Երեխան քնել ու սառե՞լ է. արդեն 20 օր է` 15-ամյա տղային չեն կարողանում գտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 20 օր շարունակ Լոռու մարզի ոստիկանները եւ ուժային այլ կառույցների աշխատակիցները փնտրում են անհետ կորած 15-ամյա տղային: Հիշեցնենք, որ երեխան Լոռու մարզի Ագարակ գյուղից է: Այս տարի ոստիկանների ու համայնքապետարանի միջոցով տեղափոխվել էր Երեւանի հատուկ դպրոց, որտեղից էլ աշնանային արձակուրդներին եկել էր գյուղ ու անհետացել: Ագարակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ երեխան կարծես հօդս ցնդած լինի, քանի որ բոլոր հնարավոր վայրերում արդեն իսկ փնտրել են:

Առաջիկա օրերին հավանաբար քրգործ կհարուցվի՝ սպանության հատկանիշներով: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երկու վարկած է շրջանառվում՝ մեկը, որ երեխային ինչ-որ մեկը տարել, պահում է ինչ-որ նպատակով, մյուս վարկածով՝ երեխան ինչ-որ տեղ քնել ու սառել է: Ավելի վաղ Ագարակի ղեկավար Ռուբեն Բարխուդարյանը «ժողովուրդին» հայտնել էր, որ 15-ամյա տղան գրեթե միշտ աչքի է ընկել վատ վարքով ու չենթարկվող տեսակով: Մինչ նշված դեպքն էլ պարբերաբար օրերով փախել է տանից: Նա բնակվում էր մոր, խորթ հոր ու մանկահասակ երկու քույրերի հետ: Գյուղապետի խոսքով՝ տղայի մյուս՝ ավագ քույրը, գտնվում է կալանավայրում: Ագարակի բնակիչներից մեզ հայտնեցին, որ տղայի՝ կալանավայրում գտնվող քույրը ազատազրկման է դատապարտվել գողության համար:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս