«ՀԱՅՖԻԼՄԻՆ» ՈՍԿԵ ՊԱՏԵՐ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը «Հայֆիլմ»-ի ճակատագրով մտահոգ անձանց կոչ է անում միավորվել «Հայֆիլմի վերածնունդ» մշակութային նախաձեռնության շուրջ: Նրա կոչին արդեն միացել են մշակույթի մի շարք գործիչներ: «Ժողովուրդ»-ը ռեժիսորից պարզել է` ինչպես է նա պատկերացնում կինոստուդիայի վերածնվելու գործընթացը, եւ այդ նպատակով կոնկրետ ինչ քայլեր է առաջարկում պետությանը:

-Հա՛յկ, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք նման նախաձեռնությամբ հանդես գալ, եւ ի՞նչ եք կարծում` որ դեպքում այն արդյունավետ կլինի:
-Նախաձեռնությունը կյանքի կոչելու գաղափարը վաղուց եմ ունեցել, սակայն այդ նպատակի համար համապատասխան միջոցների, գործողությունների հաջորդականության վերաբերյալ հստակեցումներն արել եմ շուրջ երեք ամիս առաջ: Միակ հանգամանքը, որն ինձ հույս է ներշնչում, մշակույթի նախարարի փոփոխությունն է: Եթե Հասմիկ Պողոսյանը մնար նախարարի պաշտոնում, ես որեւէ բան չէի նախաձեռնի, այլապես կտապալվեի: Ինձ թվում է` հիմա քայլեր անելու ճիշտ ժամանակն է, թե չէ, ով գիտե, գուցե մի օր էլ «Հայֆիլմի» շենքը պայթեցնեն ու դրա փոխարեն ուրիշ բան կառուցեն: Բայց չէ՞ որ կարելի է սկսել նոր կինոարտադրություն` նյութական եւ հոգեւոր վերածննդի համար:
-Տեղյակ ենք, որ պատրաստվում եք հանդիպել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Որո՞նք են լինելու դրան հաջորդող քայլերը:
-Նախ ասեմ, որ ես խոսում եմ «Հայֆիլմի» ճակատագրով մտահոգված արվեստագետների ու արվեստասերների մի ստվար զանգվածի` ավելի քան 1400 հոգու անունից: Նրանց թվում են հեղինակավոր ռեժիսորներ, դերասաններ, լրագրողներ եւ կինոոլորտի հետ կապ չունեցող, պարզապես արվեստով հետաքրքրվող մարդիկ: Այդ անձինք իմ կողքին են եւ ամեն բան անում են, որ նախաձեռնությունը քայլ առ քայլ հաջողություններ գրանցի: Կարծում եմ` կինոստուդիայի հետ կապված առաջին խնդիրը, որ հարկավոր է լուծել, վերաբերում է շենքային պայմաններին. «Հայֆիլմի» շենքը պետք է վերանորոգել, տաղավարները, ռեկվիզիտը վերականգնել, որպեսզի հնարավոր լինի մեծամասշտաբ նկարահանումներ իրականացնել: Անհրաժեշտ կլինի գոնե մեկ դահլիճ, որտեղ կինոգործիչները կկարողանան հավաքներ կազմակերպել: Այլապես ո՛չ հեռուստաընկերությունների, ո՛չ էլ հոլդինգների ու անհասկանալի ստուդիաների միջոցով կինոն Հայաստանում զարգացում չի ապրի:
-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում «Հայֆիլմի» վերածնունդը:
-«Հայֆիլմին» ոսկե պատեր հարկավոր չեն, պարզապես պետք է պայմաններ ստեղծել, որ կինոստուդիայում հնարավոր լինի աշխատել: Թատերական ինստիտուտի ուսանողը բուհն ավարտելուց հետո կտրվում է կինոմիջավայրից: Միակ տեղը, որտեղ նա կարող է կայանալ, հեռուստաընկերությունն է, բայց TV-ները արվեստի խնդիր չեն լուծում, այլ բիզնեսի: Այնինչ՝ «Հայֆիլմը» կարող է պրակտիկայի ու փոխհամագործակցության լավ դարբնոց դառնալ նաեւ ինստիտուտի ուսանողների համար:
-Կինոգործիչների շրջանում երբեմն խոսակցություններ են ծավալվում անհատի կողմից «Հայֆիլմի» սեփականշնորհման վերաբերյալ: Նրանց մեծամասնությունը դեմ է արտահայտվում դրան: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
-Նման կարգավիճակ եւ կարեւորություն ունեցող ցանկացած կառույց, հաստատություն պետք է լինի միայն պետության ենթակայության եւ հովանավորության ներքո: Դա նույնը կլինի, եթե Օպերային թատրոնը կամ Մատենադարանը սեփականաշնորհվի: Ցավոք, մենք չենք գիտակցում «Հայֆիլմի» կարեւորության աստիճանը: Պատկերացնո՞ւմ եք, եթե 1990-ականներին թալանվեր, ասենք, Մատենադարանը: Բայց «Հայֆիլմն» այդ ճակատագիրն ունեցավ, ու շատերը, կարծես, համակերպվեցին դրա հետ: Չպետք է մոռանալ` «Հայֆիլմն» այն կառույցն էր, որտեղ ժամանակին «Մոսֆիլմից» գալիս, նկարահանումներ էին իրականացնում: Պետք է սովորենք մեր ունեցածը պահպանել ու գնահատել: Առանց «Հայֆիլմի» մենք չենք կարող աշխարհին կինոմշակույթ ներկայացնել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԱԴԵԼԸ  ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
28-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը հինգ տարվա հարաբերությունից հետո նշանադրվել է ընկերոջ՝ Սայմոն Քոնեքիի հետ: Mirror-ը տեղեկացնում է, որ նրանք մտադիր են այդ առթիվ աղմուկ չբարձրացնել. «Վստահ եմ, որ երկրպագուները երգչուհուն չեն տեսնի հսկա ադամանդե մատանին ցուցադրելիս: Ադելն ու Սայմոնը պատրաստ էին նշանադրությանը եւ հուզված են հեռանկարի առիթով»,- ասել է պարբերականի աղբյուրը: Հիշեցնենք, որ զույգը որդի ունի` Անջելոն. նա ծնվել է 2012 թվականի հոկտեմբերին։ Հավելենք, որ մամուլում պարբերաբար լուրեր էին պտտվում, թե Ադելը գաղտնի ամուսնացել է: Իսկ երգչուհին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած ինքն ու Սայմոնը որդի ունեն, չեն պատրաստվում գրանցել իրենց միությունը:

