Ֆինանսների նախարարը՝ Թուրքիայից ստացված մարդասիրական օգնության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով Թուրքիայից ՀՀ ուղարկված մարդասիրական օգնության մասին «Ժողովուրդ»-ի հրապարակած պաշտոնական տվյալներին՝ նշեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին եւ խոստացավ անպայման ստուգել՝ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը:

Գրել էինք, որ ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների` 2015 թ. ՀՀ-ի ստացած մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 5 հազար տոննա, որը եղել մոտ 50 մլն դոլարի չափով: 2015 թ. Հայաստանին «օգնած» երկրների թվում է նաեւ Թուրքիան: Ըստ ԱՎԾ-ի՝ Թուրքիան ՀՀ է ուղարկել ավելի քան 5 տոննա պլաստմասսա եւ դրանից պատրաստված իրեր, կաուչուկ, ռետին եւ դրանցից պատրաստված իրեր՝ ավելի քան 3 հազ դոլարի չափով, թաղիք, բամբակ, հատուկ գործվածք, ճոպան, պարան, տրիկոտաժե պաստառ, հնոտիներ, իրեր սեւ մետաղներից, Էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, ձայնագրող ապարատներ եւ դրանց մասեր, կահույք, անկողնային պարագաներ, խաղալիքներ, խաղեր եւ սպորտային գույք, դրանց մասեր եւ հարմարանքներ:

«Ժողովուրդ»-ն այդ արտասովոր մարդասիրական օգնության մասին զրուցեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի  հետ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան

-Պարո՛ն Արամյան, հրապարակել էինք, որ 2015 թ. Հայաստանին «օգնած» երկրների թվում է նաեւ հարեւան Թուրքիան, որը նշված տարում Հայաստան է ուղարկել ավելի քան 5 տոննա պլաստմասսա եւ դրանից պատրաստված իրեր, կաուչուկ, հնոտի եւ այլն:

-Ճիշտն ասած՝ այդ հրապարակմանը տեղյակ չեմ:

Հրապարակմանը ծանոթ չեք, բայց գոնե տեղեկացված պետք է լինեք, թե արդյո՞ք Հայաստանը Թուրքիայից մարդասիրական օգնություն ստանում է կամ ի՞նչ փաստաթղթի հիման վրա է ստանում:

-Դժվարանում եմ ասել, երեւի Դուք սկզբնաղբյուրին դիմեք: Գիտեք, ազգային վիճակագրական ծառայությունը ոչ այլ ինչ է, քան փաստերի հաշվեգրում կատարող, եւ այդ հաշվեգրման հիման վրա վիճակագրություն է պատրաստում: Անպայման պետք է հասկանալ, թե սկզբնաղբյուրը որն է:

-Այսինքն՝ Դուք երբեւէ չեք լսե՞լ, որ Հայաստանին մարդասիրական օգնություն կարող է տրամադրվել Թուրքիայից:

-Անկեղծ, իրականում տեղյակ չեմ, բայց կստուգեմ, թե այդ ինչ տեղեկատվություն է, Դուք արդեն նշեցիք, որ ազգային վիճակագրական ծառայությունն է հրապարակել պաշտոնական տեղեկությունը, տեղյակ չեմ, բայց կստուգեմ:

Քնար Մանուկյան




Լրահոս