ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ «ՄԻԿԱ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-Ն ԷԼ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը սննկացել է: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Երեւանի քաղաքապետարանը:

Տարիներ առաջ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր եւ ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Այժմ, սակայն, Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկանում են: Հիշեցնենք, որ Բաղդասարովին էին պատկանում նաեւ «Արմավիա» եւ «Միկա Լիմիթեդ» ընկերությունները: Դեռեւս 2014 թվականին «Միկա Լիմիթեդ» ընկերությունը դիմել էր դատարան՝ «Արմավիա» ավիաընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Եվ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին դատարանի վճռով ընկերությունը սնանկ ճանաչվեց: Նշենք, որ «Արմավիա»-ի պարտատերերի ցուցակում են 122 քաղաքացիներ եւ 27 ընկերություններ: Ընկերության միայն դոլարային պարտքը կազմում է մոտ 90 միլիոն:
Իսկ, ահա, Բաղդասարովին պատկանող մյուս՝ «Միկա Քորփորեյշն» ընկերութունը, որը հայտնի էր բենզինի եւ դիզվառելիքի շուկայում, սնանկ է ճանաչվել՝ հողի հարկերը չվճարելու պատճառով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հոկտեմբերի 31-ի վճռով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Իսկ դատարանի՝ նոյեմբերի 4-ի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահագն Ավագյանը: Ի դեպ, պարտատերերն իրենց պահանջները հնարավորություն ունեն ներկայացնելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում: Իսկ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի հունվարի 20-ին:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Միկա Քորփորեյշն» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Երեւանի քաղաքապետարանը: «Ժողովուրդի» հետ զրույցում քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը հայտնեց, որ «Միկա Քորֆորեյշն» ընկերությունը քաղաքապետարանին պարտք է հողի հարկի գծով: «Այդ ընկերությունը քաղաքապետարանին պարտք է 1.2 մլն դրամի չափով: Մենք ներկայացրել ենք հայցադիմում, որը վարույթ է ընդունվել: Այս պահին մենք տեղյակ չենք, որ վճիռ է կայացվել»,- նշեց Մուրադյանը:
«Միկա Քորփորեյշնի» աշխատակիցներից տեղեկացանք, որ ընկերությունը 2014 թվականից չի գործում: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր բոլոր ակտիվներից, այդ թվում՝ նավթային բիզնեսից հրաժարվելու մասին: Այդ ընթացքում հայտարարվեց, որ «Ռոսնեֆտը» գնել է Բաղդասարովի նավթային ակտիվները: Ավելի ուշ պարզվեց, որ «Ռոսնեֆտը» ձեռք է բերել ոչ միայն լցակայաններն ու նավթի բազաները, այլեւ գրասենյակային տարածքները: Այդպիսով՝ «Արմավիա»-ի սնանկանալով ավիացիայից դուրս գալուց հետո «Միկա Քորփորեյշն»-ի սնանկացմամբ Բաղդասարովը դուրս եկավ նաեւ Հայաստանի նավթային շուկայից:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Միկա Քորփորեյշն»-ի հետ: Ընկերության անվան տակ գործող հեռախոսահամարներին պատասխանող քաղաքացիները ներկայացան որպես «Միկա Քորփորեյշն»-ի աշխատակիցներ: Սակայն ընկերության սնանկ ճանաչվելու մասին տեղեկությունը լսելուց հետո աշխատակիցները շատ զարմացան՝ նշելով, որ այդ մասին տեղեկանում են «Ժողովուրդ»-ից: «Ես տեղյակ չեմ եւ իրավասու չեմ նման հարցերի շուրջ զրուցել Ձեզ հետ»,- ասաց ընկերության աշխատակից Կարեն Սարգսյանը:
Իսկ ընկերության սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանը, անդրադառնալով ընկերության սնանկ ճանաչվելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց՝ գործը նոր է հայտնվել իր ձեռքի տակ, եւ այդ պատճառով չի կարող մանրամասներ ներկայացնել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԵՐԵՎԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻ՞Ս
Այս օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում գրիպը շատ տարածված է: Այն, կարելի է ասել, գրեթե համաճարակ է դարձել: Նոյեմբերի 24-ին Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցում գրիպի պատճառով դասերից բացակայել է 235 աշակերտ: Այդ կրթական օջախի աշակերտներից մեկը «Ժողովրդին» ասաց, որ նոյեմբերի 24-ին իրենց դասարանի 28 աշակերտներից դպրոց է հաճախել ընդամենը 3 երեխա, աշակերտի խոսքերով՝ դպրոցը պետք է փակել, սակայն «Երեւանը չի թողնում»: Խոսեցինք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի հետ: Նա ասաց, որ տեղյակ է իրավիճակին, Տավուշի մարզում նման կացություն առկա է միայն Նոյեմբերյան քաղաքում, հատկապես քաղաքի հիմնական դպրոցում: Կ. Նազարյանը հայտնեց, որ գրպի հետ կապված իրադրության մասին տեղյակ է պահել կրթության եւ գիտության նախարարությանը: Տավուշի մարզպետարանի վարչության պետը նաեւ նշեց, որ Նոյեմբերյանի հիմնական դպրոցի ոչ մեծ տարածքում մեծ թվով աշակերտներ են սովորում, ինչը նպաստում է սովորական գրիպի վիրուսի տարածմանը: Կ. Նազարյանի խոսքերով՝ Նոյեմբերյանի հիմնական դպրոցի կողքին գտնվող քաղաքի ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում նոյեմբերի 24-ին դասերից բացակայել է 2-3 աշակերտ: Նա տեղեկացրեց, որ հարկ եղած դեպքում Նոյեմբերյանի հիմնական դպրոցում ուսումնական պարապմունքերը կդադարեցվեն:

 

 

ԴԵԲԵԴՆ ԱՂՏՈՏՈՂՆԵՐԸ
Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում գործող, պղնձի արդյունահանմամբ զբաղվող ձեռնարկություններից պարբերաբար արտադրական թափոններ, հոսքաջրեր են հոսում Դեբեդ: Գետն աղտոտվում է ծանր մետաղներով: Մինչդեռ Դեբեդի ջրերով են ոռոգվում Նոյեմբերյանի տարածաշրջանի պտղատու այգիները: Դեբեդի հովտի դեղձի այգիների մի մասը տնկվել է պետության կողմից վերցված վարկային միջոցներով՝ ԻՖԱԴ ծրագրով, մի մասն էլ՝ այգիների սեփականատերերի կողմից: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գեւորգյանը վաղուց է հետամուտ, որ Դեբեդ գետը ծանր մետաղներով կեղտոտող հանքարդյունահանող եւ վերամշակող ձեռնարկությունները՝ Ալավերդիում եւ Թեղուտում պղինձ արդյունահանող ընկերությունը, Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկան, դրամական փոխհատուցում տան Տավուշի մարզի Դեբեդի հովտի համայնքներին: Ս. Գեւորգյանից տեղեկացանք, որ 2016թ. այդ ընկերությունները գետի աղտոտման համար Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 10 համայնքներին հատկացրել են 7 միլիոն դրամ: Ս. Գեւորգյանն ասաց, որ այդ գումարի հատկացումը հնարավոր եղավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ջանքերի շնորհիվ: Նոյեմբերյանի տարածաշրջանի մոտ 1000 հեկտար դեղձի այգիները սնուցող Դեբեդի ջրերի աղտոտման համար 10 համայնքներին հատկացված 7 միլիոն դրամը մեծ գումար չէ: Սակայն եթե նկատի ունենանք, որ տարիներ շարունակ Դեբեդը ծանր մետաղներով աղտոտող ընկերությունները դրա համար ոչ մի լումա չեն փոխհատուցել, առաջընթացը նկատելի է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՊՐԻԼՅԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության Ժնեւի գրասենյակի տնօրեն Ջոն Ֆիշերի հետ եւ ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ապրիլյան բռնությունները:
Հաշվի առնելով Human Rights Watch-ի հատուկ ուշադրությունը պատերազմական իրավիճակներում խաղաղ բնակչության նկատմամբ ուժի եւ հատուկ զինատեսակների կիրառման դեպքերին՝ Արման Թաթոյանը պարոն Ֆիշերի ուշադրությունը հրավիրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կիրառած բռնությունների, բնակավայրերի ռմբակոծության, գլխատումների, ինչպես նաեւ այդ կապակցությամբ ադրբեջանական մամուլում եւ պետական մակարդակով հայատյացության քարոզի վրա:
Առանձնապես կարեւորվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը փաստահավաք աշխատանքների իրականացման հարցում եւ նրա զեկույցների նշանակությունը: Ջ. Ֆիշերին են փոխանցվել այդ աշխատանքների արդյունքները՝ համապատասխան փաստերի ապացույցներով:

 

30 ՄԼՆ ԴՈԼԱՐ՝ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՑ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ հայտնել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկից եւս 30 մլն դոլար կստանա՝ ենթակառուցվածքներն ամրապնդելու համար: Ենթակառուցվածքների կայունության ապահովման ծրագրի 2-րդ փուլի ծավալը նախապես ենթադրվում էր 90 մլն դոլարի չափով:
Նշենք, որ ծրագիրը դեռեւս հաստատված չէ: Դրա ենթադրվող ուղղություններն են էներգետիկ հատվածի եւ քաղաքային ճանապարհների ցանցի զարգացումը:




Լրահոս