Վահան Մարտիրոսյանը կարևորել է «Մայքրոսոֆթ»-ի տեխնոլոգիական նոր լուծումների մշակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 23-ին ընդունեց «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր տնօրեն Կոնստանտին Նազարովին և «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի տնօրեն Լիանա Կորկոտյանին։

Նախարարը ողջունեց հյուրերին և հույս հայտնեց, որ «Մայքրոսոֆթ»-ի տասնամյա ներկայությունը Հայաստանում շարունակական կլինի։

Վահան Մարտիրոսյանը բարձր գնահատեց ընկերության հայաստանյան գրասենյակի դերը ՏՏ ոլորտի զարգացման գործում: Նա նշեց, որ ուրախ կլիներ առաջիկայում Հայաստանում տեսնել «Մայքրոսոֆթ»-ի պաշտոնական ներկայացուցչությունը, որը կզբաղվեր ինչպես հետազոտական աշխատանքներով, այնպես էլ տեխնոլոգիական նոր լուծումների մշակմամբ` հայ մասնագետների մասնակցությամբ։

«Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր տնօրենը, խոսելով ընկերության որդեգրած քաղաքականության ընդհանուր միտումների մասին, հայտնեց, որ «Մայքրոսոֆթ»-ը աստիճանաբար արդյունքներ ստեղծողից վերափոխվում է ընկերության, որը տեխնոլոգիաների միջոցով լուծում է յուրաքանչյուր ոլորտի վերաբերող խնդիր ։

Կոնստանտին Նազարովն ասաց, որ «Մայքրոսոֆթ»-ն այժմ աշխատում է ամպային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, և այս ոլորտում ևս հայկական ՏՏ ընկերությունների հետ հնարավոր է համագործակցություն։

Կողմերը քննարկեցին նաև մտավոր սեփականության պաշտպանությանն ու կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս