«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ լրատվամիջոցներն ահազանգում են, որ ԴԱՀԿ ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի «պաշտոնավարման» կարճ ժամանակահատվածում օր օրի կառույցը փլուզման է գնում: ԴԱՀԿ գործելաոճից քաղաքացիների ավելացող բողոքների մասին բարձրաձայնեց նաեւ ՀՀ վարչապետը:
Կառույցի ներսում եւս մթնոլորտը խաղաղ չէ: Վերջին օրերին ԴԱՀԿ-ից սկսել են հեռանալ նաեւ ծառայության հնաբնակներ, այդ թվում՝ բաժինների ղեկավարներ, որոնք այլես չեն կարողացել հանդուրժել Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ ԺՊ-ի ապաշնորհ կառավարման հետեւանքով ծառայությունից հեռացել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը, ծառայության ՊԵԿ-ի պետ Վարդան Վարդանյանը, ֆինանսական բաժնի պետ Նարինե Մարգարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Գագիկ Հարությունյանը, Աշոտ Նավասարդյանի փեսա, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը, միջազգային հարաբերությունների բաժնի պետ Աննա Հայրոյանը եւ այլք: Մարդիկ, որոնք մշտապես տարբեր ղեկավարների հետ աշխատել են համակարգում:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեթեւ ձեռքով արդարադատության ավագ լեյտենանտից «թռնելով» փոխգնդապետի կոչում ստացած Արմեն Հարությունյանը կարծես թե չի ընկալում ծառայության նշանակությունը: Նա մինչ օրս չի մեկնաբանել, թե ինչպես է օրենքը շրջանցելով՝ բազմել ԴԱՀԿ պետի «գահին» եւ օրինախախտ իր գործունեությունը շարունակում է: Թեեւ ըստ ԴԱՀԿ ծառայության մասին ՀՀ օրենքի՝ ԴԱՀԿ բաժնի պետի պաշտոնում չի կարող նշանակվել ավագ լեյտենանտի կոչում ունեցողը, այնուամենայնիվ, ԺՊ Արմեն Հարությունյանը միջազգային հարաբերությունների բաժնի պետի պաշտոնում նշանակել է հե՛նց ավագ լեյտենանտի կոչում ունեցող աղջնակի…
Թերեւս ժամանակն է, որ անդադար բարեփոխումներից խոսող ՀՀ իշխանությունը խոսքերից անցնի կոնկրետ գործողությունների, որպեսզի ճիշտ մարդիկ իրենց ճիշտ տեղում հայտնվեն, այլ ոչ թե ժամանակավրեպ «ժամանակավոր պաշտոնակատարները» մեզ իշխեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: