Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանական բանակը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր»: Նկատենք, որ վերջին տարիներին շփման գծում տարբեր տրամաչափի հրազենից արձակվող կրակահերթերը սովորական երեւույթ էին դարձել: Սակայն քառօրյա պատերազմից առաջ առանձնապես ակտիվացել էին դիվերսիոն ներթափանցման փորձերը, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Հետագայում այդ կանխատեսումները արդարացան: Իսկ հիմա ինչ է փորձում ցույց տալ հակառակորդը:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
-Պարո՛ն Զաքարյան, քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Արդյունքը, ցավոք, տեսանք: Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին, ուստի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դիվերսիոն փորձը չի կարելի դիտարկել որպես սովորական սահմանային խախտում: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ էր հետապնդում հակառակորդի այս փորձը:
-Հակառակոդը փորձում է շարունակաբար ձախողել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այսինքն՝ ցուցադրել այն մտայնությունը, որ, այնուամենայնիվ, ուժի միջոցով խնդրի լուծումը իրենց համար շարունակում է մնալ օրակարգում: Երկրորդ մտայնությունը, իմ կարծիքով, դա միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա կենտրոնացնելն էր, այն բանով, որ սա սառեցված կամ մոռացված հակամարտություն չի, եւ երրորդ խնդիրը դա նորից շանտաժով, ագրեսիայով եւ մարտական գործողությունների իմիտացիա ստեղծելով՝ փորձել սեփական ժողովրդի մոտ Ալիեւի իշխանության երեսը փրկել, որովհետեւ այն միֆը, որ մենք /իրենք Ք. Մ/ ուժով խնդիրը կլուծենք, այդ միֆը կարծես թե կոտրվեց ապրիլին: Դա կոտրվեց միջազգային հանրության միջնորդական ջանքերի շնորհիվ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ծնված պայմանավորվածություններով: Որպեսզի մենք ի սկզբանե բացառենք ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, մեզ անհրաժեշտ է ունենալ հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ: Այդ մեխանիզմների առկայության պայմաններում մենք նոր կարող ենք խոսել խաղաղ կարգավորման հետագա ընթացքի մասին:
-Նշեցիք, որ հակառակորդը փորձում է սեփական ժողովրդի մոտ Ալիեւի իշխանության երեսը փրկել, քանի որ ապրիլին կոտրվեց խնդիրն ուժով լուծելու նրանց միֆը, բայց պետք չէ մոռանալ, որ մենք ապրիլին բավականին լուրջ խնդիրների առաջ կանգնեցինք, ի վերջո, 100-ից ավել զոհեր եւ նաեւ տարածքային կորուստ ունեցանք: Որքանո՞վ ենք մենք այսօր ավելի ապահովագրված, ավելի պաշտպանված, ինչպե՞ս պետք է չեզոքացնենք վերահաս վտանգը:
-Պետք Է ուժեղացնել պաշտպանությունը, ամրացնել, ավելացնել մեր պաշտպանական կարողությունները, անվտանգության խնդիրների վրա մեծ ուշադրություն դարձնել, ինչպես նաեւ ամրացնել մեր տնտեսական ռեսուրսները, կարողությունները: Այս պարագայում, բնականաբար, ոչ մի Ադրբեջան չի կարող սպառնալիք հանդիսանալ մեր անվտանգությանը:
-Իսկ այդ ուղղությամբ ի՞նչ է անում կոնկրետ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:
-Հանձնաժողովի գործառույթներից հիմնականը արտաքին քաղաքական հատվածով խորհրդարանական համագործակցության զարգացումն է: Այդ առումով, բնականաբար, ապրիլյան պատերազմի ժամանակ հանձնաժողովը եւս բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել, հիմա չմանրամասնենք, թե որ պետության, որ խորհրդարանի հետ ինչպիսի աշխատանք է տարվել, բայց ընդհանուր առմամբ ասեմ, որ թույլ չենք տվել, որպեսզի ադրբեջանական հակահայկական քարոզչությունը այդ օրերին մեր օտարերկրյա խորհրդարաններում ներկայացվի միայն ադրբեջանական կողմի կեղծ տեղեկատվության հիման վրա: Այս առումով բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվել:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՊԵՏՈՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԻՄԱՍՏԸ
Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության եւ գիտության նախարարին ու մարզպետներին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել կրթության բարեփոխումների շուրջ. «Կրթական բնագավառի ընտրության ժամանակ ազգակցական, հովանավորչության եւ շահերի բախման հնարավորությունները բացառել, օրինակ, երբ մայր եւ աղջիկ նույն դպրոցում են աշխատում: Իհարկե, չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ: Ինչպես նաեւ՝ առնվազն մեկ դպրոցի հետ պարբերաբար պետք է հեռահաղորդակցական կապ ապահովել»,- նշել էր վարչապետն իր հանձնարարականում: «Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանից հետարքրքվեց` արդյո՞ք անհանգստացած չէ պատգամավորն այդ հանձնարարականի պատճառով, քանի որ Պետոյանի հորեղբոր դուստրը Արթիկ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն է:
-Պարո՛ն Պետոյան, վարչապետը հանձնարարական է տվել հանրակրթական հաստատություններում բացառել ազգակցական կապերը, հովանավորչությունը: Արդյո՞ք արդարացված եք համարում այս հանձնարարականը, չէ՞ որ Ձեր հորեղբոր աղջիկն էլ տնօրինում է Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցը:
-Այսինքն՝ չհասկացա, ովքեր պատգամավոր են կամ ինչ-որ պաշտոնյա, իրենց հարազատը իրավունք չունի՞ դպրոցում աշխատելու: Փոքր համայնքներում հնարավոր չի ուսուցիչները տնօրենի հետ որեւէ հարազատական կապ չունենան, ի՞նչ է, ուրեմն դո՞ւրս պիտի գան այդ մարդիկ, պիտի ազատվե՞ն բոլորը: Թող բացառեն, ինչը բացառեն՝ ես չեմ հասկանում:
-Եթե Ձեր հորեղբոր աղջիկը չունենար Ձեր հովանավորությունը, արդյո՞ք նա հնարավորություն կունենար դպրոցի տնօրեն դառնալու:
-Իսկ ինչու չպետք է դառնար, ընտրությունների միջոցով է դարձել: Ինչու չպետք է դառնար:
-Որեւէ կերպ Ձեր զարմուհուն չեք աջակցե՞լ:
-Ես որ օգնեմ, մենակ իրեն չեմ օգնի, ես որ կարողանում եմ օգնել, բոլորին էլ օգնում եմ:
-Իսկ եթե ԿԳՆ-ն քայլեր ձեռնարկի վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ, Դուք որեւէ կերպ կմիջամտե՞ք:
-Ինչո՞ւ բայց, ի՞նչ խնդիր կա, չեմ հասկանում:
-Վարչապետը խնդիր է տեսել, որ հանձնարարականը տվել է:
-Այդ ե՞րբ է վարչապետը նման կարգի հանձնարարական հնչեցրել:
-Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ:
-Այդ մարդը մի տարի աշխատում է, ես պարզապես չեմ հասկանում, այնքան մարդիկ կան, ովքեր աշխատում են, ինչ կապ ունի՝ հորեղբորս աղջիկն է, այդ մարդը մի տարի, տարուկես առաջ ընտրվել է, այսօր ինչի մասին է խոսքը: Դպրոցի տնօրենին էլ չեն նշանակում, ընտրում են, ընտրվել է, հիմա էլ աշխատում է, չգիտեմ` ինչ եք ուզում ասել: Հանձնարարականը հնչել է, թող դրանից հետո չընտրվեն: Օրենքը հետադարձ ուժ չունի, ցանկացած օրենք, նույնիսկ ԱԺ-ն, եթե նոր որոշում է կայացնում, այն հետադարձ ուժ չունի: Տարուկես աշխատում է, շատ լավ աշխատում է, կոլեկտիվն ընդունում է. ամեն ինչ նորմալ է:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«ՅԱՆԴԵՔՍ»-Ի ՍԽԱԼՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Յանդեքս» տաքսի ծառայությունից պահանջել է փոխել գնային քաղաքականությունը եւ մինիմալ արժեքը սահմանել դաշտում առկա մյուս ընկերությունների նման: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հիմք ընդունելով մամուլում տեղ գտած հրապարակումները, դժգոհությունները` հանձնաժողովը կատարել է «Յանդեքս»-ի վերաբերյալ ուսումնասիրություններ եւ օրենսդրական դաշտը կարգավորող առջարկությունների փաթեթ է պատրաստել: Ըստ Սահակյանի` լիցենզավորման կարգի հետ կապված կան մի շարք խնդիրներ, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն: Այն հարցին, թե արդյո՞ք հանձնաժողովը պարտադրել է ընկերությանը, որ վերանայի իր գնային քաղաքականությունը, Սահակյանը պատասխանեց. «Միայն այն հանգամանքը, որ այսօր «Յանդեքսը»-ը որոշակիորեն փոխել է իր գնային քաղաքականությունը, բայց դարձյալ մեկ կիլոմետրի համար չի գանձում 600 դրամ, արդեն փաստ է, որ հանձնաժողովի կողմից նման պարտադրանք չի եղել: Եթե մենք պարտադրեինք, պետք է որ մինիմալը 600 դրամ վերցներ: Այսինքն` առաջ մեկ կիլոմետր գնում էիր, 100 դրամ էիր վճարում, հիմա մեկ կիլոմետր գնում ես, երկու հարյուր դրամ ես վճարում: Եթե լիներ պարտադրանք մեր կողմից, հավատացեք, դա միանշանակ կկիրառվեր, դժվար հանձնաժողովը պարտադրեր, որեւէ կերպ տնտեսվարողը չարձագանքեր»:
ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է
Այս տարվա մայիսի 7-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ ժամանակավորապես դադարեցվել նրա պաշտոնավարումը: Կատարված նախաքննության արդյունքներով` հոկտեմբերի 18-ին որոշում է կայացվել նշված քրեական գործով Ռ. Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` հայտնեց ՔԿՀ պետի շահերի պաշտպան Գեղամ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ՔԿՀ նախկին պետը մեղադրվում էր պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա այլեւս չի վերականգնվի նախկին պաշտոնում, քանի որ նախաքննության ընթացքում պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՏՆՕՐԵՆԻՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կողմից կարգապահական տույժի է ենթարկվել Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Հովհաննես Բալայանը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Իրեն նկատողություն հայտնելու մասին Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չէի ցանկանա մեկնաբանել, բայց ինչ-որ տեղ, այո՛, համաձայն եմ, քանի որ թերացել եմ»: