Իշխանության նախընտրական շոուն շարունակվում է: Երեկ կրկին բախվեցինք դրա դրսեւորումներից մեկին` Սերժ Սարգսյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության, «կարմիր գծերի» եւ արագաչափ սարքերի պատասխանատուներին հերթական խորհրդակցության էր հրավիրել: Հանձնարարականներ տվեց կառավարությանը, ոստիկանապետին, Երեւանի քաղաքապետին, արդարադատության նախարարին… անգամ վերջնաժամկետ ներկայացրեց: «Նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը»,- ասաց նա:
Իհարկե, առաջին անգամ չէ, որ Ս. Սարգսյանն գնում է այս կամ այն գերատեսչություն եւ խրատահանդիմանական բնույթի ելույթներ ունենում: Իսկ ի՞նչ փոխվեց 2015-ի սեպտեմբերի 11-ին ՃՈ-ում անցկացված նույնաբովանդակ խորհրդակցությունից, դաստիարակչական «ապտակներից» հետո: Էական ոչինչ: Միայն ներկա պաշտոնյաների անունները: Նույնիսկ պաշտոնապես չի պատճառաբանվել, թե մինչ օրս հեռացված ՀՀ ճանապարհային 2 ոստիկանապետերի պաշտոնանկության պատճառն ինչն էր:
Եւ, վերջապես, ո՞ւմ հրահանգով են չարաբաստիկ գերթանկարժեք արագաչափերը եւ տեսախցիկները ներմուծվել եւ տեղադրվել Հայաստանում: Իհարկե, նույն Սարգսյանի: Հիշեցնենք, որ «կարմիր գծերի» «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միքայել Հարությունյանին, որը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է: Իսկ արագաչափերի` «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի անունը կապվում է Սերժ Սարգսյանի ընտանիքի` մասնավորապես փեսայի` Միքայել Մինասյանի անվան հետ:
Հ. Գ. Երեկվա խորհրդակցությունից տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանը փորձում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից ինչ-որ առումով հետ չմնալ եւ երբեմն բանեցնել ունեցած իշխանական լծակները:
Արդեն երկու ամիս է` Մատենադարանը տնօրեն չունի: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 3-ին մահացել էր այդ պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Թամրազյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լեւոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է: Համապատասխանո՞ւմ է, արդյոք, Լ. Սարգսյանը սահմանված չափանիշներին, հայտնի չէ: Այդուհանդերձ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ տնօրենի նշանակման հետ կապված մրցութային գործընթացը դեռեւս չի մեկնարկել: Իսկ ինքը` Լեւոն Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեց, որ մրցույթը հայտարարելու դեպքում ինքը չի պատրաստվում իր թեկնածությունը առաջադրել Մատենադարանի տնօրենի համար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել: Այսպես՝ դեպի Եվրամիության անդամ երկրներ եւ Ռուսաստան արտահանումը աճել է համապատասխանաբար 14,1 եւ 54.6 տոկոսով: Իսկ ներմուծումը ՌԴ-ից աճել է 1.2 տոկոսով: Նկատենք, որ ցուցանիշները արձանագրվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման օրոք, որից հետո նշանակված վարչապետ Կարեն Կարապետյանը մեր երկրի տնտեսության այսօրվա վիճակը համարեց անմխիթար: Թերեւս նա այսօրվա արտահանման մոտ 20 տոկոս աճը պետք է էապես ավելացնի, որպեսզի Հայաստանը սպառող երկրից վերածվի արտադրողի` այդպիսով տնտեսության վիճակն առավել մխիթարական դարձնելով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել: Բանն այն է, որ մինչ օրս դեռեւս պաշտոնապես չի հաղորդվել՝ ինչ վիրավորում է ստացել Յու. Տեփանոսյանը: Հայտնի է միայն, որ իրավապահների կողմից տվյալ տարածքի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է նույն տարածքի տանիքից: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է` ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգեցված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել եւ դիպչել ծոծրակին: Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաղորդել է, որ հայտնի են ոստիկանության 3 աշխատակիցներին սպանողները: Սակայն անուններ այդպես էլ չի հիշատակվում, ավելին՝ խմբավորման անդամներից եւ նրանց հետ կապ ունեցողներից որեւէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք առաջադրված չէ:
ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵԼՈՎ
ՀՀ նախկին արտգործնախարար Ռուբեն Շուգարյանը երեկ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը: Նա ընդգծել է, որ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրության միջոցով բանակցային գործընթացի շարունակությունն անիմաստ է դառնում, քանզի ապրիլից հետո Ադրբեջանը ցույց է տվել, որ շարունակում է մնալ ԼՂ բնակչության համար որպես գոյութենաբանական սպառնալիք: «Միայն հիշենք, թե ինչ արեցին նրանք խաղաղ բնակավայրերում ծերերի, երեխաների հետ. սա ինչ-որ բան է հիշեցնում, օրինակ՝ ԻԳԻԼ-ի գործողությունները: Այդ իսկ պատճառով այստեղ մենք պետք է մտածենք մի նոր միջազգային նորմի մասին, որը պետք է ներառվի բանակցային գործընթացում»,- tert.am-ին ասել է դիվանագետը:
1991-92թթ. ՀՀ նախագահի օգնականը առաջարկել է նոր մշակվող միջազգային իրավունքը՝ Remedial secession-ը (անջատում հանուն փրկության), որը կիրառվում է այն դեպքում, երբ կա ցեղասպանության հստակ սպառնալիք: Սա ուշագրավ է այն առումով, որ նման առաջարկություն, դեռեւս մայիսի 6-ին, արել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա, մասնավորապես, հիշեցրել էր, որ այդ մոտեցումն իր կողմից բարձրաձայնվել է դեռեւս 1996 թ. Լիսաբոնում եւ ընդգծել «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման կարեւորությունն այնքան մեծ է, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի այն անտեսել։ Սերժ Սարգսյանի՝ բանակցային սեղանի շուրջ ուժեղ լինելու նպատակով ժողովրդին, ըստ էության, աջակցության կոչ արած Տեր-Պետրոսյանը, ով ավելի վաղ՝ Ս. Սարգսյանի հետ իր տանը հանդիպելուց հետո հայտարարել էր, թե բանակցային գործընթացում ներկայիս տխուր իրավիճակը Սարգսյանը ժառանգել է իր նախորդից՝ Ռոբերտ Քոչարյանից, այդպես էլ չէր պարզաբանել, թե ինչու իր պաշտոնավարման շրջանում այդ դոկտրինը չհաջողվեց կյանքի կոչել: Փոխարենը, նա նշել էր անգամ միջազգային հռչակ վայելող մասնագետի՝ ֆրանսիահայ իրավագետ Ռաֆֆի Գալֆայանի անունը՝ հավաստիացնելով, որ նա պատրաստ է գալ Երեւան եւ ԱԳՆ-ի հետ լծվել այս դոկտրինը ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծմանը ծառայեցնելու գործին:
Հաջորդող ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ Տեր-Պետրոսյանի այս առաջարկն ուղղակի անտեսվել կամ էլ մերժվել է ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս ղեկավարության կողմից: Եվ հիմա, ամիսներ անց Տեր-Պետրոսյանի նախկին օգնականի՝ Ռո. Շուգարյանի կողմից այդ դոկտրինի մասին հիշեցումը հազիվ թե պատահական լինի: Ըստ էության, նախկին նախագահի թիմը փորձում է թարմացնել իշխանությունների հետ համագործակցության առաջարկը: Նախընտրական փուլից առաջ, դա, բնականաբար, առավելապես ներքին դրդապատճառներ կարող է ունենալ: Կլինի արձագանք, թե ոչ, դարձյալ պայմանավորված է լինելու բացառապես ներքին իրավիճակի եւ, ցավոք, ոչ ամենեւին հարցի արտաքին կարեւորությամբ: