«Աթեշյանը ինչ-որ հարցեր լուծելու համար Հայաստանի աջակցության կարիքն ունի». ինչու է Պոլսո պատրիարքի փոխանորդը ժամանել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Հայաստանում է: Նախօրեին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Վերջինս նշեց նաև, որ Աթեշյանը Հայաստան է ժամանել անցած գիշեր:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանությունը դատապարտող Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւի առթիվ նամակ էր գրել, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»: Բացի այս՝ Աթեշյանը նամակում հայտնել էր, որ այդ բանաձեւի ընդունմամբ «հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ բերելով հայ ժողովրդի եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը»:

Նշենք, որ Էրդողանին գրած աղմկահարույց նամակի պատճառով Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ Աթեշյանը հայտնվեց Հայաստանի ու սփյուռքի հայերի քննադատության թիրախում: Այդ ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հունիսին ստեղծվել էր «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվամբ խումբ: Իսկ հունիսին Հայաստանում անցկացվող ժողովին Արամ Աթեշյանի մասնակցությունը չեղարկվեց: Ավելին՝ Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մայր Աթոռում եւ Արցախում տեղի ունեցած գերագույն հոգեւոր խորհրդի վերջին երկու նիստերում բացակայել է:

Տեղեկացնենք, որ Նյու Յորքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը տեղի է ունեցել գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը: Շատերը գերագույն խորհրդի ժողովը Նյու Յորքում անցկացնելը համարում են անտրամաբանական ու անհասկանալի:

armchurch.info կայքէջում, որտեղ տեղադրվում են եկեղեցական լուրեր, նախօրեին ողջ օրվա ընթացքում Աթեշյանի՝ Հայաստան այցի մասին ոչինչ չկար: Իսկ Էջմիածնի Մայր Աթոռում լռում են Աթեշյանի՝ Հայաստան կատարած այցի մասին: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Հայաստանում չէ. նա այս օրերին շրջում է աշխարհի հայկական թեմերով: Ասել է թե՝ տունը հյուր է եկել, իսկ տանտերը տանը չէ: Աթեշյանի՝ Հայաստան կատարած այցի մասին մանրամասն տեղեկություն ստանալու մեր փորձերն անհաջող անցան, քանի որ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ այդպես էլ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Սակայն պատգամավոր Արագած Ախոյանի համոզմամբ՝ Աթեշյանը ինչ-որ հարցեր լուծելու համար Հայաստանի աջակցության կարիքն ունի: «Հայտնի է, որ Պոլսում սկսվել է նոր պատրիարք ընտրելու գործընթացը, եւ Աթեշյանը հավանաբար աջակցության կարիք ունի»,- հայտարարեց պատգամավորը: Ըստ Ախոյանի՝ հնարավոր է՝ Հայաստանում նրա այցի դեմ բողոքի ակցիա իրականացվի:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս