Սեպտեմբերի 29-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն դրանց թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ:
«Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է լինեն հիմնավորված, գործառույթները՝ հստակ եւ չկրկնվող: Երբ մենք քննարկում էինք բյուջեն, բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կային, որոնք ունեն տարեցտարի հաստատուն ծախսեր, եւ գոնե իմ համար հասկանալի չէր, թե իրենց պրոդուկտը, օգուտը եւ մուլտիպլիկատիվ էֆեկտը որն է: Ելնելով դրանից՝ շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը, եւ յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինքն ինչ նպատակի է ծառայում»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը նաեւ ԾԻԳ-երի մասին է:
Այսպիսով, այն, որ վարչապետի հերթական կտրուկ ու անսպասելի հանձնարարականը դառնալու էր այդ կառույցների աշխատակիցների ահուսարսափը, բնական էր: Կառավարության բոլոր մարմինների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի աշխատակիցների համար իրենց ճակատագիրն այս պահի դրությամբ դեռ անկանխատեսելի է:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ այդ գերատեսչության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների աշխատակիցները աշխատանքի են գնում «վախվորած», սպասումով, որ ցանկացած պահի իրենց կհայտնեն աշխատանքից ազատման անցանկալի լուրը: Այս գերատեսչության տնօրինմանն է վստահված այդպիսի 5 կառույց` «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ը կամ ծրագրի իրականացման կազմակերպությունը, «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկը, «Տրանսպորտային փոխադրումներ», «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» եւ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկը, Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» եւ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ները նախատեսվում է միավորել: Հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ»-ը նախ կապ հաստատեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի հետ: Նա փաստացի հերքեց այդ տեղեկատվությունը` նշելով, որ չկա նման բան.«Ասենք միանալու համար իրավական ակտ պիտի լինի դրա մասին, ի՞նչն եք հիմք ընդունում, որ ասում եք՝ միանալու է, ով է ձեզ նման բան ասել, նախ սկսենք դրանից»,- պատասխանելու փոխարեն փորձեց մեզանից ճշտումներ անել ԾԻԳ-ի տնօրենը: Իսկ հարցին` քննարկումնե՞ր չեն եղել դրա վերաբերյալ, Սարգսյանը նախ պատասխանեց.«Իմ հետ այդպիսի քննարկում չի եղել, ես նման որեւէ քննարկման չեմ մասնակցել»,- ապա ինքն իրեն անուղղակի կերպով հերքելով՝ հավելեց.«Եթե բանակցությունները ընթանում են, դա չի նշանակում, որ դեռեւս որոշված է, երբ որ որոշվի, երբ որ ամեն ինչ հստակ կլինի, այդ ժամանակ կոմպոտենտ կլինեմ, եթե լինեմ, այդ հարցին կպատասխանեմ»,- իր հակասական խոսքը եզրափակեց պաշտոնյան:
Հարցի շուրջ փորձեցինք հստակեցումներ անել նաեւ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ի կամ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրեն Արթուր Սարգսյանից: Վերջինս հարցի պատասխանն իր գործառույթներից դուրս համարելով, ըստ էության, չպատասխանեց մեր հարցին. «Կառուցվաքային հարցերին ես ինչ գործ ունեմ պատասխանելու, շինարարությունից հարցրեք, ընթացքից, տենդեռներից, կպատասխանեմ: Ես չեմ էլ խառնվում, տեղյակ էլ չեմ տենց, այդ բաների մեջ չեմ էլ մտնում, ես իմ արհեստավարժ գործն եմ անում, ինձ չի էլ հետաքրքրում, ոնց ճիշտ է, տենց էլ պետք է շարժվի կառավարությունը»,-եզրափակեց Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ հստակ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմեց նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամլո խոսնակ Անահիտ Առաքելյանին: Վերջինս, ի պատասխան մեր հարցման, նշեց միայն. «Ինչպես մյուս տեղերում, մեզ մոտ էլ հիմա քննարկումների ընթացք է, թե ինչ պետք է արվի»: Մեր պարզաբանմանը, որ խոսք է գնում մի քանի ՊՈԱԿ-ների միավորման մասին, Առաքելյանը կարճ պատասխանեց՝ քննարկումներ կան:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ ՊԱՐՏՔԵՐԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչները շարունակում են բողոքել «Աշտարակ կաթ» ընկերությունից, որը տեւական ժամանակ է՝ չի վճարում բնակիչներին ունեցած պարտքերը: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի՝ գյուղացիներին ունեցած պարտքերին:
«Ժողովուրդ»-ը բողոքող բնակիչներից տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ» ընկերության Ճամբարակում գտնվող պանրի արտադրամասը հոկտեմբերին չի աշխատել: Պանրի արտադրամասի աշխատակիցները աշխատելու մասին չեն էլ ցանկանում լսել, քանի որ մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:
«Մենք մայիսից մինչեւ հիմա աշխատավարձ չենք ստացել: Արդեն 3-րդ տարին է, ինչ գործարանը հոկտեմբերին չի աշխատում: Բայց մեծ քանակությամբ պանիր ունեն պահեստավորած: Անցած տարի գոնե ընկերությունը մեզ «Լոռի» տեսակի պանիր էր բաժանում, որն էլ մենք մարզերում վաճառում էինք: Բայց այս տարի իրենք «Ռոքվոր» տեսակի պանիր ունեն, որը թանկ է եւ մեզ ձեռնտու չէ այն աշխատավարձի դիմաց վերցնել: Բացի այս, պանիրը դժվարությամբ ենք իրացնում: Մենք միայն մեր աշխատավարձն ենք ուզում»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Ճամբարակի բնակչուհի Սուսաննան:
Նշենք նաեւ, որ ընկերությունը կաթի մթերման դիմաց պարտքեր ունի կուտակած նաեւ մատակարարներին, որոնք գյուղացիներից կաթը վերցնում են, ապա հանձնում ընկերությանը: «Ժողովուրդ»-ին դիմած Սուսաննայի ամուսինը նույնպես որպես մատակարար կաթը վերցրել է գյուղացիներից, ապա հանձնել ընկերությանը: Սակայն «Աշտարակ կաթ»-ը հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարից մթերած կաթի գումարը դեռ չի վճարել, ինչի արդյունքում վերջինս հայտնվել է անելանելի վիճակում: Ստիպված ունեցած ցլիկն են վաճառել եւ ընկերության փոխարեն վճարել են գյուղացիների պարտքը, որը իրենից էին պահանջում: «Մարդիկ փող չունեն, փայտ պետք է գնեն, մեզ մոտ արդեն խիստ ձմեռ է: Մենք էլ վարկեր ունենք ու աշխատավարձը չստանալու պատճառով վարկային պարտավորությունները չենք կատարել, ժամկետանց ենք: Ստիպված էինք ցլիկը վաճառել, որովհետեւ գալիս էին, գումարն էին պահանջում. նրանցից մեկը հիվանդ կնոջը պետք է բժշկի տաներ, դրա համար էլ մեր անասունը վաճառեցինք»,- պատմեց տիկին Սուսաննան:
Տեղեկացնենք, որ բնակիչների մեծ մասը կաթը հանձնում է «Դուստր Մարիաննա» ընկերությանը:
Իսկ «Աշտարակ կաթ» ընկերությունից արդեն մի քանի անգամ է, ինչ հավաստիացնում են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մարվելու են կաթի մթերման դիմաց կուտակված բոլոր պարտքերը: Նաեւ հավելում, որ ընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից եւ խնդիրը մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Բայց թե, ի վերջո, երբ են մարեվլու գյուղացիների պարտքերը, հայտնի չէ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Արման Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ա. Փիրումյանը 2015թ. ապրիլի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում տեղակայված «Անհատ ձեռներեց Ղալթախչյան» ավտոպահեստամասերի վաճառքի կետից 2015թ. ապրիլի 20-ին 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գողությունը կազմակերպել է Ազատամուտ գյուղի բնակիչ Շահնազար Ալավերդյանը: Հավաստի տեղեկություններով՝ վերհիշյալ խանութը փաստացի պատկանում է Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին: Ա. Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Այդ հոդվածով բնութագրված արարքի համար որպես պատիժ նախատեսված է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում: Ա. Փիրումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
ՁՅՈՒՆԸ ՋԱՐԴԵԼ Է ԲԵՐՔՈՎ ՃՅՈՒՂԵՐԸ
Հոկտեմբերի 26-ին տեղացած առատ ձյունը վնասներ է պատճառել Տավուշի մարզի պտղատու այգիներին: Մարզի տարբեր տարածաշրջաններում արքայանարնջի (կորոլյոկ), նռան ծառերի ճյուղերը ձյան հաստ շերտի ծանրության տակ կոտրվել են: Սահմանամերձ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ գյուղի նռան եւ արքայանարնջի ծառերը տեղացած առատ ձյան պատճառով վնասվել են: Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի բնակիչներից մեկը «Ժողովրդին», ասաց, որ ինքը երկմտանքի մեջ է՝ հավաքե՞լ, թե՞ չհավաքել արքայանարնջի՝ դեռեւս լիովին չհասունացած պտուղները, քանզի վախենում է, որ դրանք կցրտահարվեն: 2016 թվականը Տավուշի մարզի գյուղատնտեսության համար լավ տարի չէր: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մարզում խաղողի, դեղձի բերքը նախորդ տարիների համեմատ քիչ եղավ: Փաստորեն, տարին վատ սկսեց, վատ էլ ավարտվում է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