Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվում է «Իմ Արցախը» խորագրի ներքո:
Նշենք, որ համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
Արդեն բազմաթիվ մարդիկ հասցրել են իրենց նվիրատվությունը կատարել:
Նրանց թվում է «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով 1 մլն դոլար նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Ֆլեշ» ընկերության հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանը 100 հազար դոլար, իսկ «Գրանդ հոլդինգ» ընկերությունը 130 մլն դրամ հանգանակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Հեռուստամարաթոնի ընթացքում ելույթ ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա նշեց, որ համայն հայության բարեգործության շնորհիվ Արցախում ապրող երեխաները հնարավորություն կունենան ապրել խաղաղ երկնքի տակ:
«Համոզված եմ, որ մեր ավանդը կբերենք հայրենիքի անկախության, անվտանգության և բարեկեցության գործին, որպեսզի հայկական երկու հանրապետություններում տիրի խաղաղություն»,- ասաց նա:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էլ նշեց.«Վստահեցնում եմ, որ այսօր մարտական խնդիրն իրականացնողը անկախության սերունդն է, և մեր բանակն ավելի քան վստահելի ձեռքերում է։ Սակայն մենք դեռ բավական աշխատանքներ ունենք կատարելու և մեր հայրենակիցներից է կախված, թե դրամահավաքի արդյունքում որ հարցերը կկարողանանք լուծել»։