 

 

ԵՐԳՉՈՒՀԻՆ ԼՔՈՒՄ Է  ԲԵՄԸ
Ծագումով հայ երգչուհի, դերասանուհի Շերիլին Սարգսյանը, նույն ինքը` Շերը, մտադիր է 2017-ի սկզբին կայանալիք Classic Cher շրջագայությունից հետո ավարտել իր կարիերան: Radar Online-ի փոխանցմամբ` պատճառն այն է, որ վերջերս երգչուհին դժգոհ է իր արտաքին տեսքից եւ ինքնազգացողությունից: Եվ չնայած երկրպագուների առարկություններին` նա անդրդվելի է:
«Ձայնս դեռ լավն է, ու ես նախկինի պես կարող եմ կրել համերգային հագուստներ: Իհարկե, չեմ ուզում կանգ առնել, սակայն կարծում եմ, որ սա կլինի իմ վերջին շրջագայությունը»,- ասել է Շերը:

 

 

ՀԵՏՄԱՀՈՒ  ՌԵԿՈՐԴ
Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին հետմահու գերազանցել է փոփի թագուհի Մադոննային: BBC-ն հաղորդում է, որ «The Wonder Of You» ձայնասկավառակը դարձել է Փրեսլիի 13-րդ ալբոմը, որը գլխավորել է բրիտանական չարթերը: Արդյունքում երաժիշտը մենակատարների շրջանում հետմահու սահմանել է ալբոմի նոր ռեկորդ: Ի դեպ, նոր ալբոմում ներկայացված գործերում երգչի օրիգինալ երգեցողությունն ուղեկցվում է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:




Լրահոս