղ՝ Հայաստանում վաճառել: Արդեն տասից ավել ընկերությունների հետ Հայաստանում ներդրում անելու հարցով բանակցությունները ընթացքի մեջ են:

-Պարո՛ն Գեւորգյան, չեխ գործարարները Հայաստանում կոնկրետ ո՞ր ոլորտներում են հետաքրքրված ներդրում անել:

-Մեծ հետաքրքրություն կա Հայաստանում հիմնել չեխական գարեջրի, քաղցրավենիքի արտադրություն: Չէ որ չեխական գարեջուրը բոլորին է հայտնի: Բացի այդ, հետաքրքրված են նաեւ զբոսաշրջության ոլորտով: Ինչպես նաեւ մեքենաշինության ոլորտով են հետաքրքրված, նաեւ ռազմական տեխնիկայի արտադրությամբ:

-Իսկ մեր հայրենակիցները Չեխիայում արտադրություն հիմնելու, գործարարությամբ զբաղվելու մտադրություններ ունե՞ն, թե՞ ոչ:

-Իհարկե, հետաքրքրված են: Չեխիայում գյուղատնտեսությունը զարգացած է, այս պատճառով մեր հայրենակիցներից շատերը հետաքրքրված են այնտեղից ազոտական պարատանյութ ներկրելու հարցով: Ի դեպ, մի մասն էլ հետաքրքրված է չեխական խոշոր եղջերավոր անասուններով, քանի որ դրանց կաթնատվությւոնը բարձր է: Ամեն դեպքում, մեր նպատակն է հայկական կողմին կապել չեխականի հետ, մենք միայն կապող օղակ ենք հանդիսանում:

-Ձեր նշած տասից ավելի չեխական ընկերություններից քանի՞սն են այցելել Հայաստան:

-Իրենց գնալ-գալու հետ կապված հարցերը կազմակերպվում են հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատի Չեխիայի մասնաճյուղի կողմից: Իհարկե, առաջիկայում, նրանք կգան, քանի որ շատ են հետաքրքրված:

-Իսկ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը՝ ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռերի»-ի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, ի՞նչպես են ազդել չեխ գործարարների ծրագրերի վրա:

-Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմը բոլորիս վրա էլ վատ ազդեցություն թողեց: Բայց հետո՝ ամեն ինչ աստիճանաբար ընկնում է իր բնականոն հունի մեջ: Իրենք այդքան էլ մտահոգված չեն այս պայմաններում Հայաստանում ներդրում անելու հարցով, քանի որ վստահ են ու տեսել են, թե ինչպես է նման դեպքերից հետո Հայաստանում ամեն բան շատ արագ վերականգնվում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս