«ԼԱՎ ԿԻՆՈՅԻ ՊԱԿԱՍ ՇԱՏ ԵՄ ԶԳՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ռեժիսոր, դերասանուհի Ֆրիդա Յորքի հետ զրուցել է միջազգային չափանիշներով ժամանակակից թատրոնի մոդելի եւ հայ թատրոնի խնդիրների մասին: Ֆրիդան` որպես երիտասարդ կադր, թատրոնը կենդանացնելու իր տարբերակներն ունի. նա, օրինակ, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքը բեմադրելիս միավորեց պլաստիկան եւ խոսքը: Ռեժիսորն այն կարծիքին է, որ այսօր երիտասարդ մասնագետները շատ ավելի վստահ են դարձել, չեն վախենում էքսպերիմենտներից: Ֆրիդան, որպես դերասանուհի, ընդգրկված է նաեւ մի շարք կինոնախագծերում, համագործակցում է ռուսական շուկայի մասնագետների հետ:

-Ֆրիդա՛, տեղյակ ենք, որ կան նոր նախագծեր, որոնց շրջանակում այժմ աշխատում եք որպես ռեժիսոր եւ որպես դերասանուհի: Կպատմե՞ք այդ մասին:
-Մեկ շաբաթ է` վերադարձել եմ Մոսկվայից: Այնտեղ մասնակցում էի ամերիկյան «Դոկտոր Հաուս» սերիալի ռուսական ադապտացիային, որի արդյունքում սերիալը վերանվանվել է «Դոկտոր Ռիքսթեր»: Որպես դերասանուհի` այս նախագծի շրջանակում ինձ հարստացած եմ զգում, քանի որ ապահովված էին բարձր կինեմատոգրաֆին հարիր պայմաններ: Նախագծի ռեժիսորը Անդրեյ Պրոշկինն է: Նա յուրօրինակ մտածողության տեր մասնագետ է, որի հետ աշխատելը պատիվ է: Իսկ արդեն գարնանը կյանքի կկոչվի մի կինոնախագիծ, որին սպասում եմ երեխայի պես: Խոսքը ռեժիսոր Հովհաննես Գալստյանի` հետաքրքիր սցենարով «Ռեմիսիա» նախագծի մասին է, որն իր շուրջը հավաքել է հիանալի դերասանական կազմ: Դե, իսկ Հովհաննեսի հետ մասնագիտական շփումների արդյունքում էլ դերասանը «արթնանում» է նորովի: Ինչ վերաբերում է ռեժիսորի իմ գործունեությանը, այն այժմ դադարի փուլում է, բայց ո՞վ գիտի, թե վաղը ինչ կծնվի (ժպտում է):
-Դուք որեւէ կոնկրետ թատրոնում աշխատո՞ւմ եք: Որպես երիտասարդ մասնագետ` հայ թատրոնում ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք դեռեւս լուծված չեն:
-Այս պահին ոչ մի թատրոնի կազմում ընդգրկված չեմ. նախընտրում եմ պայմանագրային աշխատանքը: Ժամանակակից թատրոնի մոդելը ես այսպես եմ պատկերացնում. կա թատրոնի շենք, ադմինիստրատիվ կազմ, հրավիրվում է ռեժիսոր, որն էլ իր հերթին հրավիրում է դերասաններ, այդպիսով իրականացվում է նախագիծ: Այս պարագայում ոչ մի դերասան չի թուլանում, կոպիտ ասած, որեւէ տեղ արմատներ չի գցում, ավելի ճկուն է լինում: Դերասանները պետք է աշխատեն տարբեր ռեժիսորների հետ, վերջիններս էլ չպետք է հոգնեն նույն դեմքերից: Դեռ վաղուց այս սկզբունքով է առաջնորդվում աշխարհը:
-Ունե՞նք երիտասարդ կադրեր, որոնք ճաշակ են թելադրում թատրոնում: Նրանց ի՞նչ է պակասում` ավելի վստահ քայլեր անելու համար:
-Հայ թատրոնում ինձ համար բարձունքում է Վահան Բադալյանը, որը բացառիկ ճաշակի եւ մտածողության տեր ռեժիսոր է: Այսօր երիտասարդները շատ ավելի անվախ ու վստահ են դարձել, չեն վախենում էքսպերիմենտներից, եւ դա հիանալի է: Բայց այն համոզման եմ, որ նրանց պետք չէ բուհերում առկա հնացած կրթական համակարգը…
-Իսկ Դուք մասնագիտական ի՞նչ նպատակներ ունեք: Այժմ այդ առումով Ձեզ համար ի՞նչն է առաջնայինը:
-Ինձ համար առաջնայինը կյանքն է, ապրելու հաճույքը զգալն ու ոչ մի պահ բաց չթողնելը. սա է էականը: Իսկ աշխատանքս կյանքիս մի մասն է, որին նվիրված եմ ողջ եռանդով:
-Հայ կինոյի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում:
-Լավ կինոյի պակաս շատ եմ զգում, ինչի արդյունքում իմ ստեղծագործական կյանքում երկար դադարներ են լինում. կցանկանայի` դրանք չքվեին: Այսօր կան մարդիկ, որոնք պայքարում են հայ կինոյի ապագայի համար: Կարծում եմ, որ դեռ կգա ժամանակ, երբ հայաստանյան նախագծերով դրսում հպարտանալու առիթներ կունենանք, այլ ոչ թե արտերկրի որեւէ նախագծի ընդամենը մի մասը կկազմենք: Վստահ եմ, որ մոտ ապագայում խնդիրները, որոնց մասին խոսեցինք, լուծում կստանան:

 

 

 
ՁԱԽ ՀԱՐՈՒԹԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ ՏՈՄՍԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԿԼԻՆԵ՞Ն

2017-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում սպասվում է երգիչ Հարութ Փամբուկչյանի, նույն ինքը` Ձախ Հարութի մենահամերգը: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգչի հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը` առայժմ հրաժարվելով հստակ ամսաթիվ նշելուց:

«Հարութ Փամբուկչյանի վերջին մեծ մենահամերգը տեղի է ունեցել 2012-ին կրկին համալիրում, բայց, կարելի է ասել, այն ժողովրդին հասանելի չի եղել, քանի որ հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, եւ հենց կազմակերպիչներն էլ բաժանել էին հրավիրատոմսերը. այսինքն` տոմս չէր վաճառվել: Դրանից առաջ` 2008-ին էլ էր Հարութը համերգով հանդես եկել համալիրում. կազմակերպիչները համալիրի սեփականատերերն էին, բայց, կարծում եմ, անշուք մի բան էր ստացվել: Մենք փորձելու ենք իրականացնել բաց, աչք շոյող համերգ, այժմ տարվում են կազմակերպչական աշխատանքներ»,-մեկնաբանեց Խ. Եղոյանը:
Վերջինս նկատեց, որ Ձախ Հարութի ամեն այցը Հայաստան մի իրադարձության է վերածվում նրա երկրպագուների համար. դա խոսում է այն մասին, որ ժամանակն է նրանց հետ մեծ հանդիպում կազմակերպելու. «Սա լինելու է Հարութի կենսագրական հաշվետու համերգը»,-նշեց պրոդյուսերը:
Նրա մտահղացմամբ, ամենայն հավանականությամբ, մենահամերգի խորագիրը կկրի Ձախ Հարութի երգերից մեկի անունը` «My life». «Քննարկվում էր նաեւ «Հարութ եւ ընկերներ» տարբերակը, բայց, կարծում եմ, մեր վերջնական ընտրությունը կանգ կառնի հենց «My life»-ի վրա»,-ասաց Խ. Եղոյանը:
Հարցին, թե արդյոք մենահամերգի տոմսերի գները մատչելի կլինեն, պրոդյուսերը պատասխանեց` այո. «Տոմսերի մինիմալ արժեքը կկազմի շուրջ 3000 դրամ, մաքսիմալը` 20 հազար եւ ավել: Արտերկրի արտիստները գալիս են մեզ մոտ, համերգներ են տալիս, որոնց տոմսերի մինիմալ արժեքը սկսվում է 20 հազարից: Կարծում եմ, որ հայ հանրությունը Հարութի տոմսերն ավելի հաճույքով կգնի»,- նկատեց Խ. Եղոյանը:
Նրա խոսքով` մենահամերգի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները Հայաստանում հնարավոր է ապահովել. «Ինչ-որ զարմանահրաշ շոու չի լինելու, այդ առումով սարեր շուռ չենք տալու: Հարութի դեպքում կարեւորն այն է, որ նա երկու ժամ անընդմեջ հանդես է գալու կենդանի հնչողությամբ»,-շեշտեց պրոդյուսերը:
Մենք հետաքրքրվեցինք` մենահամերգին հատուկ հյուրեր կլինե՞ն, մասնավորապես այն արտիստները, որոնք դուետով հանդես են եկել Ձախ Հարութի հետ. «Մենք ում հնարավոր է կհրավիրենք, բայց դրա վրա չենք ֆիքսվում: Այնպիսի տպավորություն թող չլինի, որ ժողովուրդը, օրինակ, Արմենչիկի կամ Սիրուշոյի համար է գնալու համերգին: Հարութը վայելում է ժողովրդի սերը, եւ երկրպագուները, այսպես թե այնպես, կգան նրա հետ հանդիպման»,-պատասխանեց Խ. Եղոյանը՝ հավելելով, որ մենահամերգի ընթացքում լինելու են նոր երգերի պրեմիերաներ, սպասվում են նաեւ այլ անակնկալներ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՔՈԵՆԸ
Վախճանվել է կանադացի երգիչ, բանաստեղծ եւ գրող Լեոնարդ Քոենը: Այս մասին հաղորդվում է նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում. «Մենք կորցրինք ամենահարգելի եւ ամենաարգասավոր մտածողներից մեկին»,¬ասված է հաղորդագրության մեջ: Քոենի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում:
Նշենք, որ երգիչը 82 տարեկան էր: Մահվանից շուրջ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, նա թողարկել էր իր` թվով 14¬րդ ալբոմը, որը կոչվում է «You Want It Darker»:
Նշենք, որ բացի բազմաթիվ երգերից, Քոենը գրել է նաեւ երկու վեպ եւ հեղինակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածու: 2002 թվականին նա արժանացել է «Կանադայի շքանշանի ասպետ» պարգեւին:
CBC-ի փոխանցմամբ` ցավալի լուրն իմանալուց հետո մի շարք երկրպագուներ հավաքվել են Մոնրեալի նրա տան մոտ` իրենց հետ տանելով ծաղիկներ ու մոմեր եւ երգելով Քոենի երգերը:
 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Հայտնի բրիտանացի ռոք երաժիշտ Դեւիդ Բոուիի հավաքածուից ընտրված արվեստի իրերի աճուրդի առաջին օրը բերել է ռեկորդային՝ 24,3 մլն ֆունտ ստեռլինգ: Այս մասին տեղեկացնում է Sotheby`s աճուրդների տունը: Աճուրդի առաջին օրը ցուցադրվել է հավաքածուի փոքր մասը` շուրջ 50 աշխատանք, որից 35-ը ներկայացնում են ժամանակակից բրիտանական արվեստը: Ներկայացված նմուշներից Ժան Միշել Բասկիի կտավը վաճառվել է ռեկորդային 7,1 մլն ֆունտ ստեռլինգով: Վաճառվել են նաեւ Ֆրանկ Աուերբախի, Հենրի Մուրի, Դեմիեն Հերսթի եւ այլ ժամանակակից նկարիչների գործեր:
Հիշեցնենք, որ Բոուին մահացել է 2016 թ. հունվարի 10-ին, ռոք աստղը մոտ 2 տարի պայքարել է քաղցկեղի դեմ:
 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Մոդել Բելլա Հադիդն ու երաժիշտ The Weekend-ը բաժանվել են: People-ի փոխանցմամբ` նրանք արդեն երկրորդ անգամ են վերջ տալիս իրենց հարաբերություններին. նախորդ տարի զույգը բաժանվել էր, ապա` կրկին միացել: Լրատվամիջոցի աղբյուրը հայտնում է, որ աստղերը հարգում են միմյանց եւ որոշել են մնալ ընկերներ:
Ի դեպ, մոդելը պատրաստվում է Փարիզում կայանալիք «Victoria՚s Secret»-ի շոուին, իսկ երաժիշտը ձայնագրում է իր նոր ալբոմը:




Լրահոս