Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարից նեղսրտող ՀՀ քաղաքական որոշ ուժեր այժմ պետք է ընդունեն, որ ԵՄ-ն չի ցանկանում այսպիսի Թուրքիայի անդամակցությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանը, չնայած ղեկավարության՝ նախօրեին հնչեցրած կոչերին, այնուամենայնիվ, ընդունեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու վերաբերյալ պարտադիր ուժ չունեցող բանաձեւը:

Մինչ այդ պաշտոնական Անկարայի հետ բանակցությունների սառեցման օգտին արդեն իսկ բավականին սուր ելույթներով արտահայտվել էին Եվրախորհրդարանում ներկայացված բոլոր առաջատար քաղաքական ուժերը՝ ընդգծելով որ Թուրքիայում տարվող ավտորիտար քաղաքականությունը այլեւս տեղ չի թողնում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների շարունակության համար, եւ մատնանշել էին Թուրքիայում հետզհետե խորացող ռեպրեսիաները, քաղաքական գործիչների, լրագրողների, դատավորների եւ ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները: Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նշել էր, որ Եվրախորհրդարանի այս որոշումն իրենց համար որեւէ արժեք չունի: Իսկ Եվրամիության հարցերով նախարար ու գլխավոր բանագնաց Օմեր Չելիքն ասել էր. «Գոյություն ունեն ուժեր, որոնք փորձում են այդ որոշմամբ որոշակի ուղերձ հղել Անկարային։ Սակայն նրանք պետք է իմանան, որ Անկարան անտեսում է այդ ուղերձը»։

Ու թեեւ ընդունված բանաձեւը իրավական ուժ չունի, այնուհանդերձ, այն Թուրքիային էլ ավելի է հեռացնում Եվրամիությունից, եւ որպես դրա հետեւանք՝ մղում Ռուսաստանի հետ առավել սերտ հարաբերությունների: Եվ այս առումով հատկանշական էր, որ Թուրքիայի վարչապետ Բ. Յըլդրըմը շտապեց դատապարտել Եվրախորհրդարանի՝ դրանից մեկ օր առաջ ընդունած բանաձեւը՝ ռուսական քարոզչությանը հակազդելու մասին:

Եթե Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարից նեղսրտող ՀՀ քաղաքական որոշ ուժեր ժամանակին պնդում էին, թե Հայաստանը չպետք է ձգտի ԵՄ, եթե վերջինս պատրաստ է Թուրքիայի նման երկրին ընդունել իր կազմ, ապա այժմ այդ ուժերը պետք է ընդունեն, որ ԵՄ-ն, այնուհանդերձ, չի ցանկանում այսպիսի Թուրքիայի անդամակցությունը՝ անգամ խոշոր աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի դիմաց՝ չանտեսելով արժեհամակարգային խնդիրները : Բայց արդյոք սա լավ նորություն է Հայաստանի համար: Պատասխանն առավել քան ակնկհայտ է. ճիշտ հակառակը: Արեւմուտքի կողմից առավել անվերահսկելի եւ անկանխատեսելի Թուրքիան, որը մի կողմից սերտացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից՝ լուրջ խնդիրներ ունի նրա հետ՝ սիրիական հարցում, Հայաստանի համար դառնում է էլ ավելի վտանգավոր հարեւան:

Այսպիսով՝ Թուրքիան, կարելի է ասել, դառնում է առավել անվերահսկելի աշխարհաքաղաքական երկու բեւեռների համար էլ՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով, այդ թվում եւ՝ իր «կրտսեր եղբայր» Ադրբեջանին ցուցաբերվելիք ռազմաքաղաքական աջակցության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նոր պատերազմի հրահրման հարցում:




Լրահոս